Այս տարի նորաձեւ է սեւը

07/03/2009 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Երեւանի քաղաքապետի ընտրություններից երկու ամիս առաջ Երվանդ Զախարյանին Կենտրոնի թաղապետ Գագիկ Բեգլարյանով փոխարինելու՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի քայլը վկայում է, որ իշխանությունների համար այս ընտրություններն ունեն շատ ավելի էական նշանակություն, քան ենթադրում են քաղաքապետի գործառույթները:

Հասկանալի է, որ ՀՀԿ-ի ցուցակը գլխավորելուն կոչված Գագիկ Բեգլարյանին իշխանությունները տեսնում են որպես քաղաքապետի անպարտելի տարբերակ, ավելի ստույգ` անպարտելիության պատրանք ստեղծելու ամենահարմար թեկնածու: Կարծել, թե Գագիկ Բեգլարյանին մայիսի 31-ի ընտրություններից առաջ քաղաքապետի պաշտոնը հանձնելը պայմանավորված է նրա` վարչական ռեսուրսներից առատորեն օգտվելու հնարավորություն տալով, ենթադրում ենք, այնքան էլ այդպես չէ, քանի որ դա առանց բարդությունների կարող էր անել ՀՀԿ ցանկացած այլ թեկնածու: Խնդիրը հենց պարոն Բեգլարյանի անձն է: Պատմությունը ցույց է տալիս, որ Հայաստանում պաշտոնական լծակները միշտ չէ, որ երաշխավորում են ընտրությունների՝ նախապես որոշված սցենար, լիարժեք եւ անպատիժ կեղծիքներ: Իհարկե, ամենեւին չի բացառվում, որ ՀՀԿ թեկնածուն ունի գուցե փոքրիկ, բայց առանց ընտրակաշառքի նրան ձայն տվող էլեկտորատ, սակայն ֆինանսական ճգնաժամը եւ անվստահությունն իշխանությունների, այդ թվում նաեւ՝ իշխանությունը ներկայացնող թեկնածուի հանդեպ, Երեւանի շատ ընտրողների կստիպի գնալ պարզ գործարքի՝ արդեն դոլարի նոր կուրսով: Այս դեպքում դժվար է ձեռքը մտցնել պետության` առանց այդ էլ կիսադատարկ գրպանը: Պետք է մեկը, ում հասանելի են ֆինանսական այլընտրանքային աղբյուրներ: Եվ հետո, Հայաստանում ընտրությունների ժամանակ հաջողություն գրանցելու համար անհրաժեշտ պայման է ընտրակեղծիքների հարուստ փորձը:

Քաղաքապետի ընտրություններում կոալիցիայի մյուս ուժերին վերապահված է բուտաֆորիկ նշանակություն: Նրանց դերն է՝ ա) իրենց մասնակցությամբ լեգիտիմացնել ընտրությունները, բ) փոշիացնել ընդդիմության ձայները, գ) հնարավորության սահմաններում օգտվել իշխանական կարկանդակի մնացորդներից: Ճիշտ, ինչպես նախագահական ընտրությունների ժամանակ:

Արդեն հայտնի է, որ կուսակցությունները, այդ թվում եւ՝ ընդդիմությունը, պատրաստվում են հանդես գալ սեփական ցուցակներով:

Ըստ մամուլում հայտնված տեղեկատվության՝ սեփական թեկնածուն կունենա նաեւ ՀՅԴ-ն: Այս անգամ արդեն քաղաքապետի՛ պաշտոնում չընտրվելու համար առաջադրվելու են այնքա՜ն ծանոթ անուններ դեռեւս ՀՀ նախագահական ընտրություններից՝ Վահան Հովհաննիսյան եւ Արմեն Ռուստամյան: Վերջինիս մասնակցությունն այս ընտրություններին առավել հավանական է: Պարզապես, նախագահական ընտրությունների նախադեպը հիմք է տալիս պնդելու, որ պարոն Ռուստամյանի՝ Երեւանի քաղաքապետ ընտրվելու հավանականությունը նույնքան է, որքան Վահան Հովհաննիսյանինը՝ նախագահական ընտրություններում:

«Օրինաց երկիր» կուսակցության ցուցակը կարծես թե գլխավորելու է Հեղինե Բիշարյանը: Բնական է, որ Արթուր Բաղդասարյանի զբաղվածությունը այլ պաշտոնում թույլ է տալիս Երեւանի քաղաքապետի պաշտոնին հավակնել հենց տիկին Բիշարյանին: Ըստ որոշ լրատվամիջոցների` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում էլ կան Երեւանի քաղաքապետի պաշտոնին հավակնող կանայք, բայցեւ ասում են, որ ԲՀԿ նախագահի ցանկությամբ` ցուցակը կգլխավորի ոչ կուսակցական մեկը:

Կոալիցիոն ուժերից բացի` Երեւանի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացնելու նաեւ Հայ Ազգային կոնգրեսը եւ «Ժառանգություն» կուսակցությունը: Միասնակա՞ն թեկնածուով հանդես կգան այս երկու ուժերը, թե՞ ոչ, առայժմ հայտնի չէ: Ունի՞ Հայ Ազգային կոնգրեսը Երեւանի քաղաքապետի պաշտոնում սեփական թեկնածուին տեսնելու հնարավորություն: Նախագահական ընտրությունների նախադեպը, հայաստանյան իրականությունն՝ առհասարակ, ստիպում են լինել իրատես եւ արձանագրել, որ դա համարյա անհնար է: Նախ՝ վերջին մեկ-երկու տարիներին, երբ քաղաքական ասպարեզ վերադարձավ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ընդդիմադիր ողջ դաշտը սկսեց պտտվել բացառապես նրա անձի շուրջ: Հրապարակում այդպես էլ չերեւացին նոր անուններ, նոր լիդերներ, պրոֆեսիոնալներ, ում հնարավոր կլիներ դնել Տեր-Պետրոսյանի կողքին: Իհարկե, Կոնգրեսում կան իսկական պրոֆեսիոնալներ, լավ կազմակերպիչներ, ում անունները, սակայն, հայտնի չեն անգամ մայրաքաղաքի հասարակությանը: Կա եւս մեկ քաղաքական գործիչ՝ մասնավորապես ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը, ով, որքան էլ ոմանք չընդունեն, ընտրված նախագահի կարգավիճակ ունի, այսինքն՝ նախագահական ընտրություններում նա ստացել է ժողովրդի մեծամասնության քվեն եւ հաղթել Ռոբերտ Քոչարյանին: Կհամաձայնի՞ մասնակցել պարոն Դեմիրճյանը Երեւանի քաղաքապետի ընտրություններին: Եթե նա տա իր համաձայնությունը, դա իրապես կանդրադառնա ընտրությունների՝ արդեն նախապես հայտնի արդյունքների վրա: Մնում է մյուս թեկնածուն, ով ունի հաղթելու հնարավորություն, սակայն ում կարգավիճակը երբեւէ եւ ոչ մի գնով թույլ չի տա առաջադրել սեփական թեկնածությունը: Խոսքը Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին է: Այլ «բրենդային», հաղթող անուններ ընդդիմությունը, ցավոք, չունի: Կան շատ ազնիվ մարդիկ, ում անունները ցուցակում, միեւնույն է, հնարավորություն կտան իշխանություններին ստանալ այն պատկերն ու այն համամասնությունը, որը նախապես գծել են: Վերոնշյալ երկու անուններից զատ՝ ընտրությունների արդյունքների պատկերի վրա թեկնածուների այլ կոմբինացիայով ազդել գրեթե անհնար է:

Եվ երիցս ճիշտ են նրանք, ովքեր պնդում են, թե այս տարի նորաձեւ են համարվում մուգ` գորշ, սեւ գույները: