Անհրաժեշտ է ստացիոնար բուժում

07/03/2009

Երեկ առավոտյան հայտնի է դարձել, որ «7-ի գործով» կալանավորված քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանն արդեն 9 օր ոչինչ չի ուտում ու չի քնում: Նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է: Հարազատներին Շ. Հարությունյանն ասել է, թե իրեն ինչ-որ ներարկում են արել, ինչից հետո իր մոտ լուրջ առողջական խնդիրներ են առաջացել: Արդեն մի քանի օր Շ. Հարությունյանը չի քնում` վախենալով նոր սրսկումներից: Քաղբանտարկյալի ծանր առողջական վիճակի մասին նախօրեին ահազանգ է ստացել Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների Հասարակական վերահսկողության դիտորդների խումբը: Երեկ խմբի անդամներ Թեմիկ Խալափյանն ու Ավետիք Իշխանյանն այցելել են «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ եւ մոտ մեկ ժամ զրուցել Հարությունյանի հետ: «Կարծում եմ, որ ճիշտ կլինի, եթե «7-ի գործով» անցնող քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի խափանման միջոցը փոխվի»,- Շ. Հարությունյանի հետ հանդիպումից հետո «Ա1+»-ին ասել է Ավետիք Իշխանյանը: Վերջինս զրուցել է նաեւ «Վարդաշեն» քկ/հ տնօրենի պաշտոնակատար Վարուժան Եղիազարյանի հետ, որը վստահեցրել է, որ Շանթ Հարությունյանի նկատմամբ որեւէ ճնշում չի եղել: «Շանթը նույնպես ասաց, որ հիմնարկի տնօրինությունից որեւէ բողոք չունի: Իր դժգոհությունը կապված է` իրեն իր քաղաքական հայացքների համար անհիմն ազատազրկելու հետ: Ես հասկանում եմ, որ «7-ի գործը» կշարունակվի, եւ այս պայմաններում, Հարությունյանի հոգեբանական վիճակն ավելի չսրելու համար` նրա խափանման միջոցը պետք է փոխել: Վերջին օրերին նա տառապում է անքնությամբ»,- ասել է Իշխանյանը: Երեկ հայտարարությամբ է հանդես եկել նաեւ Հայ Ազգային կոնգրեսը: «Կալանավայրում կտրուկ վատացել է քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի առողջական վիճակը։ Նրան անհրաժեշտ է շտապ ստացիոնար բուժում եւ բժիշկների ամենժամյա հսկողություն։ Հայ Ազգային կոնգրեսը պահանջում է Շանթ Հարությունյանին անհապաղ տեղափոխել հիվանդանոց եւ թույլ տալ, որպեսզի նրան քննեն նաեւ անկախ բժիշկ մասնագետներ»,- ասված է հաղորդագրության մեջ։