Իշխանությունները սպասում են ՀԱԿ-ի որոշմանը

06/03/2009 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Չնայած մամուլում քննարկվող տարբեր կարծիքներին, Հայ Ազգային կոնգրեսում վստահեցնում են, որ ՀԱԿ-ը մասնակցելու է մայիսի 31-ին կայանալիք Երեւանի քաղաքապետի ընտրություններին: Թե ով կգլխավորի Հայ Ազգային կոնգրեսի համամասնական ցուցակը, պարզ կդառնա հաջորդ շաբաթվա ընթացքում: Առաջիկա օրերին նաեւ վերջնականապես կպարզվի` արդյոք «Ժառանգություն» կուսակցությունը միանալո՞ւ է ՀԱԿ-ին` Երեւանի քաղաքապետի ընտրություններին միասնական ցուցակով մասնակցելու նպատակով, թե, այնուամենայնիվ, ունենալու է առանձին ցուցակ:

«Դա այն հարցերից է, որ այնքան էլ հեշտ չի որոշվում»,- ասում է «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Անահիտ Բախշյանը: «Ժառանգությունը», նրա խոսքերով` դեռեւս շարունակում է բանակցությունները Հայ Ազգային կոնգրեսի հետ, սակայն չի կարողանում կողմնորոշվել` գնա՞լ ՀԱԿ-ի հետ, թե՞ ոչ: «Իրապես դժվար է այդ որոշումն ընդունելը: Մենք ենք հայտարարություն արել, մենք ենք ՀԱԿ-ին բանակցելու կոչ արել, մնում է այդ գործընթացը վերջանա»,- երեկ հայտարարեց Ա. Բախշյանը: Բնականաբար, ըստ Ա. Բախշյանի` իրենց համար կարեւոր է` արդյոք ցուցակի առաջին համարը «Ժառանգությունից» կլինի՞, թե՞ ոչ: «Բոլոր խնդիրներն էլ կան, բոլոր տարբերակներն էլ պետք է քննարկվեն: Մեզ համար ամեն ինչն էլ կարեւոր է»,- ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահը:

Իսկ թե ով կգխավորի Հայ Ազգային կոնգրեսի համամասնական ցուցակը` դեռեւս ոչ ոք տեղյակ չէ: Թեեւ վերջին օրերին որպես Երեւանի քաղաքապետի` ՀԱԿ-ի թեկնածու՝ շրջանառվում էր հիմնականում ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի անունը, սակայն այդ հարցում կարծես դեռեւս Կոնգրեսում վերջնական որոշում չի կայացվել: Որոշ տեղեկությունների համաձայն, Ստեփան Դեմիրճյանն ինքը չի ցանկանում գլխավորել ՀԱԿ-ի ցուցակը: Չեն հաստատվում նաեւ խոսակցությունները, թե ՀԱԿ ցուցակում ընդգրկված են լինելու նաեւ բոլոր քաղբանտարկյալների անունները (բացի ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանից, ով չունի 3 տարի Երեւանում բնակության փաստաթուղթ):

Հասկանալի է, որ ՀԱԿ-ի ցուցակը գլխավորելու ցանկություն ունեն շատերը, սակայն դրանց թվում չկա այն մեկը, ում ՀԱԿ քաղաքական խորհուրդը ցանկանում է տեսնել իր ցուցակի առաջին հորիզոնականում: Բնականաբար, Երեւանի քաղաքապետի պաշտոնում ընդդիմության հավանական թեկնածուի կամ թեկնածուների մասին խոսում են նաեւ իշխանական շրջանակներում: Դատելով այդ խոսակցություններից, իշխանությունների համար Երեւանի քաղաքապետի ընտրություններում ամենաանցանկալին Ստեփան Դեմիրճյանի թեկնածությունն է: Իշխանական կուսակցություններում ասում են, որ եթե ընդդիմությունը ընտրություններում մասնակցի Ստեփան Դեմիրճյանի գլխավորած ցուցակով, ապա իրենց համար շատ դժվար կլինի Երեւանի քաղաքապետի ընտրություններում անցկացնել իրենց թեկնածուին: Եվ իշխանական շրջանակներում միակ հույսն այն է, որ ինչ-ինչ խմորումների արդյունքում ՀԱԿ-ը նման որոշում չի ընդունի, եւ համամասնական ցուցակը կգլխավորի այնպիսի անուն, որ կկարողանան անցկացնել իրենց թեկնածուին: Երեկ արդեն ԱԺ-ում լուրեր էին շրջանառվում, թե իշխանություններն արդեն «որոշել» են, թե որ քաղաքական ուժը որքան է «ստանալու» Երեւանի քաղաքապետի ընտրություններում: Սակայն բոլոր նման հաշվարկները շատ պայմանական են, քանի դեռ հայտնի չէ, թե ով է լինելու ՀԱԿ-ի թեկնածուն: Ինչ վերաբերում է «Ժառանգությանը», ապա իշխանական շրջանակներում վերջինիս առնչությամբ մտահոգություններ չկան: Իսկ մինչ ՀԱԿ-ը կորոշի, թե ով է գլխավորելու իր համամասնական ցուցակը, իշխանությունները քննարկում են ձայների նախնական «համամասնությունը»: Ըստ այդմ, ՕԵԿ-ին տրվելու է 5-6 տոկոս ձայն. նույն ՕԵԿ-ի կոալիցիոն գործընկերները հաշվարկել են, որ նախագահական ընտրություններում վարկաբեկվելուց հետո արդար ընտրությունների դեպքում Արթուր Բաղդասարյանի կուսակցությունը իրականում այդքան էլ չի ստանա: ՀՅԴ-ին, նույն խոսակցությունների համաձայն, կտրվի 8-9 տոկոս ձայն: Սակայն դա վերջնական թիվը չէ, եւ ենթակա է փոփոխման: «Բարգավաճ Հայաստանը», ըստ նույն սցենարի, ստանալու է 10-12 տոկոս ձայն: Սակայն, ինչպես նշեցինք, բոլոր այս հաշվարկները կարող են փոխվել` կախված ՀԱԿ-ի որոշումից: