Մեր օրերի տաքսիները

07/03/2009 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ

Հայաստանում նոր գեղարվեստական ֆիլմ է նկարահանվել: Այդ փաստը որքան ուրախալի ու զարմանալի է, այնքան էլ տրամաբանական է, քանի որ ֆիլմի ստեղծման նախաձեռնողը «Շարմ» ընկերությունն է: Իսկ «Շարմը» միշտ իր նախագծերն ավարտին է հասցնում եւ դրանք լավ գովազդում է («Տաքսի «Էլի լավ ա» ֆիլմը ոչ միայն ցուցապաստառներով է գովազդվում, այլեւ իր ինտերնետային կայքն ունի):

Ֆիլմի պրեմիերան, որը տեղի ունեցավ մարտի 4-ին, իր մեջ շատ սիմվոլիկ ուղերձ է պարունակում. ապացուցում է, որ ֆիլմի ստեղծումը ոչ միայն ծախսատար, այլեւ` ձեռնտու գործ է, մանավանդ, երբ ի սկզբանե ճիշտ խնդիր է դրվում: Իսկ ֆիլմի պրոդյուսերներ Ռուբեն Ջաղինյանն ու Արմեն Համբարձումյանը ճիշտ ու անվրեպ նշանակետին հարվածող կինոխնդիրն էին դրել հրավիրված ռեժիսորների առջեւ (ֆիլմը 10 ռեժիսորների կոլաժային պատմություններից է բաղկացած), նրանք ցանկացել են Երեւանի ու երեւանցիների մասին բարի կինոպատմություններ ստեղծել:

«Շարմ» ընկերության տնօրեն Կարեն Ղազարյանը` ներկայացնելով ֆիլմի ստեղծման նախապատմությունն, ասաց, որ իրենք լիակատար ազատություն, հավասար հնարավորություններ ու հավասար գումար են տվել ռեժիսորներին, միակ պարտադրանքը ջերմ զգացում փոխանցելն է եղել: «Ուզում էինք, որ ռեժիսորները լուսավոր ֆիլմեր ստեղծեին»,- ասաց նա:

Եթե այս ֆիլմում փորձենք իրական կյանք գտնել, ապա դժվարությամբ կգտնենք: Իսկ եթե ընդունենք, որ սա հայկական խորհրդանիշեր, կամ` ճիշտ կլինի ասել` համահայկական պատրանքներ որոնող ֆիլմ է, ապա այն հաջողվել է: Եվ շատ կարեւոր է, որ «Տաքսին..» հստակ ցուցադրում է մեր ժամանակակից կինոռեժիսուրայի թույլ եւ ուժեղ կողմերը, քանի որ 5-7 րոպեների ընթացքում իրականում պատմություն պատմելու ունակ մասնագետներն այնքան էլ շատ չեն: Ֆիլմում կան եւ՛ հաջող, եւ՛ չստացված, եւ՛ ուղղակի շշմելու հատվածներ: Բնական է, որ այդպես էլ լինելու էր, քանի որ ռեժիսորների «տրամաչափերը» եւ փորձը տարբեր են: Ի՞նչ արած, Հայաստանում վաղուց արդեն կինոպրոցես չկա, իսկ նման ֆիլմերը լավ դաշտ են բացում ու, ինչպես ասում են` շատ առողջ մրցակցություն են ստեղծում: Երբ հնարավորությունները նույնն են, իսկ արդյունքը տարբեր է, հասկանալի է դառնում՝ ովքե՞ր են կինոոլորտի առաջատարները: «Տաքսի «Էլի լավ ա» ֆիլմում շատ ամբողջական ու գեղեցիկ պատմություններ էին ներկայացրել Արամ Շահբազյանն ու Էդգար Բաղդասարյանը, ու թերեւս հենց միայն նրանց գործերում էր, որ կար ջերմ ու անթաքույց սերը` այն քաղաքի հանդեպ, որտեղ բոլորս միաժամանակ քաղաքի տերերն ու ծառաներն ենք: Ա.Շահբազյանը «Երեւանյան ռեգթայմում» պերսոնաժների ու իրավիճակների մանրակրկիտ ու արագափոփոխ խճանկար է ստեղծել: Դեմքերը, բնավորությունները, քաղաքի հատվածները պտույտի մեջ են մտնում, իրար են միահյուսվում, բախվում են, նոր իմաստ են ստանում, ու հանկարծ ամեն ինչ իր տեղն է ընկնում, քանի որ այլ կերպ լինել չի կարող, քանի որ կյանքը շարունակվում է, մենք էլ՝ հետը: Սա շատ գրագետ կառուցված դրվագ է, որտեղ կարող ենք ինքներս մեզ ճանաչել, ինքներս մեզ հետ հաշտվել ու, վերջիվերջո, ժպիտով ընդունել մեր քաոսային կյանքը, որտեղ տոնավաճառներում աշխատող տիկնայք, սեքսապիլ մատուցողուհիները, խորամանկ նարդի խաղացողներն ու բարեկամներ որոնող սփյուռքահայերը Երեւանի անփոխարինելի տարրերն են: Ի դեպ` մեծ սխալ կգործեն կինոֆինանսավորում ապահովող կառույցները, եթե չօգտագործեն Արամ Շահբազյանի կինոհայացքը, որը հաստատ այսօր ամենահետաքրքիրն ու պրոֆեսիոնալն է:

Մեծ քաղաքի ու փոքր մարդկանց թեման Էդգար Բաղդասարյանի «Դու գնագ» 10 րոպեանոց ֆիլմում ներկայացվում է գյուղից մայրաքաղաք ժամանած ու ստիպված մարմնավաճառ դարձած հերոսուհու (Արմինե Անդա) միջոցով: Առաջին հայացքից ճակատային թվացող այս սյուժեն շատ զավեշտալի ու հուզիչ երանգներ է ստանում: Աղջիկն իրականում չի կարողանում իր մարմինը վաճառել, փոխարենը փրկում է իր հույսերը: Հեղինակը չի թաքցնում, որ ֆիլմի ֆորման փոխառնված է Ֆելինիի հանրահայտ «Կաբիրիայի գիշերները» ֆիլմից: Եվ ժամանակակից հայուհին` իր փշրված երազներով ու մի քանի էժանագին կարկանդակներով տոպրակը ձեռքին` քայլում է Երեւանի փողոցով ճիշտ այնպես, ինչպես Ջուլիետա Մազինայի ստեղծած Կաբիրիան էր քայլում: Եվ նույն կերպ էլ ժպտում է` թախծոտ ու հուսադրող: Դասական է ժպտումգ Իսկ Է.Բաղդասարյանը նրան ասում է` դու գնա, հեռու մնա կեղտից, դու ավելի լավն ես…

Էմիր Կուստուրիցայի ազդեցությամբ է նկարահանված Արմեն Ղազարյանի «Հայկական ճանճերը» զվարթ ֆիլմը, որի հերոսները անընդհատ հարեւանների կյանքին ականջ են դնում, գաղտնալսում ու գաղտնադիտում են իրար, քանի որ այդպես են կարողանում հագեցնել ապրելու իրենց ծարավը: Սա գեղեցիկ ու ոճավորված ֆիլմ է, ինչպես նաեւ՝ գեղեցիկ ու տեխնիկապես անթերի է Դավիթ Բաբայանի «Շեկո» ֆիլմը, որի հերոսը քաղաքի լիիրավ բնակիչ Շեկո շունն է: «Շեկոն» կարծես ցուցադրում է մեզ այն վիզուալ հնարավորությունները, որոնք կարելի է ոչ միայն տեսահոլովակներում, այլեւ` լիամետրաժ ֆիլմերում կիրառել: Սա նույնիսկ ոչ այնքան ֆիլմ է, որքան հնարավորությունների հայտ է: Ֆոնը, գունային գամման ու կադրի կառուցումը ավելի շուտ կտավ են հիշեցնում, որտեղ յուրաքանչյուր տարր լավ մշակված ու հիմնավորված է: Լավ մշակված ու մռայլ գույներով է պարուրված Վահե Խաչատրյանի «Կապյուշոն» հատվածը, որի հերոսը ստի մեջ խճճված գործարար է (Միքայել Պողոսյան):

Իսկ «Հանրային» ալիքի գլխավոր պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանի նկարահանած «Ծանոթ ու անծանոթ սեր» ֆիլմն, ընդհակառակը, շատ պայծառ է։ Այդտեղ օգտագործվել են երիտասարդական ժարգոնն ու մթնոլորտը։ Ֆիլմը հաջող է ստացվել կյանքի ու ռոմանտիկայի բալանսը պահպանելու շնորհիվ։ Երեւանից չեն կորել այն տղաներն ու աղջիկները, որոնք, թեեւ սակավ գրագետ են (ասենք՝ «դաուն» բառի իմաստը չգիտեն), բայց մեծ սիրտ ունեն ու սիրո համար են պայքարում։ Սա ամբողջական ու քաղաքի շունչը ոչ թե գեղեցկացնող, այլ՝ պարզապես փաստող մի հատված է։

Ասելու բան ունենալն ու դա ասել կարողանալը տարբեր բաներ են: «Տաքսիգ» ֆիլմի նովելներից շատերը ասելու բան ունեն, բան դա ասել չեն կարողանում, ճանապարհի կեսից կորցնում են սյուժեի թելն ու պերսոնաժի նկարագիրը: Համենայնդեպս Գարիկ Մաշկարյանի «7 րոպե» ֆիլմին պակասում էր հենց հստակ սցենարը, եւ շատ հետաքրքիր մտահղացումը (ի՞նչ կարող է մի մարդը տալ մյուսին, բացի մի կաթիլ հույսից, ու ի՞նչը կարող է դրանից ավելի թանկ լինել) կորում է թերի պատումի ու մոնտաժի արդյունքում: Ֆիլմի ռեժիսորներից շատերը տեսահոլովակներ նկարահանող ռեժիսորներ են, միգուցե այդ պատճառով էլ նրանց ստեղծածը գեղեցիկ տեսահոլովակներ են, բայց ֆիլմեր չեն (համենայնդեպս Հրանտ Մովսիսյանն ու Ավագ Ավագյանը իրենց նյութը կարող էին շատ ավելի հետաքրքիր ու բազմաշերտ ներկայացնել, քան դա արել են)։

Ի դեպ` նախապես ավելի շատ ռեժիսորներ են ներգրավված եղել ֆիլմի ստեղծման մեջ, սակայն հետագայում եւ՛ ֆիլմի խրոնոմետրաժի պարտադրանքով, եւ՛ պրոդյուսերների որոշմամբ, որոշ մանրապատումներ ֆիլմի վերջնական տարբերակից դուրս են մնացել:

«Տաքսի «Էլի լավ է» ֆիլմը ուշագրավ հայտնագործություն է արել. այն հերոս է ստեղծել։ Բոլոր ռեժիսորների ոճն ու թեմաներն այնքան տարբեր են, որ թվում էր՝ դրանք դժվար թե իրար միահյուսվեն, սակայն գտնվել է (ռեժիսոր Վահե Խաչատրյանի շնորհիվ) այն կերպարը, որը բոլորին հարազատ ու հասկանալի է։ Դա տաքսիստն է, որը ոչ միայն միշտ «կապի մեջ է», այլեւ՝ քաղաքի ու բնակիչների կապող օղակն է։ Շնորհալի ու մեծ ներուժ ունեցող դերասան Լեւոն Հարությունյանն իր տաքսիստին օժտել է բարի ու շատախոս ամենագետի գծերով։ Նա բանիմաց է կենցաղում, օրինակ, շատ է սիրում պատմական հեռուստահաղորդումներ դիտել, որտեղ ասվում է հայերի՝ ամեն ինչում առաջինը լինելու մոլուցքի մասին (նույնիսկ «Մերսեդեսի» նշանն են առաջինը հայերը հնարել, դեռ հազարամյակներ առաջ), բայց երբ բանը հասնում է հասնել-հոգնելուն, նա առանց ավելորդ հաշվենկատության օգնության է շտապում։ Այդ տաքսիստը Երեւանի հոգեբանական «շտապ օգնությունն» է, որը լուրջ դեմքով բացատրում է, որ իր ուղեւորներին լավ տրամադրություն փոխանցելն իր սուրբ պարտականությունն է, եւ նրան հավատում ես։ Այդ կերպարի միջոցով ֆիլմում հայտնվում է ինքնահեգնանքը. շատ թանկ ու կարեւոր մի մոտեցում, որը թույլ է տալիս հանդիսատեսին միաժամանակ ժպտալ ու թախծել։

Լավ է, որ ֆիլմը չի ջանում օրիգինալ թվալ ու պարզապես օգտագործում է ժամանակով ստուգված կինոհնարքները։ Ֆիլմի ֆինալում տաքսու մեջ երեխա է ծնվում, եւ բոլորը մի քանի րոպեով միախմբվում են…

«Տաքսի «Էլի լավ ա» ֆիլմի ստեղծողները նախապատրաստվում են ֆիլմը տարբեր փառատոների ուղարկել, իսկ ֆիլմի անվանումը փոքր-ինչ խմբագրել, որպեսզի այն բոլոր ազգերի համար հասկանալի դառնա։