Առաջիկա երկու ամիսներին

06/03/2009

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի շրջանակներում Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպումը մոտ երկու ամսից կարող է տեղի ունենալ ցանկացած միջազգային խորհրդաժողովում»,- երեկ Բաքվում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը` նշելով, որ երկու կողմերն էլ աջակցություն են հայտնել այս նախաձեռնությանը: «Տարածաշրջան կատարած մեր այցի նպատակն էր՝ կազմակերպել նախագահների հաջորդ հանդիպումը, եւ սկզբունքորեն այդ նպատակին հասել ենք»,- ասել է նա` չհստակեցնելով, թե երբ եւ որտեղ կկայանա այդ հանդիպումը: Իսկ Բաքվում երեկ կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ եռանախագահների հանդիպումը, որին ներկա է եղել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը: Հիշեցնենք, որ այս այցի շրջանակներում դա նրանց երկրորդ հանդիպումն է. անցած ուրբաթ համանախագահները Բաքվից ժամանել էին Երեւան` նախապես հայտարարելով, որ հայկական կողմի հետ բանակցությունների արդյունքից է կախված` իրենք կրկին կմեկնե՞ն Բաքու, եւ կկայանա՞ երկու երկրների նախագահների հանդիպումը: