Համաձայնագիր է ստորագրվել

07/03/2009

Իտալիայի ԱԳ նախարարության պետքարտուղար Ալֆրեդո Մոնտիկայի գլխավորած պատվիրակությանը երեկ ընդունել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Ա. Մոնտիկայի խոսքով` Իտալիան հետաքրքրված է ՀՀ-ի հետ բարեկամական հարաբերությունների զարգացմամբ: Նա նաեւ շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահին` անցած տարվա օգոստոսին վրաց-օսական ճգնաժամի շրջանում Իտալիայի քաղաքացիների նկատմամբ ցուցաբերած աջակցության համար: Ա. Մոնտիկային ընդունել են նաեւ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Վարչապետի հետ հանդիպման ժամանակ կողմերն ընդգծել են, որ չնայած իտալական մի շարք ընկերությունների Հայաստանում ծավալած գործունեությանը, տնտեսական հարաբերությունների ներկայիս մակարդակը դեռեւս հեռու է բավարար լինելուց եւ չի համապատասխանում երկու երկրների ունեցած ներուժին։ Իսկ ՀՀ ԱԺ նախագահ Հ.Աբրահամյանը կարեւորել է միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը եւ նշել, որ խորհրդարանների միջեւ կապերը զարգացման մեծ ներուժ ունեն: Հ. Աբրահամյանը վերահաստատել է Իտալիայի խորհրդարանի երկու պալատների` Սենատի եւ Կամերայի նախագահներին պաշտոնական այցով ՀՀ այցելելու իր հրավերը: Առաջիկայում Իտալիայի խորհրդարանում կստեղծվի Իտալիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խումբ: Երեկ ՀՀ կառավարությանն առընթեր Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը եւ Իտալիայի փոխարտգործնախարար Ալֆրեդ Մոնտիկան ստորագրել են «ՀՀ կառավարության եւ Իտալիայի կառավարության միջեւ մաքսային գործերում համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին» համաձայնագիրը: Ըստ այդմ` նախատեսվում է 2 երկրների մաքսային ծառայությունների միջեւ հարցման հիման վրա կամ սեփական նախաձեռնությամբ փոխանակել անհրաժեշտ տեղեկատվություն, համատեղ պայքարել իրավախախտումների դեմ, հետեւողական աշխատանքներ տանել մաքսանենգության եւ մաքսային կանոնների խախտման դեպքերի հետաքննության, ինչպես նաեւ թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի, զենք-զինամթերքի, պայթուցիկ, ռադիոակտիվ նյութերի ապօրինի շրջանառությունը կանխելու համար: Կողմերը կհամագործակցեն նաեւ փոխադրումների եւ փոստային առաքումների մաքսային հսկողությունը պարզեցնելու, այդ հսկողության մեթոդներն ու ուղիները բարելավելու, ինչպես նաեւ բեռների, տրանսպորտային միջոցների, փոստային առաքումների, մշակութային արժեքների ապօրինի ներմուծումը, արտահանումն ու տարանցումը երկու երկրների տարածքներով կանխելու ուղղությամբ: Ա.Մոնտիկան կարեւորելով համագործակցությունը` նշել է. «Մենք կարող ենք ՀՀ-ին օգնել` համապատասխանելու եվրոպական չափանիշներին»: 2008թ. ՀՀ եւ Իտալիայի միջեւ առեւտրարաշրջանառությունը կազմել է 200 մլն եվրո: ՀՀ-ից Իտալիա արտահանվում է պլաստիկ եւ տեքստիլ արտադրանք, Իտալիայից ներմուծվում են գյուղտեխնիկա, տեքստիլ արդյունաբերության սարքավորումներ, քիմիական արտադրանք եւ այլն: