Միանում են ընկերներին

07/03/2009

Շիրակի մարզի մի խումբ ազատամարտիկներ երեկ տարածել են հայտարարություն, որում ասված է. «Ներքոստորագրյալ ազատամարտիկներս մտահոգ ենք մեր քաղբանտարկյալ մարտական ընկերների եւ հրամանատարների՝ ՀՀ Շիրակի մարզի ԵԿՄ նախագահ Աշոտ Զաքարյանի, Մուշեղ Սաղաթելյանի, Պետրոս Մակեյանի, Գեւորգ Ղազարյանի, Հարություն Ուռուտյանի նկատմամբ 2008 թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների եւ հետընտրական զարգացումների կեղծ ու շինծու մեղադրանքների հիման վրա կայացած ՀՀ օրենքների հակասող դատավճիռներով, որի արդյունքում մեր ընկերները արդեն մեկ տարի է հանիրավի գտնվում են կալանավայրում, մարդիկ, ովքեր իրենց կյանքն ու արյունը չեն խնայել մեր երկրի կայացման ու Արցախի ազատագրման գործին: Օգտվելով մարդու եւ քաղաքացու սահմանադրական իրենց իրավունքից, նրանք վճռաբեկ բողոք են բերել ՀՀ վճռաբեկ դատարան` արդարության վերականգնման եւ արդարադատության ակնկալիքով: Ելնելով վերոգրյալից, ազատամարտիկներս միանում ենք մեր քաղբանտարկյալ ընկերներին եւ վճռաբեկ դատարանից պահանջում ենք անկախ, անաչառ, ՀՀ օրենքների եւ օրենսգրքերի պահանջներին համապատասխան գործերի եւ փաստերի բազմակողմանի դատաքննություն եւ արդարադատություն, քանզի արդեն ականատես ենք եղել ՀՀ առաջին ատյանի եւ ՀՀ վերաքննիչ դատարանների կողմից արդարադատության եւ արդարամտության բռնաբարմանն ու սպանդին: Ուստի ակնկալում ենք ՀՀ վճռաբեկ դատարանից ողջախոհություն, անկախ եւ արդար դատավարություն, որը հիմք կհանդիսանա ՀՀ տարածքում ընդհանուր իրավասության դատարանում, կամայական եւ ՀՀ օրենքներին հակասող դատավճիռների կանխարգելման»: