«Այսօրվա գների մեջ չարաշահում չկա»,- երեկ հրավիրված ասուլիսում հայտարարել է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը: Նա ասել է, որ իրենց ուշադրության կենտրոնում գտնվող 40 ապրանքատեսակներից միայն 4-ի գների բարձրացում է այս երկու օրերին նկատվել` բենզին, շաքարավազ, ձեթ, կարագ: Ընդ որում, ըստ Շահնազարյանի, իրենց «նկատած» բարձրացումը էական չէ` ընդամենը 10-12 տոկոս: Իհարկե, երբ լրագրողները Շահնազարյանին մի քանի անգամ ներկայացրել են թանկացումների մասին ավելի իրական փաստեր, նա ի վերջո խոստովանել է, որ թանկացում է նկատվել նաեւ դեղերի շուկայում` մոտ 15 տոկոս: Այդքանից հետո նա կանխատեսել է, որ մոտ երեք ամիս գների վիճակը կպահպանվի այսօրվա մակարդակում, ինչից հետո կարող է արձանագրվել եւս 5 տոկոս գների աճ: «Մենք ավել թույլ չենք տա»,- հայտարարել է Աշոտ Շահնազարյանը` թերեւս ինքն էլ չհավատալով սեփական խոսքերին: Հիշեցնենք, որ խոսքն այն կառույցի ղեկավարի մասին է, որը ընդամենը նախօրեին պաշտոնապես հայտարարում էր, որ սպառողական ապրանքների գները բարձրանում են ժամ առ ժամ: Իհարկե, Ա. Շահնազարյանը ասել է, որ որոշ տնտեսվարողներ նախօրեին եւ երեկ` օգտվելով մարդկանց խուճապից` իրենց համար հավելյալ արժեք են ստեղծել` բարձրացնելով արդեն իսկ ցուցափեղկերում գտնվող ապրանքի գները: Շահնազարյանը պատմել է, որ շատ խանութներում, որտեղ մոնիտորինգ է իրականացվել իր ղեկավարած կառույցի կողմից, իրենց այցից հետո գները կրկին բարձրացրել են, եւ հանձնաժողովի անդամները ստիպված են եղել կրկնակի այցեր կատարել: Իսկ «Ա1+»-ի հարցին, թե ինչ միջոցներ են ձեռնարկվում այդպիսի տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ, Շահնազարյանը պատասխանել է, որ թող եւս մեկ օր էլ լինի նախազգուշական օր, իսկ այսօրվանից իրենք կսկսեն վարույթ հարուցել. երեկ արդեն որոշ դեպքերի վերաբերյալ, ըստ հանձնաժողովի նախագահի, իրենք տեղեկացրել են Պետեկամուտների կոմիտեին: Ա. Շահնազարյանն ասել է, որ չարաշահումներ են թույլ տվել նաեւ տարադրամի փոխանակման կետերը, եւ դոլարը վաճառել են անգամ 400-420 դրամով: Նա նկատել է, որ լողացող կուրսին անցնելու նախորդող շրջանում էժան գնով մեր հանրապետության դոլարն արտահանվեց, այլեւս անհնար էր այդպես պահել կուրսը: Լրագրողները հետաքրքրվել են, թե արդյո՞ք իշխանության ներկայացուցիչները չէին վերջին ամիսներին էժան գնով «հավաքում» մարդկանց դոլարը: Բնականաբար, Շահնազարյանը չի համաձայնել դրա հետ: «Ոչ, իշխանությունը լուծել է միայն մեկ խնդիր` սոցիալական»,- ասել է նա: