Կփլուզվի՞, արդյոք, կոալիցիան

06/03/2009 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

«Եթե ինձ հետ մի բան պատահի, դրա անմիջական պատասխանատուն այսօրվա գործող իշխանություններն են»,- անցած տարվա փետրվարի 3-ին Ազատության հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ, այն ժամանակ ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանը` նշելով, թե տեղեկություններ ունի, որ իր դեմ մահափորձ է նախապատրաստվում: Այս հայտարարությունից հաշված օրեր անց` 2008թ. մարտի 21-ին, այնպես պատահեց, որ Ա. Բաղդասարյանը «գործող իշխանությունների» ներկայացուցիչների հետ միասին ստորագրեց քառակողմ կոալիցիոն հուշագիրը եւ իր այդ քայլի համար ժողովրդի կողմից վաստակեց «դավաճան» պիտակը:

Մոտ երկու շաբաթ հետո լրանալու է քառակողմ կոալիցիոն հուշագրի ստորագրման 1 տարին: 2008թ. այդ օրը «Հանրապետական», «Բարգավաճ Հայաստան», «Դաշնակցություն» եւ «Օրինաց երկիր» կուսակցությունների ղեկավարներ Սերժ Սարգսյանը, Գագիկ Ծառուկյանը, Արմեն Ռուստամյանը եւ Արթուր Բաղդասարյանը կառավարության շենքում ստորագրեցին հուշագիրը եւ հայտարարեցին, որ իրենց ջանքերը միավորելով՝ պետք է փորձեն իրականացնել հայ ժողովրդի սպասելիքները: Փաստաթուղթը ենթադրում էր Հայաստանի համար «սոցիալ-տնտեսական եւ քաղաքական լայնամասշտաբ բարեփոխումների իրականացում»: Հիշեցնենք նաեւ, որ կոալիցիայի ստեղծումից առաջ նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ առանձին-առանձին նման լայնամասշտաբ բարեփոխումների խոստումներ էին տալիս նաեւ նույն կուսակցությունների կողմից առաջադրված նախագահի թեկնածուները: Խոստումներից բացի, նրանք նաեւ բավականին պերճախոս ելույթներով վեր էին հանում եւ քննադատում մեր իրականության մեջ գոյություն ունեցող արատավոր երեւույթները:

«Մենք պետք է վճռական ոչ ասենք սրանց, ամեն գնով իրենց իշխանությունն ու հարստությունը պահելու այս անհագ ձգտումներին: Այդ պատճառով պետք է հնարավորինն անել, որպեսզի բիզնեսի եկամտաբեր ճյուղերը Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հրահանգով չկենտրոնացվեն մի խումբ օլիգարխների ձեռքին՝ ապահովելու համար թե՛ նրանց, եւ թե՛ նրանց ծնող իշխանությունների բարեկեցությունը»,- կրքոտ ելույթում հայտարարում էր ՕԵԿ երիտասարդ նախագահ, այսօր արդեն՝ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

«Հայաստանում ձեւավորվել է մի արատավոր մոդել, երբ կառավարումն իրականացվում է տնտեսական հզոր կլանների միջոցով, որոնք ամբողջությամբ վերցրել են քաղաքական իշխանությունը: Տնտեսական մենաշնորհն անցել է քաղաքական ոլորտ` դառնալով նաեւ քաղաքական մենաշնորհ»,- իր հերթին ասում էր նախագահի ՀՅԴ-ական թեկնածու Վահան Հովհաննիսյանը:

Այս մարդիկ իրենց նախընտրական «ազգանվեր առաքելությունը» կատարելուց հետո միացան իշխանություններին: Ընտրություններից, հուշագրի ստորագրումից եւ նման լայնամասշտաբ խոստումներից հետո անցել է մոտ 1 տարի: Եվ ի՞նչ է բարեփոխվել Հայաստանում: Կոալիցիան որքանո՞վ է իրականացրել տված խոստումները, կամ որքանո՞վ է այսօր ամուր այդ կառույցը: Անցած մեկ տարվա ընթացքում հատկապես ընդդիմությունը բազմաթիվ անգամներ հայտարարել է, թե կոալիցիան ճաք է տալիս, փլուզվում է: Կոալիցիայի մաս կազմող կուսակցություններն էլ երբեմն-երբեմն իրար հետ անհամաձայնության նշաններ են ցույց տալիս: Երբեմն ԲՀԿ-ն է Ազգային ժողովում ընդդիմանում մեծամասնության ներկայացրած տնտեսական օրինագծին, որոշ դեպքերում էլ` ՀՅԴ-ն: «Կոալիցիան կամաց-կամաց քանդվում է»,- անցած շաբաթ էլ հեռուստաընկերություններից մեկում նման հայտարարություն արեց «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը: Այս հայտարարությունը կարելի է համարել սենսացիոն այն առումով, որ Բ.Բեգլարյանը իշխանություններին, հատկապես՝ նախագահ Սերժ Սարգսյանին մոտ կանգնած գործարարի համարում ունի: Նրան է պատկանում Հայաստան ներկրվող բենզինի շուկայի հսկայական մասը: Արդյո՞ք գործարարի հայտարարությունը իրական հիմքեր ունի: Մենք փորձեցինք իշխանությանը մաս կազմող կուսակցությունների ներկայացուցիչներից ճշտել, թե 1 տարի անց որքանո՞վ է ամուր քաղաքական կոալիցիան: ԲՀԿ անդամ Նաիրա Զոհրաբյանն անհիմն է համարում կոալիցիայի քանդման մասին լուրերը եւ գտնում է, որ իշխանությունները կամաց-կամաց կատարում են իրենց առաջ դրված խնդիրները: «Կոալիցիայի ստեղծման օրվանից այդ խոսակցությունները եղել են: Ես կարծում եմ, որ կոալիցիան աշխատելու է մինչեւ իր ժամկետի ավարտը»,- ասում է Ն.Զոհրաբյանը:

Նույն լավատեսական տրամադրություններն ունի նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, որը հորդորում է չհավատալ բամբասանքներին: ՕԵԿ անդամ Հեղինե Բիշարյանը, ով 1 տարի առաջ ասում էր, թե «Մալաթիա-Սեբաստիա համայնքում երկրից հարուստ օլիգարխներից մեկը` Սամվել Ալեքսանյանը, բացել է փողի տոպրակները, կաշառում է ոչ միայն ժողովրդին, այլեւ ընտրական հանձնաժողովի անդամներին», այսօր արդեն գոհ է կոալիցիայի աշխատանքներից: Նա տեսել է, որ իշխանությունները հարկային դաշտ են բերում խոշոր բիզնեսը: «Ես տեսնում եմ, որ իշխանությունները որոշակի քայլեր արել են ստվերից դուրս գալու համար: Ընդամենը 1 տարի է անցել, եւ ես հույս ունեմ, որ հաջորդ տարիներին կոալիցիան կկատարի իր առաջ դրած խնդիրները»,- ասում է տիկին Բիշարյանը:

Իսկ անցած տարվա ընտրություններում նախագահի ՀՅԴ-ական թեկնածու Վահան Հովհաննիսյանն ընդհանրապես չցանկացավ մեկնաբանություններ տալ: Ի դեպ, հիշեցնենք նաեւ, որ վերջին երկու կուսակցությունների անդամները խոստումներ էին տալիս, թե օրինական դաշտ կբերեն վառելիքի ու շաքարավազի շուկաները, որոնք պատկանում են «երկրից հարուստ» Բ.Բեգլարյանին ու Ս.Ալեքսանյանին:

Խորհրդարանական ընդդիմության` «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը, սակայն, կոալիցիայի փլուզման հեռանկարը համարում է հնարավոր: Պատգամավորը գտնում է, որ հատկապես սոցիալ-տնտեսական հողի վրա, տնտեսական շահի համար առաջացած խնդիրների պատճառով իշխանությանը մաս կազմող կուսակցությունների միջեւ կարող են առաջանալ լուրջ տարաձայնություններ: «Այսօր մենք տեսնում ենք, թե առանձին կուսակցություններ ակցիզային հարկի կամ հարկային այլ օրենքների փոփոխության պատճառով ինչ կեցվածք են ընդունել: Նրանք բոլորն էլ ունեն իրենց տնտեսական շահը: Եվ այդ հողի վրա առաջացած ցանկացած տարաձայնություն կարող է բերել կոալիցիայի քանդմանը: Չի բացառվում, որ մի օր իշխանական կուսակցություններից մեկը դառնա ընդդիմադիր, կամ էլ կուսակցությունից պոկվեն առանձին պատգամավորներ»,- ասում է Ա.Մարտիրոսյանը:

«Չեմ բացառում, որ առաջիկայում վարչախումբը կարող է հայտնվել այնպիսի ճարահատյալ վիճակում, որ հարկադրված լինի իր ողջ կազմով հրաժարական տալ»,- կոալիցիայի, նույնն է թե՝ իշխանության ամրության մասին անցած կիրակի օրը կայացած հանրահավաքի ժամանակ էլ հայտարարել էր ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: