«ԱՐՄԵՆԱԼ» փայլաթիթեղագլանման գործարանը հասել է իր նախագծային հզորությանը` 25 հազ. տոննայի: Այդ մասին «Արմենպրեսի» հետ զրույցում ասել է գործարանի մամուլի քարտուղար Ալեքսանդր Մելքումյանը, ըստ որի՝ ձեռնարկությունը 2008թ. դեկտեմբերից 1,5 անգամ մեծացրել է օրական թողարկվող արտադրանքի ծավալը: Դա հնարավոր է դարձել հիմնական սարքավորումների համալիր արդիականացման եւ փայլաթիթեղի արտադրության ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման շնորհիվ: 2007թ. տարեսկզբին համալիր արդիականացումից հետո «ԱՐՄԵՆԱԼ»-ն արտադրել եւ իրացրել է շուրջ 30 հազ.տոննա պատրաստի արտադրանք: «ԱՐՄԵՆԱԼ»-ում կատարված տեխնոլոգիական նորարարություններից հետո մետաղի մշակման ինքնարժեքը 2008-ի դեկտեմբերին հուլիսի համեմատ նվազել է 42%-ով: Չնայած առաջնային ալյումինի միջազգային պահանջարկի անկմանը` փայլաթիթեղագլանման արտադրանքը գործնականում շարունակում է պահանջարկ վայելել բոլոր ոլորտներում: Նախագծային ողջ հզորության հասնելը, ըստ Ա. Մելքումյանի, «ԱՐՄԵՆԱԼ»-ին թույլ կտա բավարարել «ՌՈՒՍԱԼ» ընկերության փայլաթիթեղագլանման արտադրանքի պահանջարկը, որը շարունակաբար աճում է: Ընդ որում, ընթացիկ տարում ծրագրվում է 25%-ով ավելացնել առավել պահանջարկված 7-9 միկրոն հաստությամբ գերբարակ փայլաթիթեղի արտադրությունը: Մոտ ապագայում ձեռնարկության արտադրանքը, բացի Եվրամիության երկրներից եւ ԱՄՆ-ից, կարտահանվի նաեւ Մերձավոր Արեւելք եւ Աֆրիկա: