Կպահանջի իշխանափոխություն

07/03/2009

Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունը երեկ հայտարարություն է տարածել, որտեղ Հայաստանի իշխանություններից պահանջում է անհապաղ քայլեր ձեռնարկել` ստեղծված «քաղաքական եւ տնտեսական ճգնաժամից» երկիրը դուրս բերելու համար:

«Ժառանգության» գնահատմամբ` «Իշխանությունները գործնականում չեն տիրապետում իրավիճակին, տապալել են նաեւ իրենց իսկ հռչակած` ֆինանսական, տնտեսական եւ սոցիալական քաղաքականությունը, պետական բյուջեի կատարումը»: «Հայաստանն այլեւս չի հանդուրժելու վստահություն չներշնչող այս իշխանությունների տնտեսական եւ քաղաքական գործունեության անթափանցիկությունը: Ի վերջո, ժամանակն է, որ իշխանությունները կառավարեն, այլ ոչ թե իշխեն»,- երեկվա ասուլիսում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Անահիտ Բախշյանը: «Ժառանգությունը» «իշխանություններից եւ գործող նախագահից պահանջում է արմատապես փոխել երկրի կառավարման եղանակը եւ առաջարկում կոնկրետ քայլեր` ստեղծված ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ»: Սոցիալական լարվածությունը հաղթահարելու համար «Ժառանգությունը» առաջարկում է` ԱԺ-ի անհապաղ վերանայմանը ներկայացնել պետբյուջեն` ավելացնելով պետական աջակցության ենթակա սոցիալական խավի շրջանակները, փոքր եւ միջին ձեռնարկությունների համար հավելյալ հարկային ու մաքսային արտոնություններ սահմանել, ավելացնել գյուղացիական անհատական տնտեսությունների պետական սուբսիդավորումը:

«ՀՀ ԿԲ կողմից ամիսներ շարունակ երկրի արժութային պաշարների հաշվին դրամի փոխարժեքի արհեստական սանձումը եւ «լողացող» քաղաքականության միջոցով դրամի աստիճանական ու անցնցում արժեզրկման տարբերակի տեւական մերժումը հանգեցրին նրան, որ դրամը մեկ ժամվա ընթացքում 20-30 տոկոսով արժեզրկվեց, ավելի ստույգ` գահավիժեց, ինչը վկայում է, որ իշխանությունները չեն նախապատրաստել երկիրը վերահաս ճգնաժամին, ձախողել են Հայաստանը ֆինանսատնտեսական եւ սոցիալական ցնցումներից զերծ պահելու բոլոր հնարավորությունները, ավելին` ֆինանսական այս ցնցումը դարձրել են մի խումբ օլիգարխների համար հավելյալ անաշխատ շահույթներ կորզելու միջոց»,- նշված է հայտարարության մեջ:

Սակայն, «Ժառանգությունը» գտնում է, որ «չի կարող հավանական իշխանափոխության ակնկալիքով անտարբեր սպասել հերթական սոցիալական պայթյունին, ժողովրդի զանգվածային աղքատացմանն ու պետական համակարգի փլուզմանը», քանի որ գիտակցում է, որ «նման պայթյունը հղի է նախեւառաջ ներքին իրավիճակի անկառավարելիության վտանգով, երբ լեգիտիմության պակաս ունեցող եւ մեծապես քրեականացված քաղաքական գործընթացները կարող են վերջնականապես դուրս գալ օրինական ձեւաչափերից եւ մտնել «բոլորը բոլորի դեմ» առճակատման հուն»: Հայտարարությունը եզրափակվում է հետեւյալ կերպ. «Այս քայլերի չիրականացումն աստիճանաբար կխորացնի քաղաքական ու տնտեսական ճգնաժամը, որից միակ ելքը արմատական իշխանափոխությունը կլինի, եւ «Ժառանգությունն» այդժամ կպահանջի իշխանության հրաժարականը»: