«Մենք որոշ ապրանքային շուկաներում, որտեղ տեսանք, որ գնային տատանումները ոչ համաչափ են եղել, արդեն իսկ հարուցել ենք վարչական վարույթ: Խոսքը չորս ապրանքատեսակների մասին է: Դա ձեթի, կարագի, կենցաղային տեխնիկայի եւ դեղորայքի շուկաներն են: Դեղորայքի շուկայում միաժամանակ 25 տոկոսով պայմանավորվել ու թանկացրել էին, սա հակամրցակցային համաձայնություն է: Երեւի մի շարք ապրանքների գծով էլ վարույթ հարուցենք հետագայում` ուսումնասիրություններից հետո: Որոշակի տատանումներ են նկատվում հացի գնի մեջ, սա էլ է մեր ուշադրության կենտրոնում»,- երեկ հրավիրված ասուլիսում հայտարարեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Աշոտ Շահնազարյանը: Նա նաեւ ավետեց, որ «բանակցել է» բենզին ու շաքարավազ ներմուծողների հետ, եւ որ դրանց գներն իջնելու են: «Վաղն առավոտյան դուք կնկատեք բենզինի գների 10 դրամ իջեցում: Շաքարավազը մեծածախ շուկաներից գնողները, որոնք առաջին օրերին ձեռք էին բերել 270 դրամով, այսօրվանից հիմնական մատակարարներից կարող են ձեռք բերել 250 դրամով: 300 դրամից ավելը մեզ համար ընդունելի չէ: Բոլոր խանութներում պետք է զգալի գնանկման միտումներ նկատեք»,- ասաց Ա. Շահնազարյանը: Եվ, չնայած, այս տեղեկատվությունը նա փորձում էր ներկայացնել որպես բարի լուր, ակնհայտ է, որ դրանում, մեղմ ասած, քաղաքացիների համար մխիթարական որեւէ բան չկա: Անցած շաբաթ, օրինակ, նույն բենզինի մեկ լիտրն արժեր 240 դրամ, դոլարի «լողից» հետո դարձավ 290 դրամ եւ վաղը փաստորեն դառնալու է 280 դրամ: Իսկ ո՞րն է պարոն Շահնազարյանի լավատեսության պատճառը, եւ արդյո՞ք տրամաբանական է, որ շուրջ 50 դրամով թանկացած բենզինի գինը նվազի ընդամենը տասը դրամով: Ա. Շահնազարյանն իջեցումը պայմանավորում է նրանով, որ դոլարը երեկ արդեն գնվում էր 360 դրամով այն դեպքում, երբ մարտի 3-ին գնվում էր նույնիսկ 400 դրամով: «Այն գները, որոնք դրամ-դոլար հարաբերակցության հետեւանքով բարձրացել էին, այդ հարաբերակցության փոփոխությամբ համամասնորեն իջնելու են: Ինչ վերաբերում է՝ համարժե՞ք է այդ տասը դրամը, թե՞ ոչ, կարծում եմ՝ առաջիկայում եւս փոխարժեքի փոփոխությունների հետեւանքով գները կիջնեն»,- պատասխանեց Ա. Շահնազարյանը: Ընդհանրապես` պարոն Շահնազարյանը տրամաբանական է համարում այն, որ դրամի արժեզրկմանը զուգընթաց՝ ներմուծվող ապրանքների գները պետք է թանկանան` անկախ նրանից, որ դրանք ներմուծվել են այն ժամանակ, երբ փոխարժեքը 305 դրամի սահմաններում էր: Նա դա բացատրում է այսպես. եթե վաճառողը նախատեսել է ապրանքը վաճառել, ասենք, 1000 դոլարին համարժեք դրամով, բայց փոխարժեքի փոփոխությունից հետո գները չբարձրացնելու պարագայում կարող է ստանալ 800 դոլարին համարժեք դրամ, ապա մյուս խմբաքանակը բերելու համար նա ստիպված պետք է բանկից 200 դոլար վարկ վերցնի: «Ենթադրենք՝ մարդը 100կգ պեսոկ է վաճառելու, նախատեսել է ստանալ 1000 դոլար, եթե գին չի բարձրացնում, ստանում է 700 դոլար, հաջորդ խմբաքանակը բերելու համար այդ 300 դոլարը 23 տոկոս տոկոսադրույքով վարկ է վերցնելու, որ նախատեսած չափով ներմուծի: Իսկ եթե ներմուծի ավելի քիչ` այդ 700 դոլարի չափով, ապա դեֆիցիտ կառաջանա, եւ գները արդեն կաճեն 40-50 տոկոսով»,- ասում է Ա. Շահնազարյանը` ակնհայտորեն փորձելով արդարացնել ներմուծողներին: Իսկ այդ դեպքում ինչո՞ւ գները չէին իջնում, երբ դրամը մի քանի տարում արժեւորվեց շուրջ 45 տոկոսով: «Գների անկում եղել է, դուք չեք նկատել: Միջազգային գները այդ տարիներին բարձրանում էին: Օրինակ, արդեն 5 տարի է, ինչ Հայաստանը շաքարավազի իրացման ամենացածր գնով առաջին տեղում է,- ասում է Ա. Շահնազարյանը` ավելացնելով,- Մենք Պետական եկամուտների կոմիտեին կտրամադրենք նաեւ այն խանութների ցանկը, որտեղ ոչ ադեկվատ բարձրացումներ են եղել, որպեսզի նրանք հաշվառման դաշտում, հարկային քաղաքականության ոլորտում իրենց ազդեցությունն ունենան»: Նա նաեւ նշեց այն խանութների ցանկը, որտեղ իր ասելով՝ վերջին երկու-երեք օրերին գները կամ ընդհանրապես չեն թանկացել, կամ թանկացել են «սահմանային չափով»: «Օրինակ՝ «Երիցյանում», «Սասում», «Պարմայում», «Սթարում», «Սիթիում» գնային էական փոփոխություններ չկան»,- ասում է Ա. Շահնազարյանը, որի թվարկած ցանկի խանութներում մարտի 3-ին առաջինը գները բարձրացան: Ինչեւէ, երեկ առավոտյան մենք փորձեցինք Ազատության պողոտայում գտնվող մի շարք խանութներից, այդ թվում եւ՝ «Սթարից» շաքարավազ գնել, սակայն չհաջողվեց: Իսկ Նալբանդյան փողոցում գտնվող խանութներից մեկում թանկացել էր նույնիսկ զուգարանի թուղթը` ինչպես տեղական, այնպես էլ ուկրաինական արտադրության (առաջինը 100-ից դարձել էր՝ 120, իսկ ներմուծվածը` 130-ից` 180 դրամ): Ա. Շահնազարյանն ասուլիսում չբացառեց, որ որոշ տեղական արտադրության ապրանքների թանկացում կարող է լինել: «Տեղական արտադրողներն էլ հումք են ներմուծում»,- պատճառաբանեց նա: «Ձվի գինը շատ փոքր խանութներում 50 դրամով է միայն թանկացել, մեծ խանութների 90 տոկոսի մոտ թանկացում չկա»,- երեկ ասում էր Ա. Շահնազարյանը: Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին, որ եթե հայտնի էր, որ ԿԲ-ն անցնելու է լողացող փոխարժեքի քաղաքականությանը, ապա ինչու նախօրոք չձեռնարկվեցին համապատասխան միջոցառումներ գների թռիչքաձեւ աճը կանխելու համար: «Տնտեսական մրցակցության պաշտպանության մարմինը նրա համար է, որ մենք ուսումնասիրենք երեւույթը լինելուց հետո, մենք երեւույթը կանխելու, կանխարգելելու հնարավորություն չունենք, օրենքի մեջ նման դրույթ չկա: Ուղղակի մենք հետեւողականորեն միշտ գրանցում ենք գների փոփոխությունները: Իսկ ընդհանրապես ոչ ոք էլ չի կարող կանխատեսել, թե այս ճգնաժամի պարագայում միջազգային շուկաներում գները ինչպես կփոխվեն»,- պատասխանեց Ա. Շահնազարյանը: Իսկ այն դիտարկմանը, թե միջազգային շուկաներում գների փոփոխությունները սովորաբար չեն անդրադառնում Հայաստանի վրա, ինչպես, օրինակ, անշարժ գույքի գները, որն, ըստ համապատասխան պաշտոնյաների՝ չի նվազում կամ նվազում է աննշան չափով, Ա. Շահնազարյանը պատասխանեց, թե նման բան չի կարող լինել: «Ո՞վ է ասում, որ տների գները չեն իջնում: Այդ ո՞վ է այսօր թանկ գնով տուն առնում»,- հարցրեց Ա. Շահնազարյանը: