– Բարեւ ձեզ, կարո՞ղ եք այս վիկինգով հուշանվերը փաթեթավորել:
– Իհարկե կարող ենք, այ մոռացկոտ տղա,- պատասխանեց հուշանվերների խանութի ալեհերը վաճառողը՝ ժպտալով:
– Ներեցե՞ք…
– Ես քեզ հիշեցի, իսկ դու ինձ՝ ո՞չ: Դու չէի՞ր այն հայ երիտասարդը, որ մի
քանի տարի առաջ դրամապանակդ մոռացել էիր այստեղ, հետո՝ հաջորդ օրը եկար,
վերադարձրեցի, խոստացար, որ հաջորդ անգամ կոնյակ կնվիրես:
– Գրողը տանի, մի՞թե դուք ինձ հիշում եք:
– Ինչպես կարող եմ մոռանալ կոնյակի մասին խոստումդ: Հա, ի դեպ,
համոզվեցի՞ր, որ կամրջի վրայից մանրադրամը նետելը վերադարձնում է քեզ
նույն քաղաք: Եկար, ուրեմն: Բարի գալուստ Ստոկհոլմ:
Երբ առաջին անգամ, երեք տարի առաջ այցելեցի Շվեդիա, մտածեցի, թե այսպիսի
դրախտը երկրի վրա երկար չի ձգի: Այս տարի համոզվեցի՝ ամեն ինչ նույնն է՝
հաճելիորեն նույնը, հատկապես՝ մայրաքաղաքի կենտրոնը, որը «չի փոխվում օր
օրի»: Ճիշտ հակառակը. պահպանվում է խնամքով: Շվեդական փոքրիկ ու ոչնչով
աչքի չընկնող Օրե քաղաքում անգամ բնակիչներն իրենց տան պատուհաններն այլ
գույնով ներկելու համար պետք է ստանան քաղաքապետարանի թույլտվությունը: Էլ
չեմ ասում՝ նոր շենք կառուցեն կամ անգամ փողոց: Էլ չեմ խոսում մայրաքաղաքի
մասին:
Այս երկրի հաջողության բանաձեւը, երկարակեցության եւ բարեկեցության
գաղտնիքը, իրենք՝ շվեդները, չեն էլ թաքցնում. դա դարեդար չփոխվող ազգային
գաղափարախոսության մեջ է: Այն խտացած է երկու բառի մեջ՝ «Ժողովրդի տուն»:
Իշխանությունը 300 տարի առաջ առաջարկեց իր ժողովրդին կառուցել տուն՝
հարմարավետ, մաքուր եւ ապահով: Այդ օրվանից սկսած ամեն ինչ՝
բնապահպանությունից մինչեւ մատաղ սերնդի սեռական դաստիարակություն, մարդու
իրավունքների պաշտպանությունից մինչեւ մշակութային քաղաքականություն,
կառուցեցին մեկ ընդհանուր տրամաբանության մեջ:
Շվեդիայում քրեական հանցագործություն է, օրինակ, ծառ կտրելը: Անտառն այդ
երկրի ազգային հարստությունն է, որը չնայած շատ-շատ է, անգամ շվեդներից էլ
շատ, բայց միեւնույն է՝ խնամքով են վերաբերվում, որովհետեւ անտառը պետք է
«տան» հետագա սերունդներին:
Շվեդները համեստությունը, տարիների ընթացքում, անհատի բնավորությունից
վերածել են ազգային վարքի: Հարուստ լինելը եւ այն ցույց տալը վատ
դաստիարակության նշան է, ու այն էլ մի երկրում, որտեղ արքայական տոհմն
ամբողջ երկրով մեկ ունի ամառանոցներ: Նախարարները սովորաբար վարում են
մեքենա կամ երթեւեկում են հասարակական տրանսպորտով: Ծառայողական
մեքենաները հյուրերի համար են: Վերջերս նախարարներից մեկը նույն օդանավով
գործուղման մեկնելիս վերցրել էր կնոջն ու դստերը: Մամուլում տեղ գտած
աղմուկից հետո ներողություն խնդրեց եւ վերադարձրեց օդանավով փոխադրման
գումարը:
Շվեդների համար ընտանիքն ազգային արժեք է եւ սոցիալական քաղաքականություն:
13 տարեկանից սեռական կյանքով ապրող եւ 17-ում արդեն առանձին վարձակալած
բնակարանում բնակվող ուսանողը ստիպված, բարձր վարձի պատճառով, այն կիսում
է որեւէ մեկի հետ: Սովորաբար, դա լինում է նրա սիրած էակը: Արդյունքում,
համալսարանն ավարտելուց հետո, երիտասարդ շվեդները ստանում են ոչ միայն
մասնագիտություն, այլեւ համատեղ տնտեսություն վարելու եւ «ընտանիքի պես»
ապրելու փորձ: Հաճախ է պատահում, որ նույն մարդու հետ էլ, մի քանի տարի
քաղաքացիական կյանքով ապրելուց հետո, օրինականացնում են
հարաբերությունները:
Դրա հետ մեկտեղ՝ շվեդներն ուշադիր են սեքսուալիզմի դրսեւորումների դեմ:
Ստոկհոլմի քաղաքապետարանն օրերս արգելեց մի փողոցային վահանակի գովազդ,
որտեղ պատկերված էին կիսամերկ երիտասարդ պատանին ու օրիորդը: Սեքսի
քարոզչությունը հասցված է նվազագույնի: Ի դեպ, «շվեդական ընտանիքի» մասին
աշխարհում շրջանառվող թյուր պատկերացումները իրենք՝ շվեդները, համարում են
սեւ PR:
Այս երկիրն առաջադեմ հասարակություն կառուցելու ճանապարհին անընդհատ
վերանայում է կրթական համակարգը: Այժմ նրանք նորից քննարկում են
բազմապրոֆիլ, «խորհրդային» դպրոցական կրթակարգին անցնելու հեռանկարը,
որովհետեւ կարծում են, որ 21-րդի պես տեղեկատվական դարում միջին
վիճակագրական շվեդը պետք է տեղյակ լինի ամեն ինչից եւ բոլոր
գիտություններից ունենա նվազագույն գիտելիքներ: Արդեն այսօր միջին
վիճակագրական շվեդը տիրապետում է 4 օտար լեզվի: Դրանցից երեքը պարտադիր է
միջնակարգ դպրոցում: Բացի այդ, հեռուստատեսությամբ եւ կինոթատրոններում
ֆիլմերը ցուցադրվում են բնագրի լեզվով՝ շվեդերեն լուսագրերի
ուղեկցությամբ:
Քանի որ շվեդները 300 տարուց ավելի ապրել են խաղաղ, հասցրել են մտածել
ամեն ինչի մասին: Բառացիորեն հասկացեք. դա մի երկիր է, որտեղ ամեն ինչ
մտածված է՝ հարկային քաղաքականությունից մինչեւ ջրային ռեսուրսների
օգտագործում: Երբ օդանավից դուրս ես գալիս, գրված է՝ աջ՝ տաքսիներն են,
ձախ՝ ավտոբուսները, ուղիղ՝ գնացքը: Բացի այդ, կա տեղեկատվական գրասենյակ,
որը ձեզ համար տեղում եւ անվճար կտպի, թե ձեր կանգնած վայրից մինչեւ ձեր
հյուրանոց որ փողոցով կարող եք գնալ եւ որ տրանսպորտի ձեւն է
ամենահարմարավետը: Հավանաբար նկատած էլ կլինեք, երբ օտարերկրացի
զբոսաշրջիկները Հայաստանում են, ապա միշտ ունենում են մի տեսակ մոլորված
հայացք: Դա նրանից է, որ ցուցանակներն են փնտրում…
Երբ Հայաստանում, անգամ՝ Սահմանադրությամբ հռչակում են ազգային պետություն
կամ ասում են՝ «…հավասարակշռված, կոմպլեմենտար, կամ հե՛նց արտաքին
քաղաքականություն», Շվեդիայի հետ ծանոթանալուց հետո, ուղղակի ծիծաղդ է
գալիս: Զվարճալի է թվում ոչ այնքան այն, թե որքան լուրջ ենք վերաբերվում
մեր իսկ արտասանած բառերին, այլ՝ որքան հեռու ենք այդ բառերի եւ
իրականության միջեւ եղած հսկայական տարբերությունը հասկանալուց:
Այ, իսկական արտաքին, ազգային քաղաքականություն վարում է Շվեդիան, որի
ճկունությունը որոշակի իմաստով հենց կոմպլեմենտարությունն է: Շվեդիան ԵՄ
անդամ է, բայց եվրագոտում չէ այն պարզ պատճառով, որ ունի հզոր
տնտեսություն եւ մտավախություն, որ մտնելով եվրոյի գոտի՝ կարող է տուժել:
Շվեդիան առաջին ՆԱՏՕ-ական խաղաղապահներ մատակարարող երկիրն է, բայց մինչեւ
այժմ ՆԱՏՕ-ի անդամ չէ: Որովհետեւ դա ռազմաքաղաքական առումով նպատակահարմար
չէ: Այսինքն, շվեդների մոտ կոմպլեմենտարությունն իրենց ազգային շահերից
բխող արտաքին քաղաքականությունն է ու, քանի որ իրենք են որոշում իրենց
«բացերը», ապա դրանք լրացնում են հարաբերությունների մեկ այլ ձեւով…
– Երբ ես ծնվեցի, ծնողներս արդեն կուտակել էին քոլեջիս ուսման վճարը, այժմ
ավարտում եմ համալսարանը, գենդերային քաղաքականությունն եմ
ուսումնասիրում,- Ստոկհոլմի սրճարաններից մեկում պատմում է 22-ամյա
Ինգրիդը, որը գիտի, թե բուհն ավարտելուց հետո որտեղ է աշխատելու, եւ ինչ է
իրեն սպասում առաջիկա 5 տարիներին։ -Կսկսեմ աշխատել, կճանապարհորդեմ մի
քանի տարի, այդ ընթացքում հավանաբար կսիրահարվեմ ու, եթե շատ չզլանամ, ապա
30 տարեկանում կունենամ ամուսին, մեկ առողջ երեխա եւ աշխատանք… Իսկ դու՞:
– Իմ ու քո տարբերությունը գիտե՞ս որն է, դու ունես ուղի, ես՝ ճակատագիր:
Դու պետք է անցնես այդ ուղիով, ես այն կառուցեմ… Ինչպես եւ՝ երկիրը…