«Նաիրիտը» կարող է լուծարվել

07/03/2009 Հրայր ՄԱՆՈՒԿՅԱՆ

«Ձեր այդ «Նաիրիտը» մեզ երբեք ժամանակին չի վճարել սպառած էլեկտրաէներգիայի դիմաց: Չի եղել գոնե մի դեպք, որ ժամանակին վճարեն»,- Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ)` անցած ուրբաթ տեղի ունեցած նիստում, երբ քննարկվում էր էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու հարցը, վրդովված հայտարարել էր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Եվգենի Գլադունչիկը:

Պարզվում է` այդ պահին արդեն «Նաիրիտը» սնանկ ճանաչելու մասին դիմումը դատարանը վարույթ էր ընդունել: Ենթադրվում է, որ վարույթ ընդունելուց մեկ օր հետո` փետրվարի 17-ին, դատարանը պարտապանին, այսինքն` «Նաիրիտ գործարանի» գլխավոր տնօրենին է ուղարկել սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը` կցված դիմումի պատճենով: Սա պետք է տեղի ունենար` համաձայն ՀՀ սնանկության մասին օրենքի: Մինչդեռ փետրվարի 24-ին թերթերից մեկին տված հարցազրույցում «Նաիրիտի» տնօրեն Վահան Մելքոնյանը դարձյալ խոսում էր լրացուցիչ վարկերի ներգրավման մասին: «Մենք հույս ունենք մարտ ամսին ստորագրել ներդրումային պայմանագիր, որում կան ինչպես ֆինանսական կայունության, այնպես էլ մոդեռնացման, վերազինման ու վերանորոգման տարրեր»,- ասել է նա` հավելելով, որ խոսքը գնում է 100-150 մլն եվրոյի մասին: Հիշեցնենք, որ մենք բազմիցս անդրադարձել ենք այս գործարանին եւ մասնավորապես ԱՊՀ միջպետական բանկից ստացված 70 մլն դոլար վարկի պատմությանը, որից 30 մլն-ը անհետ կորավ: «Նաիրիտի» բաժնետոմսերի 90 տոկոսի սեփականատեր «Ռայնովիլ փրոփըրթի լիմիթեդ» ընկերությունը ոչ միայն չի կարողանում վճարել այդ վարկը եւ նույնիսկ կարճաժամկետ կրեդիտորական պարտքերի զգալի մասը (որի համար էլ «Հայաստանի էլեկտրական ցանցերը» դիմել է դատարան), այլեւ ացետիլենային եղանակից այդպես էլ չի անցնում քլորոպրենային կաուչուկի ստացման բութադիենի տեխնոլոգիային, ինչը պարտավոր էր անել մինչեւ 2008թ. հունվարի 1-ը, եւ այդ դեպքում «Նաիրիտը» կաշխատեր շահույթով: Այդ իսկ պատճառով Հայաստանի քիմիական արդյունաբերության երբեմնի հսկան աշխատում է հսկայական վնասով, եւ նույնիսկ աշխատավարձ բաժանելու համար կառավարիչները կամ վարկ են փորձում վերցնել, կամ էլ ժամանակ առ ժամանակ վաճառում են գործարանի սարքավորումները: Ինչեւէ, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի համաձայն, եթե դատարանի որոշումը ստանալուն հաջորդող 7 օրվա ընթացքում պարտապանը («Նաիրիտի» տնօրինությունը) գրավոր չի վիճարկում իր սնանկությունը, ապա ութերորդ օրը «դատավորն առանց դատական նիստ հրավիրելու վճիռ է կայացնում պարտապանին սնանկ ճանաչելու մասին, եթե պարտապանն անվճարունակ է կամ էլ եթե 30-օրյա կամ ավելի ժամկետով կետանցել է 500 հազար դրամը գերազանցող պարտավորություն, եւ վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվում է, նույնիսկ, եթե պարտապանն անվճարունակ չէ»: Պարտապանն անվճարունակ է, եթե նրա պարտավորությունները գերազանցում են իր ակտիվների արժեքը, կամ էլ, եթե պարտապանն ի վիճակի չէ կատարելու իր ժամկետանց դրամական պարտավորությունները (փաստացի անվճարունակություն): Նշենք, որ սնանկացման վերաբերյալ դիմումը «Հայաստանի էլեկտրական ցանցերը» կարող էր հետ վերցնել մինչեւ դիմումը վարույթ ընդունելը, հետեւաբար՝ այս տարբերակը բացառվում է: «Նաիրիտի» սնանկացման վերաբերյալ մենք գրավոր հարցեր ենք ուղղել ընկերության մամլո ծառայությանը եւ առաջիկայում կանդրադառնանք իրադարձությունների հետագա զարգացմանը: Ամեն դեպքում ակնհայտ է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցերի» նկատմամբ «Նաիրիտի» ժամկետանց պարտավորությունը գերազանցել է 500 հազար դրամ սահմանաչափը: Եվ քանի որ փետրվարի 24-ին դատարանը սնանկ ճանաչելու վերաբերյալ որոշում չի կայացրել, ենթադրվում է, որ «Նաիրիտը» բողոքարկել է, կամ էլ լրիվ կամ մասնակի վճարել է «Հայաստանի էլեկտրական ցանցերի» նկատմամբ իր պարտավորությունները: Նման դեպքերում դատարանը կամ պարտապանին սնանկ է ճանաչում, ու սկսվում է լուծարման գործընթաց (այս դեպքում պարտապանի գործունեությունը դադարում է), կամ էլ ֆինանսական առողջացման ծրագիր է նշանակում, որի ժամկետը չի կարող գերազանցել 24 ամիսը: Եթե առողջացման ծրագիրը ձախողվում է, ընկերությունը դարձյալ լուծարվում է: «Նաիրիտի» պարագայում կա եւս մեկ հանգամանք: «Ռայնովիլը» բաժնետոմսերը գրավ է դրել ԱՊՀ Միջպետական բանկում, ուստի կարող ենք ենթադրել, որ հենց այդ բանկն էլ կդառնա «Նաիրիտի» (կամ այն ամենի, ինչ կմնա ներկայիս «Նաիրիտից» լուծարման գործընթացից հետո) սեփականատերը: