Դրամի կտրուկ արժեզրկման պատճառով նախօրեին հասարակության շրջանում առաջացած խուճապը շարունակվում էր նաեւ երեկ: Մարդկանց ամենաշատը մտահոգում է ապրանքների գների արդեն փաստացի եւ սպասվող թանկացումը: Որոշ մարզերում արդեն թանկացել է նաեւ հացը: Հացի թանկացման մասին երեկ խոսակցություններ կային նաեւ մայրաքաղաքում: Թե ինչ է սպասվում ապագայում, չգիտեն ոչ քաղաքացիները, ոչ էլ իշխանությունները, որոնք այս օրերին զբաղված են միայն օտարերկրյա վարկեր ստանալու գործով: Իսկ դա պայմանավորված է նաեւ նրանով, որ դրամի արժեզրկման արդյունքում ստեղծված իրավիճակին գումարվել է պետական բյուջեի թերակատարումը: Որոշ տեղեկությունների համաձայն, 2009 թվականի առաջին եռամսյակի համար պետբյուջեով նախատեսված շուրջ 160 մլրդ դրամից մարտ ամսվա սկզբի տվյալներով հավաքագրվել է ընդամենը 60 մլրդ դրամը: Եվ բյուջեի մուտքերի եռամսյակային ցուցանիշը կատարելու համար մարտ ամսվա յուրաքանչյուր օրվա հաշվարկով պետք է հավաքագրվի մոտ 3 մլրդ դրամ, այն դեպքում, երբ վերջին օրերին հավաքագրվել է պահանջվող գումարի մոտ 10 տոկոսը կամ օրական ընդամենը 300-350 մլն դրամ: Իսկ դա նշանակում է, որ կառավարությունն առաջիկայում ստիպված է լինելու կրճատել բյուջեի ծախսերը կամ, ինչպես ընդունված է ասել, իրականացնել սեկվեստր: Այլ կերպ ասած, կառավարությունը մոտ ապագայում կարող է կանգնել անվճարունակության խնդրի առաջ: Իսկ թե ինչ է լինում նման դեպքերում, շարադրված է «Սնանկացման մասին» ՀՀ օրենքում: