Երկու օր առաջ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հանդես եկավ հայտարարությամբ, ըստ որի՝ ԿԲ խորհուրդը որոշել է սահմանափակել արտարժութային շուկայում Կենտրոնական բանկի միջամտությունը` վերադառնալով լողացող փոխարժեքի քաղաքականությանը: Համաձայն ԿԲ գնահատականների, 2009թ. փոխարժեքի միջին մակարդակն ակնկալվում է 360-380 դրամ՝ 1 ԱՄՆ դոլարի դիմաց:
Սկսենք նրանից, որ համաձայն նույն ԿԲ տվյալների, Հայաստանում արտարժույթի փոխարժեքը միշտ էլ, իբրեւ թե, լողացող է եղել: Համենայնդեպս` այդպես է եղել վերջին հինգ տարիների ընթացքում: Այդ ժամանակահատվածում ՀՀ ԿԲ ղեկավարության եւ պաշտոնատար անձանց բոլոր պատասխաններն, ի հակադրումն այն պնդումների, որ ԱՄՆ 1 դոլարի դիմաց 305 դրամ փոխարժեքը արհեստականորեն պահվում է Կենտրոնական բանկի կողմից, միանշանակ էին. «Արտարժույթի փոխարժեքի որոշումը ԿԲ գործառույթների մեջ չի մտնում: Փոխարժեքը կարգավորում է շուկան»: Իսկ սա նշանակում է, որ վերոնշյալ ժամանակահատվածում Կենտրոնական բանկը բոլորին «տեղյակ է պահել» փոխարժեքի փաստացի «լողացող» լինելու մասին: Իսկ երկու օր առաջ պրն Ջավադյանը խոստովանեց, որ ԿԲ-ն մինչ այժմ պահել է այդ փոխարժեքը, սակայն հիմա որոշել է «վերադառնալ լողացող փոխարժեքի քաղաքականությանը»:
Ամբողջ խնդիրը, սակայն, նրանում է, որ երբ ԿԲ նախագահն այդ նույն ասուլիսի ժամանակ հայտարարում է նաեւ փոխարժեքի ակնկալվող մակարդակը` 360-380 դրամ՝ 1 ԱՄՆ դոլարի դիմաց, բոլորը հասկանում են, որ ոչ մի լողացող փոխարժեք էլ չի լինելու: Պարզապես ԿԲ-ն նախկին 305 դրամի փոխարեն նոր փոխարժեք է որոշել՝ 360-380 դրամ: Ինչպես ասում են. «Խաչը մերն է, զորությունը մենք գիտենք»: Ընդ որում, մասնագիտությամբ գյուղատնտեսության ինժեներ-մեխանիկ Կենտրոնական բանկի նախագահը այդ փոխարժեքի մասին խոսում էր այնպես, կարծես խոսքը գնում էր գութանի, կամ տրակտորի «կալենվալի» մասին, որը մաշվել է, եւ նոր «տուլկի-կլադիշներ» են անհրաժեշտ: Իրականում խոսքը գնում է մի ողջ պետության տնտեսության մասին, որն առանց այն էլ, համաշխարհային ճգնաժամի պայմաններում, բավականին փխրուն վիճակում է գտնվում: Եվ այս պայմաններում միայն ԿԲ-ի ֆոկուսներն էին պակասում մեզ:
Իսկ հիմա ֆոկուսների մասին: Արդեն կայացած փաստ է, որ ԿԲ նախագահի հայտարարությունից րոպեներ անց հասարակության շրջանում խուճապ սկսվեց, իսկ մանրածախ առեւտրի կետերում գներն աճեցին ոչ թե 20-30% (այսինքն՝ դոլարի փոխարժեքի աճին համարժեք), այլ 50-200%, ինչը հերթական անգամ առիթ հանդիսացավ մեր գործարարների համար՝ ստանալ գերշահույթ: Եվ որոշ անիմաստ հանձնաժողովներ թող լոլո չկարդան, թե շուկայի վիճակը վերահսկվում է ժամ առ ժամ: Ժամ առ ժամ նրանք ոչ թե վերահսկում էին, այլ, պարզապես, շարքային դիտորդի նման հետեւում, թե ինչպես է իրենց աչքի առջեւ փլուզվում հայկական դրամի կայունության մասին լեգենդը, եւ ինչպես են այս կամ այն ապրանքը ներկրելու մենաշնորհ ունեցող գործարարները ժամ առ ժամ հարստանում:
Այս ողջ պատմության մեջ անհասկանալի է միայն, թե ինչո՞ւ էր պետք առանց այն էլ քաղաքական եւ սոցիալական լարվածության մեջ գտնվող հասարակությանը եւս մեկ անգամ գցել սթրեսի մեջ, կամ, ինչպես իրենք են ասում, շոկային իրավիճակ ստեղծել: Երբ դեռ աշնանից բոլորին, անգամ՝ տնտեսությունից ոչինչ չհասկացող մարդկանց, հասկանալի էր, որ դոլարի փոխարժեքը հնարավոր չի լինի պահել նույն մակարդակի վրա, ինչո՞ւ հենց այն ժամանակ մեր ԿԲ-ն չընտրեց դրամի անկման սահուն եղանակը, այլ նախընտրեց շոկը: Անգամ ռուսները, որոնք շատ դեպքերում նախընտրում են «ՄՏՍ – ֆՑՏ տՏ-վՈՔպՎց» կարգախոսը, այս անգամ գերադասեցին ռուբլին արժեզրկել «փափուկ» եղանակով: Չէ՞ որ այդ տնտեսական շոկի քաղաքական հետեւանքները ոչ թե ԿԲ-ի գլխին են ջարդվելու, այլ քաղաքական իշխանության: Եվ երբ Նոր տարվա նախաշեմին Կառավարությունն ու ԿԲ ղեկավարությունը ՀՀ նախագահին վստահեցնում էին, որ ամեն ինչ վերահսկվում է, փաստորեն, խաբում էին նրան:
Մի քանի օր առաջ Ծաղկաձորում վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց, որ իր կարծիքով՝ այսօր աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները, որոնք շատերն անվանում են ճգնաժամ, ինքը գնահատում է՝ որպես քաոս: Քաոս, որի հետեւանքով նոր աշխարհ է ստեղծվելու, որի մասին դեռ ոչ ոք ոչինչ չի կարող ասել: Վարչապետի այս կարծիքը հիշեցի, որովհետեւ այդ հարցում լիովին համաձայն եմ նրա հետ: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված ֆինանսական համակարգը քանդվել է: Եվ քանի որ «սուրբ տեղը երբեք դատարկ չի մնում», պարզ է, որ այդ համակարգին գալու է փոխարինելու նորը: Եվ բնական է, որ գերտերությունները այդ նորի փնտրտուքներում բազմաթիվ փորձարկումներ են անելու փոքր հետամնաց եւ զարգացող երկրների վրա: Կարծում եմ, որ նման պարագայում պետք է «սուս ու փուս» նստել եւ առանձնապես չցցվել, որպեսզի այս փորձարկումների ժամանակաշրջանում աշխարհիս ուժեղների ձեռքին, հերթական անգամ, չդառնանք փորձարկմանը ենթակա ճագար կամ առնետ:
Չէ՞ որ մենք միշտ սիրում ենք ընդգծել, որ հայերը շատ հարցերում առաջինն են եղել: Եկեք գոնե այս հարցում առաջինը չլինենք: Այս պարագայում, մեր եւ մեր երեխաների ապագայի համար դա ավելի լավ կլինի: