Վրացական բալետը հայկական օպերայի բեմում հրաշալի կատարում ունեցավ: Դասական ու ժամանակակից համարներից կազմված բալետային ծրագիրը, որը բացում էր Հայաստանում վրացական մշակույթի օրերը, գրեթե դատարկ նստատեղ չէր թողել Օպերայի դահլիճում: Արվեստասեր հայ հանդիսատեսից բացի, շատ էին վրացի հյուրերն ու Հայաստանում դիվանագիտական առաքելություն իրականացնող պաշտոնյաները: Ծափերից ու ոգեւորված բացականչություններից հասկանալի էր, որ հայ հանդիսատեսը գնահատեց վրացական բալետը: Պարային արվեստը հանդիսատեսին միառժամանակ կտրում էր իրականությունից, եւ միայն ընդմիջումների ընթացքում էր հանդիսատեսը ստիպված վերադառնալ չափազանց տխուր իրականություն: Օպերայի մեծ զուգարանում գրեթե վառվող էլեկտրական լամպ չկար, իսկ գարշահոտը մթության հետ խփում էր դեմքիդ: «Էկանոմիա են անում»,- զարմացած բացականչեց հյուրերից մեկը: Մյուսները դուրս եկան ու լուրը հասցրեցին զուգարանի դուռը դեռ չբացած բախտավորներին: Օպերայի աշխատակիցները զարմացած մեկը մյուսին հավատացնում էին, թե րոպեներ առաջ լուսավորության խնդիր չկար: Եվ, քանի որ րոպեներ առաջ այնտեղ չենք եղել, թույլ տանք մեզ հավատալ նրանց անկեղծությանը: Բայց գարշահոտությունն ինքն իր մասին արդեն խոսում էր, եւ աշխատակիցները կարող էին լռել: Բոլորը հիացած էին բալետային ծրագրով: Իսկ թե ինչ տպավորությամբ հեռացան մեր հարեւան երկրի հյուրերը, երբ չկարողացան օգտվել անգամ տարրական պայմաններից, կարելի է, բայց եւ շատ տխուր է պատկերացնել: