Եթե մենք՝ հայերս, թերագնահատում ենք մեր հայկական մենթալիտետը, ապա
Հայաստան եկող զբոսաշրջիկներին հենց դա է հաճախ հետաքրքրում: Այս տարի մեծ
թվով զբոսաշրջիկներ հյուրընկալվել են Ծաղկաձորի տարբեր հանգստյան տներում:
Շատերին հայտնի Ծաղկաձորի «Արջաղբյուր» օբյեկտում «հաց ուտելու» են գալիս
Երեւանից տարբեր պաշտոնյաներ: Տարբեր երկրներից ժամանած հյուրերի համար
առավել հետաքրքիր է հայկական խոհանոցը եւ ավանդույթները: «Արջաղբյուր»
ռեստորանային օբյեկտում Ռուզաննա Միրումյանը հյուրերին ներկայացնում է իր
երգը: Ճիշտ է, շատերը կհամարեն, որ այն շատ հեռու է արվեստ լինելուց, բայց
48-ամյա կինն իրեն բեմահարթակում է զգում ու հաճույք ստանում ակորդեոնի
նվագակցությամբ երգելով: Ինչպես ինքն է ասում՝ մանկուց երգելու տաղանդով
օժտված տիկին Ռուզաննան ճակատագրի հասցրած անակնկալ դժբախտությունների
պատճառով չի կարողացել երաժշտական կրթություն ստանալ: Երգչուհի դառնալու
իր երազանքը մնացել է անկատար, բայց ինքը չի կոտրվել, հիմա էլ նպատակ է
դրել թոռնիկին երգչուհի դարձնել: Ասում է՝ «Մեկ է, ինչ դժվարություն էլ
լինի՝ ես պիտի իմ երազանքները թոռնիկիս միջոցով իրականություն դարձնեմ:
Կտեսնե՛ք, տարիներ հետո բեմահարթակներում կերգի, եթե ես կենդանի չլինեմ,
կհիշե՛ք, որ իմ թոռնիկը երգչուհի դարձավ»: Ռուզաննան նույնիսկ նոտաները
չգիտի: Երեւանաբնակ Ռուզաննան Ծաղկաձորի բացօթյա ռեստորանում ամեն օր նաեւ
մատուցողուհի է աշխատում, որպեսզի կարողանա պահել աղջկան ու թոռնիկին:
Այժմ տեղափոխվել է ապրելու Հրազդանում, որպեսզի աշխատանքը չկորցնի: Ասում
է՝ «Դե՛, գիտես էլի, գյուղերում մի քիչ ուրիշ աչքով են նայում մատուցողի
աշխատանքին, բայց ինձ այստեղ բոլորն էլ հարգում ու սիրում են: Էստեղ
աշխատում էի, գիտեին, որ երգելու հետ սեր ունեմ, մի օր ասացին՝ երգի:
Երգեցի, սիրեցին իմ երգն ու էդպես. որ մի պաշտոնով, հայտնի մարդ կամ
տուրիստ է գալիս, ինձ ասում են՝ երգի»: Երգելու համար հաճախ Ռուզաննային
գումար են տալիս: Ասում է՝ «Դե՛, մարդիկ գնում են արտասահմանում մատուցող
են աշխատում, իսկ այստեղ անհարգի են վերաբերվում մատուցողներին, բայց ես
նախընտրում եմ իմ հայրենիքում աշխատել: Անգամ ամենահարբած մարդն ինձ հետ
կոպիտ չի վերաբերվում, որովհետեւ ինձ հարգում են: Ես իմ ռեպերտուարն
ունեմ, մարդիկ կենաց են խմում, ու ես ընտրում եմ, թե ինչ երգեմ:
Ժողովրդական մեր հին երգերն եմ երգում՝ Ջիվանու, Շերամի, Սայաթ-Նովայի…
Սիրում եմ իմ արվեստը ու չեմ վաճառում այն, այլ նվիրում եմ մարդկանց»:
Ամերիկացի եւ թուրք զբոսաշրջիկները՝ լսելով Ռուզաննայի կատարումները,
նկարահանումներ են կատարել, որպեսզի ֆիլմի վերածեն: Ասում է՝ «Ազատ
Գասպարյանն այստեղ էր, ասաց՝ «Նավավարը» երգի, ես երգս նվիրեցի, ինքն էլ
արտասանեց: Շատ կուզենայի, որ Թովմաս Պողոսյանն ինձ լսեր։ Ոչինչ, երեւի մի
օր բախտս կժպտա»: