«Որդի՛ս, ես սիրում եմ քեզ»

07/03/2009 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Քնքուշ ժպիտով տիկին Սուսաննայի աչքերից անդադար արցունքներ են հոսում, երբ փորձում է հանկարծակի հաշմանդամ դարձած որդու` Վահեի պարանոցի դիրքը հարմարեցնել բազկաթոռի հենակին: Տիկին Սուսաննան անձայն արտասվում է, բայց ձայնի տոնայնությունը կարողանում է այնպես «խաղարկել», որպեսզի աստիճանաբար տեսողությունը կորցրած որդին միայն երջանիկ մոր անհոգ ձայն լսի:

27-ամյա Վահեն տասը տարի բացարձակ գերազանց գնահատականներով սովորելով՝ ավարտեց դպրոցն ու Ոսկե մեդալ ստանալու օրվա հետ բազում երազանքներ հորինեց. իր համար մոր հետ գեղեցիկ ապագա կառուցեց: Միայնակ մայր Սուսաննա Բարսեղյանը միանգամայն առողջ որդուն լավ դաստիարակություն տալով` Ոսկե մեդալի թեկնածու Վահեի գեղեցիկ ապագայի ճանապարհին նաեւ գողտրիկ իր երջանկությունը թաքցրեց: 10-րդ դասարանն ավարտած կենսուրախ Վահեն իր Ոսկե մեդալը չստացավ, որովհետեւ մեկ գիշերվա մեջ գամվեց աթոռին` հանկարծակի ծանր հաշմանդամ դառնալով: Մայրն ասում է` «Շատ առողջ երեխա է եղել. ժիր, դաստիարակված եւ ուսման ծարավ: Բայց մի օր պարզվեց, որ…»: Մի գիշերվա մեջ պարզվեց, որ Վահեն աստիճանաբար դառնում է անօգնական, իսկ մարմինը կորցնում է կենսունակությունը: Մի գիշերվա մեջ Վահեի մոտ գոտկատեղից ներքեւ թուլություն առաջացավ, եւ նա գամվեց հաշմանդամության սայլակին: Վահեն շփոթվեց կյանքի օրինաչափություններից, անսպասելի իր «կերպից» եւ չէր հասցրել դեռ համակերպվել ֆիզիկական գոյության նոր կարգավիճակի հետ, երբ բժիշկները հիվանդությունը որակեցին անբուժելի: Առաջին կարգի հաշմանդամ Վահեի մոտ ախտորոշվել է «ցրված սկլերոզ» հիվանդությունը, որի հետեւանքով թուլացել է ամբողջ մարմինն, ու ինքնուրույն շարժում կատարելն այլեւս անհնար է դարձել: Մարմնի թուլության հետ ջնջվել են նաեւ նրա երազանքներն ու ապագայի հեռանկարը: Վահեն ապրում է այն բազկաթոռի վրա, որի հենակը հարմարեցվել է պարանոցի դիրքին: Այսօր գարնան յոթերորդ օրն է, իսկ 27-ամյա Վահեն, արդեն 11 տարի է, գարուն չի տեսել, դրսի օդը չի շնչել… Տիկին Սուսաննան անձայն մերսում է որդու մարմնի վերջույթներն ու անգամ լաց լինելիս ժպտալով ասում է` «Հա՛, տղաս, հա՛, խելոքս, դիմացի՛ր քիչ մնաց: Իմ տղան, իմ սիրունը, իմ խելացին, մի քիչ էլ դիմացիր՝ վերջացնում եմ: Սիրում եմ քեզ, որդիս…»: Անձայն լաց է լինում նաեւ անկյունում կուչ եկած Վահեի տատիկը: Տեսողությունն աստիճանաբար կորցրած Վահեն միայն լսում է մոր եւ տատի «Սիրում եմ քեզ» խոսքերը:

Շշմելու աստիճան բարի ու նրբանկատ տիկին Սուսաննան որդու հաշմանդամ դառնալուց հետո, արդեն 11 տարի, չի աշխատում, քանի որ Վահեն ամեն վայրկյան խնամքի կարիք է զգում: Նման ծանր հաշմանդամություն ունեցող մարդկանց ամենօրյա ծախսերն ու խնամքը տիկին Սուսաննային ստիպել է ծնողների Աջափնյակում գտնվող բնակարանը վաճառել եւ ապրել թոշակառու հոր եւ մոր հետ համատեղ: Ապրում են ծնողների ծերության թոշակով, 1-ին կարգի հաշմանդամ Վահեի 11.000 դրամ թոշակով եւ 8000 դրամ նպաստով: Տիկին Սուսաննան ասում է` «Մեզ շատ բաներից ենք զրկում, որպեսզի Վահեի համար տակդիրներ գնեմ: Հասկանո՞ւմ եք, պետության հատկացրած գումարն ավելի շատ վիրավորում է մարդուն, քան օգնում: Ես բարձրագույն կրթություն ունեմ, ժամանակին լավ աշխատանք եմ ունեցել, բարեկեցիկ կյանքով ենք ապրել, բայց հիմա գործազուրկ եմ, որովհետեւ որդուս կեցությունն ինձնից է կախված: Ինքնուրույն չի կարող շարժվել, հաց ուտել, եւ առհասարակ, ամեն րոպե անհրաժեշտ է նրա դիրքը փոխել»: Մոր կարճատեւ բացակայությունը Վահեի մոտ խուճապ է առաջացնում, քանի որ նա անզոր, անօգնական է: Տիկին Սուսաննան իր հոգսերի հետ փակվել է չորս պատի մեջ ու այլեւս կորցրել է այն հրաշքը, որին հավատալով՝ ակնկալում էր, թե մեկն իրենց ձեռք կմեկնի: Բազմիցս դիմել է Դավթաշենի թաղապետարան` գոնե օրական մեկ տակդիրով օգնելու խնդրանքով, դիմել է բարձրաստիճան պաշտոնյաների` օգնության խնդրանքով, սակայն այդ մարդիկ չեն արձագանքել, որովհետեւ չեն տեսել Վահեին եւ չեն պատկերացրել այս տղայի ծանր պատմության հետեւանքները: «Վահեն հայր չունի, երկու տարեկանից մենակ եմ մեծացրել: Ինչպես ասում են` տղաս մարմնով է հիվանդ, իսկ ես` հոգով: Ապրում ենք դառը վիճակում: Ձեր թերթի հոդվածների հերոսներին օգնելու համար հայտնվում են գործարարներ, բարեգործներ, ովքեր գթասիրտ են ու սատար են կանգնում կարիքավորներին: Երկուսով աղերսագին խնդրում ենք, որ մեր պատմությունն էլ ներկայացնեք: Գուցե մեկի գութը շարժվի»,- ասում է տիկին Սուսաննան, ով բաց նամակով դիմել է «168 Ժամ» թերթին` հույս ունենալով, որ մեր ընթերցողները կարձագանքեն այս հրապարակմանը: Տիկին Սուսաննան վստահեցնում է, որ ծնողները ժամանակին Վահեի անունով «Հայխնայբանկում» 2000 ռուբլի են ի պահ տվել, սակայն այժմ նույնիսկ այդ հերթացուցակի հարցում չեն ընդառաջում: Դիմել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Համբարձումյանին. «Պատասխանեցին, որ՝ երեսունհազարքանիերորդ հերթն է ձեր տղայինը: Աստված գիտի, թե երբ կտան, բայց նույնիսկ իր անունով բանկում պահած գումարը տալու հարցում չընդառաջեցին: Մեզ համար նույնիսկ դա մեծ գումար է: Պոլիկլինիկան դեղորայք է տրամադրում, որը մեզ պետք չէ, մեզ տակդիր է պետք, բայց… Թաղապետին դիմում եմ` գցում է պոլիկլինիկայի վրա, նախարարություն դիմում եմ` գցում է պոլիկլինիկայի վրա, պոլիկլինիկան էլ ասում է` ֆինանսավորում չունենք: Կարուսել է, որն անընդհատ պտտեցնում են մեր ցավի հետ միասին»: Հարցնում եմ` «Որեւէ երկրում կա՞ Վահեին բուժելու հնարավորություն»: Պատասխանում է` «Գերմանիայում, Ֆրանսիայում, Ամերիկայում այս հիվանդության դեմ կանխարգելիչ հզոր դեղամիջոցներ կան, որոնք, ճիշտ է` չեն բուժում, բայց թույլ էլ չեն տալիս, որ ախտահարվի նաեւ մյուս օրգանները: Նման հիվանդների վիճակը թեթեւացնում են եւ կանխում են բարդացումը: Ընդհանրապես այս հիվանդության բուժումն ինդիվիդուալ է. մեկին բուժում են, իսկ մյուսինն՝ անհնար է, բայց վիճակը թեթեւացնում են»: Տիկին Սուսաննան նշում է այլ երկրների քաղաքականությունը նման ծանր հաշմանդամություն ունեցող մարդկանց թոշակավորելու հարցում. «Նման հիվանդները ստանում են շատ բարձր թոշակ, խնամակալ, էլ չեմ ասում տակդիրի, դեղորայքի, բժշկական հսկողության առավելությունների մասին»: Մեր խոսակցությունն ընդհատվում է Վահեի անօգնական ճիչերի պատճառով: Ջղաձգված, հուզված տիկին Սուսաննան մոռանում է հոգսերի, դժգոհությունների մասին զրույցն ու իրեն անմիջապես «գցում» է դեպի Վահեն: Զգուշությամբ «դիրքավորում» է Վահեի ոտքերը, ձեռքերն ու պարանոցը եւ չի դադարում կրկնել` «Որդի՛ս, սիրո՛ւնս, անուշս, ես քեզ սիրում եմ»:

Դուրս եմ գալիս նրանց բնակարանից ու մտածում` Վահեի մոր եւ տատիկի մեջ այնքան սեր կա, որ կարծես Վահեն ապրում է միայն այդ սիրով: