Ալավերդին՝ համաշխարհային ճգնաժամի թունելում

07/03/2009 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Չնայած տնտեսական ճգնաժամին, Ալավերդիով անցնող Երեւան-Թբիլիսի երկաթուղագիծը դեռեւս աշխատում է եւ շաբաթական մի քանի անգամ տեղափոխում է մարդկանց` 2000-7000 դրամ ուղեւորավարձով, օրվա տարբեր ժամերին էլ կատարում է բեռնափոխադրումներ:

Երկաթուղագծի աշխատանքը մնացել է նույնը 1899-ից ի վեր, երբ այն շահագործման հանձնվեց: Ճիշտ է, ճոճկանեցի վարորդ Դավիթը չի հիշում այն ժամանակվա Ալավերդին, ասում է միայն, որ պապից է լսել, թե ինչ հերթեր էին գոյանում գնացքի տոմսավաճառի կրպակի մոտ, ու մարդիկ ինչպես էին կախվում գնացքի դռներից, բայց դա երիտասարդ ալավերդցու համար միայն պատմություն է. «Հիմիկ ի՞նչ կա` քաղաք ա մնացե՞լ: Մարդիկ մի գործարանի հույսին էին, բայց էսօր էդ էլ ա փակվում: Դրա համար էլ ամբողջ Ալավերդին գնում ա Ռուսաստան: Մեզ մոտ տուն չկա, որ դրսում աշխատող չլինի,- ասում է Դավիթն ու ավելացնում,- Իբր քիչ էր գործազրկությունը, հիմա էլ՝ թանկացումները: Բենզինի գինն էլ բարձրացրին` 240 դրամից դառավ 300: Էս տաքսու գործն էլ արդեն հեչ եկամտաբեր չի: Էդ ա Ալավերդին»:

Գործազրկության հետեւանքները

Ալավերդու Հայպեճ թաղամասի բակերից մեկում այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե մարդիկ բլոտի առաջնության են մասնակցում եւ անգամ չեն նկատում շրջապատն ու անցնող գնացքի ձայնը: Հարեւան խանութների վաճառողներն էլ երբեմն հետաքրքրվում են առաջնության արդյունքներով: «Ի՞նչ անենք, իբր առեւտուր ունեինք, հիմա էլ էս թանկացումներից ընդհանրապես բան չենք վաճառում»,- ասում են նրանք` գրպաններից հանելով արեւածաղկի հերթական չափաբաժինը: Ռոբերտ Պապյանը դեկտեմբերից է միացել գործազուրկ, բայց` բակի տաղավարում ոչ անգործ ընկերներին: «Աշխատում էի Ղարաբաղում գտնվող Դրմբոնի հարստացուցիչ ֆաբրիկայում: Դեկտեմբերի մեկին եկան ու առանց որեւէ զգուշացման ազատեցին ինձ աշխատանքից: Ախր թոշակիս տարիքն էլ չի, որ ասեմ՝ դրա համար ազատեցին` մինչեւ թոշակի անցնելը երկու տարի ունեմ»,- նշում է նախկին փականագործն ու փորձում հասկանալ, թե գո՞ւցե պատճառն իր՝ ղարաբաղցի չլինելն էր: Մինչդեռ նրա համաքաղաքացի Սեյրան Թամրազյանը եւս, ով աշխատում էր Ալավերդու լեռնամետալուրգիական կոմբինատում, արդեն մի քանի ամիս է` ազատվել է աշխատանքից. «Արդեն երկու տարի է` կոմբինատում վարորդ էի աշխատում: Պայմանագրիս ժամկետը լրացավ, ու էլ նորը չկնքեցին: Հետո տղայիս էլ կրճատեցին: Հիմա էլ ոչ տանն եմ պետք, ոչ էլ դրսում: Գործազուրկն ո՞ւմ է պետք,- ավելացնում է անգործ ալավերդցին ու անհանգստանում Ալավերդու ապագայի համար,- Հես ա կոմբինատը լրիվ կփակվի, ու մեզ կմիանան շատերը: Ոչ մի գործ չկա Ալավերդում: Ի՞նչ ենք անելու, էդ էլ չգիտենք»: Իսկ կոմբինատի նախկին աշխատակիցն արդեն գտել է կոմբինատի փակման պատճառը։ «Գիտեք` ինչի՞ է փակվում: Որովհետեւ էս կոմբինատի վրա բնապահպանական մեծ տուգանքներ են դրել, որի տակից կոմբինատը չի կարա դուրս գա: Ավելի լավ չի՞ ծուխը կտրեն, քան խոշոր գումարներ վճարեն»,- եզրահանգում է ալավերդցի գործազուրկը:

Ե՞րբ են կտրելու Ալավերդու գործարանի ծուխը

Ալավերդու լեռնամետալուրգիական գործարանի ծուխն առաջին անգամ սկսեց բարձրանալ 1803թ. հունվարից, դրանից երեք տարի հետո հանքերը հանձնվեցին հույներին, ովքեր էլ կերտեցին Ալավերդու արդյունաբերական անցյալը: Այս մասին պատմող փաստաթղթերը պահվում են նախկին լեռնամետալուրգիական կոմբինատի, այսօր արդեն՝ «Վալլեքս» ընկերությունների խմբին պատկանող «ԷՅ ՍԻ ՓԻ» փակ բաժնետիրական ընկերության գրադարանի պահոցներում, որտեղ տեղ է գտել նաեւ կոմբինատի մերօրյա պատմությունը, ավելի ճիշտ` «ԷՅ ՍԻ Փի» ՓԲԸ-ի գործունեության մասին վկայող գրքույկները, որտեղ դեռեւս որեւէ տվյալ չկա գործարանի արդի վիճակի մասին: Ավելի ճիշտ, դրա մասին տեղեկատվությունն առայժմ պահվում է գործարանի պատերի ներսում: Սակայն, թե ի՞նչ է լինելու գործարանի ապագան, ընկերությունում արդեն գիտեն: «ԷՅ ՍԻ ՓԻ»-ում ընկերության ընդհանուր հարցերով վարչության պետ Անդրանիկ Ղամբարյանն ասում է, որ անգամ մինչ այս համաշխարհային ճգնաժամն իրենք աշխատում էին մեծ վնասներով։ «Երբ պղնձի գներն ընկան` 8000 դրամից դառնալով 3500, մենք սկսել էինք արդեն մեծ վնասներով աշխատել: Գործնականում շահույթ չկար: Հանքի արտադրանքը չէր բավարարում ֆաբրիկան աշխատացնելու համար, այսինքն` հանքանյութի արտադրությունը ֆաբրիկան աշխատացնելու համար բավարարում էր ամսվա մեջ ընդամենը 10 օր: Դա ձեռնտու չէր, այլ վնասաբեր»,- ասում է նա` նկատելով, որ եթե չլիներ սեփականատիրոջ հայրենասիրությունը կամ, ավելի ճիշտ, ալավերդցի լինելը, այսօրվա աշխատող հատվածն էլ կկրճատվեր։ «Վալլեքս» ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանի շնորհիվ՝ մենք պահեցինք աշխատատեղեր, չնայած արդեն նախորդ տարեվերջից չէին գործում հանքն ու ֆաբրիկան, բայց դեռեւս գործում են մետալուրգիական արտադրամասը, օժանդակ արտադրամասերը, լրացուցիչ աշխատանքներ են գնում աղացագնդերի պատրաստման ուղղությամբ»,- նշում է Անդրանիկ Ղամբարյանը: Նրա տվյալներով՝ նախկին 1050 աշխատողից ներկայումս ընկերությունում աշխատում է 640-ը, որոնց աշխատավարձերը մնացել են կայուն, միայն թե նախկին պարգեւատրումներն են կրճատվել, իսկ մնացյալներին, ըստ Անդրանիկ Ղամբարյանի, իրենք չեն ազատել, այլ լրացել են նրանց պայմանագրերի վերջնաժամկետները: Չնայած` մեր զրույցի ընթացքում պարոն Ղամբարյանը նկատեց, թե գուցե հենց այդ երեւույթն էլ կրճատում է համարվում: «Մենք օրինական տեսանկյունից կրճատում չենք արել»,- այդուհանդերձ ասում է նա: Իսկ ի՞նչ է լինելու 640 աշխատողի ճակատագիրը: «Ներկա դրությամբ նախատեսված է աշխատել մինչեւ ապրիլի 1-ը, հետագան անորոշ է: Հնարավոր է՝ աշխատենք մի երկու ամիս, հնարավոր է նաեւ ապրիլի մեկով էլ ավարտվի»,- պատասխանում է ընկերության ընդհանուր հարցերով վարչության պետը: Անդրանիկ Ղամբարյանը համոզված է, որ գործարանի փակվելու տարբերակի դեպքում Ալավերդին դատարկվելու է: «Ալավերդին ստեղծվել է շնորհիվ պղնձի արտադրության: Այստեղ ապրելու համար այլ միջոցներ չկան` ոչ հող կա, ոչ ջուր: Ուզած-չուզած՝ պիտի գնան, իսկ գնալը կթուլացնի պետությունը: Մի օր էլ կարող ա Վրաստանը հարձակվի, ի՞նչ իմանաս»,- ասում է նա:

Առաջին պլան է մղվել սոցիալական վիճակը

«Մինչ այսօր մեր քաղաքի համար ամենալուրջ հիմնախնդիրը քաղաքի բնապահպանությունն էր, բայց այսօր դա արդեն երկրորդ խնդիր է դարձել: Առաջ է եկել ավելի կարեւոր խնդիր` սոցիալական խնդիրը. մինչեւ մարդը չլուծի հացի խնդիրը, բնության մասին մտածել չի կարող»,- ասում է Ալավերդու քաղաքապետ Արթուր Նալբանդյանը: «Մենք ամեն բան անելու ենք, որ Ալավերդին այս վիճակը հաղթահարի: Միջազգային կազմակերպության հետ արդեն ձեռք ենք բերել պայմանագիր, ըստ որի` ապրիլի մեկից Ալավերդիում իրագործվելու է վճարովի հասարակական աշխատանքի ծրագիրը, որը միտված է լինելու քաղաքի բարեկարգմանը: Մոտ 200 հոգի ութ ամիս կաշխատեն»,- խոստանում է քաղաքապետը: Չնայած քաղաքապետի լավատեսությանը՝ Ալավերդիում արդեն հուսալքության ալիք է բարձրացել` նախկին ալավերդցին չի հարմարվում ներկային, կռիվ է տալիս անցյալի հետ, իսկ այսօրվա ալավերդցի երիտասարդն էլ շտապում է ավիատոմսերի վաճառքի կետեր, որոնք նկատելիորեն շատ են Ալավերդիում: Փնտրում է հույսի տոմսակ ու թողնում հերթական հավաստագիր` տոմսի գումարը մեկ ամսից ուղարկելու համար: