Մարտի 8-ի նախաշեմին Վիեննայում մրցանակ են հանձնել աշխարհի լավագույն 12 կանանց: Մրցանակի արժանացած կանանց թվում են դերասանուհի Մոնիկա Բելուչին, երգչուհի Անասթեյշան, ինչպես նաեւ եմենցի 10-ամյա մի աղջիկ՝ Նուդժուդ Ալին անունով: Աղջկան 8 տարեկան հասակում ամուսնացրել են իրենից 3 անգամ մեծ տղամարդու հետ: 9 տարեկանում նրան հաջողվել է ամուսնալուծվել: Այժմ Նուդժուդին երկրից դուրս չեն թողնում, ինչի պատճառով աղջիկը չի կարողացել ներկա գտնվել մրցանակաբաշխության արարողությանը: Սակայն շատերի համար աղջիկը դարձել է համարձակության մարմնավորում: «Աշխարհի կանայք» մրցանակաբաշխությունը տեղի է ունենում ամեն տարի:
Մրցանակը ստանում են շոու-բիզնեսի եւ քաղաքականության ամենահայտնի ներկայացուցիչները: Ժամանակին այս մրցանակին արժանացել են Նաոմի Քեմփբելը, Օպրա Ուինֆրին, Կատրին Դընյովը, Շերոն Սթոունը, Դոնաթելլա Վերսաչեն: Մրցանակաբաշխությունն առաջին անգամ կայացել է 2003թ.՝ ԽՍՀՄ վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովի նախաձեռնությամբ: