Հարկ է նկատել, որ վերջինիս մասին դեռ տարեսկզբին տեղյակ չէին, բայց այս
խորհրդարանում նրան հաջողվեց բավական մեծ թվով տեղեր գրավել։
Կուսակցության հաղթանակը, համանախագահ Արայիկ Հարությունյանի կարծիքով,
հիմնականում պայմանավորված էր քարոզարշավի ճիշտ կազմակերպմամբ, որի
ընթացքում թեկնածուները հասարակությանը ոչ միայն ծանոթացնում էին ծրագրի
դրույթներին, այլեւ կոնկրետ նշում էին դրանց իրականացման եղանակներն ու
ուղիները։ Նրա հավաստմամբ, մեծ դեր են ունեցել նաեւ կուսակցությունում
ընդգրկված անհատները, որոնցից շատերին հավատում ու վստահում են։
Չնայած մեծամասնական ընտրակարգով 8 պատգամավորության թեկնածուներ էլ են
ընտրվել (նրանք հանդես են եկել քաղաքացիական նախաձեռնությամբ), բայց արդեն
հայտնի է, որ դրանցից 7-ը կա՛մ վերոնշյալ կուսակցությունների անդամներ են,
կա՛մ համակիր։
Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ այս անգամ նույնպես Արցախի
ժողովրդավարական կուսակցությունը (նախկինում՝ «Ժողովրդավարական Արցախ»
միություն) խորհրդարանում մեծամասնություն կկազմի, իսկ «Ազատ Հայրենիք»
կուսակցության անդամների թիվը 12 է։ Վերոնշյալից կարելի է ենթադրել, որ
այս խորհրդարանը նախորդի ճիշտ շարունակությունն է։
Մեր ունեցած տեղեկություններով, Ազգային ժողովի նախագահ կընտրվի Արցախի
ժողովրդավարական կուսակցության ղեկավար, ԼՂՀ նախկին արտգործնախարար, ԼՂՀ
կրթության, մշակույթի եւ սպորտի արդեն նախկին նախարար Աշոտ Ղուլյանը, իսկ
ԱԺ փոխնախագահ` «Ազատ Հայրենիք» կուսակցության համանախագահ Ռուդիկ
Հյուսնունցը։ Ամենայն հավանականությամբ, «Ազատ Հայրենիքը» խորհրդարանում
կունենա մշտական հանձնաժողովների երկու նախագահ եւ մի քանի փոխնախագահ (ի
դեպ, ԼՂՀ Ազգային ժողովում գործում է 6 մշտական հանձնաժողով)։
Խորհրդարանում մեծամասնություն կազմող կուսակցության դիրքորոշումը պարզ է
բոլորի համար, առավել եւս, երբ այդ ուժն իշխանամետ է, իսկ ինչպիսի՞ն կլինի
բոլորովին նոր ուժի` «Ազատ Հայրենիք» կուսակցության դիրքորոշումը,
հնարավո՞ր է, արդյոք, որ ունենանք լրիվ իշխանամետ խորհրդարան։ Այս հարցերի
շուրջ զրուցեցինք կուսակցության համանախագահներից մեկի` ԱԺ պատգամավոր
Արայիկ Հարությունյանի հետ, որի կարծիքով, ներկայումս նրանց կարելի է
կառուցողական ընդդիմություն համարել, ուժ, որը փորձելու է Ազգային
ժողովում իրականացնել իր նախընտրական ծրագիրը, որը տարբերվում է
կառավարության եւ Արցախի ժողովրդավարական կուսակցության ծրագրերից։
«Փաստորեն այսօր մենք ծրագրային դրույթներով դեմ ենք ԱԺԿ-ին։ Իսկ ինչ
վերաբերում է կադրային փոփոխություններին, նշեմ, որ եթե մեծամասնություն
կազմեինք` կպահանջեինք այդ փոփոխությունները, իսկ ներկա պարագայում դա
հնարավոր չէ անել»,- այս կարծիքն արտահայտեց ԱԺ նորընտիր պատգամավորը։
«Իսկ հնարավո՞ր է խմբակցության որեւէ ուժին կամ որոշ պատգամավորներին
միանալը» հարցին ի պատասխան՝ նա նշեց, որ իրենք բազմիցս նշել եւ հիմա էլ
պնդում են, որ խորհրդարանում ոչ մի քաղաքական ուժի չեն միանալու, այլ,
ծրագրերի համընկնման դեպքում, համագործակցելու են նրանց հետ։