«Իմ տղային սպանել են դիմահար կրակոցով»

07/03/2009 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը երեկվա նիստին հրավիրել էր մարտի 1-ին զոհված Գոռ Քլոյանի հորը` Սարգիս Քլոյանին: Նա ինքն է պնդել մասնակցել նիստին` վստահեցնելով, որ խիստ կարեւոր ու գաղտնի տեղեկություն ունի հաղորդելու հանձնաժողովին:

Իսկ Սարգիս Քլոյանի ներկայացրած տեղեկատվության հիմքում այն էր, որ իր որդուն սպանել են ոչ թե պատահաբար արձակված կրակոցով, այլ միտումնավոր: Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական վարկածի, Գոռ Քլոյանը մահացել է «Չերյոմուխա-7» տեսակի հատուկ միջոցի կիրառման արդյունքում: Նա մահացել է Պռոշյան փողոցում գտնվող թիվ 3 հիվանդանոցում, ուր այդ օրը տեղափոխում էին գրեթե բոլոր վիրավորներին: Սարգիս Քլոյանն իր որդուն գտել է հենց հիվանդանոցում: Երեկ նա պատմում էր, որ երբ իմացել է` ինչ է կատարվում Երեւանի կենտրոնում, շտապել է այնտեղ` որդուն փնտրելու, սակայն չի գտել: Զանգահարել է որդու բջջային հեռախոսին, սակայն որդու փոխարեն՝ իրեն պատասխանել է մի աղջիկ` ասելով, որ Գոռ Քլոյանը «3-րդ հիվանդանոցում է»: Դեռեւս ամիսներ առաջ Ս. Քլոյանն ասել էր, որ իր որդուն փրկելու հավանականությունը մեծ է եղել, քանի որ, չնայած վնասվել էր գլխավոր արյունատար անոթը, մոտ քսան րոպե նա դեռ գիտակցությունը կորցրած չի եղել եւ հիվանդանոց ընդունվելիս ինքն է ասել իր անուն-ազգանունը: Սպանվածի հայրը այն ժամանակ նաեւ պատմել էր, որ բժիշկներն ասել էին, թե վիրահատության ընթացքում Գոռի աճուկում եղած գազային փամփուշտը պայթել էր, ինչի պատճառով ողջ վիրահատարանը լցվել էր գազով, ու իրենք ստիպված էին եղել Գոռին տեղափոխել. այլապես, գուցե հնարավոր լիներ փրկել նրա կյանքը: Երեկ Ս. Քլոյանը` չկարողանալով թաքցնել վրդովմունքն՝ ասում էր, որ որդու մահվան վկայականի մեջ գրված է` «բեկորային վնասվածք»: «Այ մարդ, բեկորային վնասվածքով մարդը կմահանա՞: Ես դրա համար դիմեցի դիահերձարան, ասեցի` ո՞վ է հերձել իմ տղային, խի՞ ես գրել` բեկորային վնասվածք: Նա ինձ ասաց` չգիտեմ` դա ինչ էր, ի՞նչ գրեի: Ինձ ասեց` գնա կրիմինալ: Իհարկե, ես չհասկացա` ի՞նչ է նշանակում կրիմինալ, ուղղակի ամաչեցի հարցնեմ, թե դա ինչ ա նշանակում»,- պատմում էր Ս. Քլոյանը` հավելելով, թե երբ իրեն հրավիրել են Դատախազություն, այնտեղ է իմացել, որ որդին մահացել է «Չերյոմուխա-7»-ից: Ըստ նրա` հիվանդանոցում իրեն ցույց են տվել հսկայական` 4 սմ երկարությամբ եւ 2 սմ լայնությամբ պարկուճը` ասելով, թե իր որդու մահվան պատճառը դա է եղել: Ս. Քլոյանի կարծիքով` եթե հիվանդանոցում ռազմական բժիշկ լիներ, ապա իր որդին կփրկվեր: «Բժիշկներից չեմ լսել, շատերն ասում են, որ բեկորը պայթել է Գոռի փորի մեջ, որքանով է ճիշտ` չգիտեմ, ոչ հավաստի աղբյուրներից եմ լսել»,- ասաց Գոռի հայրը` վստահեցնելով, որ իր տղայից բացի, այդ պահին եւս երկու սպանված է եղել թիվ 3 հիվանդանոցում: Նա մի քանի անգամ կրկնեց, որ իր որդուն սպանել են միտումնավոր, դիմահար կրակոցով, այն էլ` հենց բախումները սկսելու առաջին րոպեներին` երեկոյան ժամը 21։00-21:05-ն ընկած ժամանակահատվածում: Ըստ նրա` իր որդին այդ օրը Մյասնիկյանի արձանի մոտ է գնացել լուսանկարելու, քանի որ սիրում էր նման էքստրեմալ կադրեր լուսանկարել, ու նրան սպանել են հենց սկզբում` տեսնելով, որ նա նկարում է, թե ինչպես են զարգանում իրադարձությունները: «Նա միտումնավոր է գնացել այնտեղ: Վերցրել է իր սիրողական ապարատը, գնացել է հենց առաջին գիծ, որպեսզի ավելի լավ նկարի: Ասեմ իր բնավորությունը, ինքը, եթե մի տեղ ավարիա լինի, ուրեմն`նա պետք է վազի, մեջտեղը կանգնի ու նայի, հետաքրքիր է իրեն: Նա իր ծառայության տարիներին էլ է այդպես եղել, այնտեղ էլ էր նկարում: Նա հասկանում էր՝ զենքն ինչ է, խիզախ զինվոր է եղել: Նա ոչ մի բանից չէր վախենում»,- ասում էր Ս. Քլոյանը` ավելացնելով, որ մինչ օրս ինքը տեղյակ չէ, թե որտեղ է իր որդու լուսանկարչական սարքը: Ընդ որում, ըստ Ս. Քլոյանի` հարազատները միայն վերջերս են պարզել, որ Գոռը Մյասնիկյանի արձանի մոտ է գնացել ֆոտոխցիկով. «Ուզում էինք իր գերեզմանի քարը նկարեինք, իր սենյակին մենք ձեռք չէինք տալիս, տեսանք` ֆոտոապարատը չկա: Այդտեղից իմացանք, որ նա գնացել է այնտեղ նկարելու»: Հանձնաժողովի անդամների ջանքերը` պարզելու, թե ինչ կապ է ունեցել Գոռը ցուցարարների հետ, ապարդյուն անցան: Ավելին` Ս. Քլոյանը սկսեց մեկ-մեկ թվարկել, թե ովքեր են իրենց բարեկամներն ու իր տղայի շրջապատը. «Ուրեմն` իմ տղայի շրջապատը. մեկ-մեկ եմ ասում: Իր կնոջ եղբայրը` Նորքի մասիվի քրեականում է աշխատում, իմ աղջկա ամուսինը` ոստիկան, աղջկաս ամուսնու եղբայրը` Ազգային անվտանգությունում է աշխատում, Գոռի քեռին` նախկին ոստիկան է: Մի խոսքով` իմ տղայի շրջապատն իրավապահ մարմիններից են: Ինքը խանութներում ապրանք էր սպասարկում, մեկ էլ` էդ է իրա շրջապատը»:

Հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը հետաքրքրվում էր` արդյոք նա այնտեղ մենա՞կ է եղել, ոչ ոք չի՞ տեսել, թե ինչպես է Գոռը վիրավորվել, ո՞ր կողմից է եղել կրակոցը եւ այլն: Ս. Քլոյանն, ի պատասխան՝ նշեց, որ միգուցե եղել են մարդիկ, բայց վախենում են հիմա պատմել, թե ինչպես է տեղի ունեցել իր որդու սպանությունը: «Ինձ համար ամեն ինչ պարզ է: Սպանողը կա, գիտենք` ով է սպանել, սպանվողը կա, զենքը գիտենք, խաչմերուկը գիտենք, ժամը գիտենք, վայրը գիտենք, ուղղակի, թե ինչո՞ւ չեք ձերբակալում այդ ենթասպաներին: Իրեն խփել են ամենաշատը 25 մետր հեռավորության վրայից: Դա ինձ ասել են արտասահմանյան փորձագետները` մեր տան մեջ: Ասել են, եթե դա գազային ատրճանակ է, հեռվից լինի` կյանքին վնաս չի լինի, խփել են շատ մոտ հեռավորությունից: Խնդրեմ, այդ 4 ոստիկանին նստեցրեք այստեղ, իմ տղայի դեղին գույնի բաճկոնը ցույց տվեք, թող մասնագետները, քննիչներն իրենց պրոֆեսիոնալությունը ցույց տան ու ասեն` եթե դու խփել ես դիմահար, բնական է` նշան ես բռնել այդ տղայի վրա»,- ասաց Ս. Քլոյանը: Հանձնաժողովի անդամ Նաիրա Զոհրաբյանի դիտարկմանը, թե որեւէ ոստիկան չի ասի, որ ինքն է եղել Գոռին սպանողը, հանձնաժողովի մեկ այլ անդամ, ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը պատասխանեց. «Ստի դետեկտոր դրեք` բռնեք, էդտեղ ի՞նչ կա»:

Ս. Նիկոյանն առաջարկեց Ս. Քլոյանին տանը դիտել այդ կադրերը եւ տեսնել` արդյոք այնտեղ ծանոթ մարդիկ կա՞ն: «Եթե տեսնեք ծանոթ մարդկանց ձեր որդու կողքին, նրան ասեք, թող անոնիմ նամակ գրի մեզ ու մանրամասներ ներկայացնի, որպեսզի մենք կարողանանք պարզել, թե որ կողմից է եղել կրակոցը, քանի որ տարբեր կողմերում տարբեր զորամասեր են եղել»: Ս. Քլոյանն ասաց, որ ինքը չի ցանկանում որեւէ մեկին «վատություն անել». «Ասենք` տեսա, ճանաչեցի, հետո էդ խեղճ տղային տանեմ Դատախազություն, դրա վերջը ի՞նչ է լինելու: Ես ուրիշին վատություն չեմ անի»: Միայն Ս. Նիկոյանի պնդումներից հետո, թե կարող է տվյալ անձն անստորագիր նամակ գրել իրենց, Ս. Քլոյանը խոստացավ մտածել «այդ ուղղությամբ»: Ի դեպ, նա նաեւ տեղեկացրեց, որ ինքը գիտի այն տաքսի ծառայությունը, որի վարորդներից մեկն էլ օգնել է վիրավոր Գոռին հասնել հիվանդանոց: Ս. Նիկոյանն ասաց, որ իրենք կփորձեն գտնել այդ վարորդին եւ պարզել, թե որ հատվածում է ընկած եղել Գոռի մարմինը, եւ ովքեր են օգնել նրան ավտոմեքենա տեղափոխելու հարցում: