Ալավերդիում հացը թանկացել է

06/03/2009 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Մինչ Ալավերդու տարադրամի փոխանակման կետերում փոխում էին դոլարի արժեւորումը հաստատող թվերը, քաղաքի մի շարք խանութներում տեղի ունեցավ մի քանի ապրանքատեսակների թանկացում:

Դեռեւս այս երեքշաբթի Ալավերդու հացի գործարանի 590 գրամ քաշով հացն արժեր 180 դրամ, սակայն անմիջապես հաջորդ օրը նույն կշիռն ունեցող հացի գինը թանկացավ` հասնելով 210 դրամի: Գնի բարձրացում նկատվեց նաեւ շաքարավազի վաճառքի պարագայում. 1կգ շաքարավազը 240 դրամից հասավ 280 դրամի: Ալավերդու մթերային խանութների վաճառողներն ասում են, որ գների այս թռիչքի նկատմամբ ալավերդցին մնացել է անտարբեր։ «Էսօր առավոտ մի կիլո պեսոկ եմ վաճառել, առայժմ էդ ա, գնորդն էլ ի՞նչ պիտի աներ. ստիպված առավ»,- ասում է Ալավերդու շուկայի վաճառողուհի Անահիտ Ուլուխանյանը, ով արդեն մի քանի ամիս է` պարտքով ապրանք չի տալիս գնորդներին։ «Կես միլիոնի պարտք ունենք. չնայած խուսափում ենք պարտքով ապրանք տալուց, բայց ծայրահեղ դեպքում տալիս ենք նրանց, ովքեր կայուն եկամուտ ունեն, ասենք` թոշակառուներին եւ նպաստառուներին»: Մինչդեռ մսամթերքի վաճառքի կետերում համաձայն են անգամ պարտքով առեւտրին։ «Ի՞նչ ասեմ, որ ալավերդցիք միս չե՞ն առնում, որ անգամ Նոր տարուն առեւտուր չեմ անում: Գոնե նախկինում կարողանում էի ծախսերս փակեմ»,- նշում է ալավերդցի մսավաճառ Վարուժանը: Պատկերը նույնն է նաեւ Ալավերդու հանրախանութում, որտեղ արդեն երկու շաբաթ է` ո՛չ հագուստ են վաճառում, ո՛չ էլ այլ ապրանքներ։ «32.000 դրամ տարածքի համար փող եմ տալիս: Էս երկու օրը ընդհանրապես առեւտուր չեմ արել, դաժե տեղի փողը չեմ հանել»,- ասում է հանրախանութի վաճառողուհիներից Իրինան, ով, արդեն տեւական ժամանակ է` հին ապրանքից չի ազատվում: Պատկերն ավելի ողբալի է գրենական պիտույքների խանութներում, որտեղ, թեեւ գների բարձրացում չկա, բայց վաճառողներն ասում են, որ առեւտուր էլ չկա. «Մի սեզոն կա` օգոստոսին, որ լավ առեւտուր ենք անում, մնացած ժամանակ առեւտուրը շատ վատ է»: Անկախ սեզոնից` վիճակը վատ է նաեւ տաքսիների սպասարկման կետերում: Տաքսու վարորդ Հմայակն, արդեն 6 ամիս է, տաքսի է վարում, ասում է` նախկինում իրենց գործը շատ լավ էր, անգամ չէին հասցնում պատվերները կատարել, իսկ հիմա անգամ «սֆթա» էլ չեն անում. «Էս պահին քաղաքում 6 տաքսու սերվիս կա, բայց լրիվի գործը կանգնել ա: Ըսենց էլ ավտոյիս մեջ նստած եմ ու սպասում եմ կլիենտներին, բայց մեր ժողովուրդը հացի փող չունի, էլ ո՞ւր մնաց՝ տաքսի նստի»: Այս պահին Ալավերդիում միակ շահավետ բիզնեսը ծաղկի բիզնեսն է, որտեղ կրկին գների բարձրացում է նկատվել: Օրինակ` միջին ծաղկեփնջերի գինը 1000 դրամով աճել է: Ծաղիկների վաճառքով զբաղվող Էմիլը գների բարձրացումը պայմանավորում է ոչ թե դրամի արժեզրկմամբ, այլ առաջիկա տոներով։ «Ծաղիկները հիմնականում առնում են տխուր առիթների դեպքում, անտրամադիր վիճակ է քաղաքում, բայց հես ա տոներ կգան, երեւի կառնեն»,- պատրաստելով հերթական ծաղկեպսակը` նշեց Էմիլը` փառք տալով Աստծուն, որ գոնե ինքը դժգոհ չէ իր գործից. օրական առեւտրի միջինը անցնում է 10.000-ից:

Շուկայի հսկիչ Անժոն էլ չի դժգոհում իր գործից, ասում է` ընտանիքում ինը հոգի ենք, տասներորդն էլ նոր է աշխարհ գալու, ու բոլորին պահում է տիկին Անժոն` իր 20.000 դրամ աշխատավարձով. «Հացը թանկացել ա, միս էլ արդեն տարիներով չենք ուտում, էն, ինչ էժան ա, էդ էլ առնում ենք, պարտքերս էլ կոկորդիցս են անցնում, իբր ապրում ենք. հես ա իրիկունը գնամ տուն` 2 տարեկան թոռնիկս ասելու ա` Անժո՛, ինչ ես բերել, սոված եմ, երբ ասում եմ` ոչ մի բան, պատասխանում է` դե գնա»: Ընդհանրապես Ալավերդիում մարդիկ շվարած են, չգիտեն` ինչպե՞ս են գոյատեւելու, օրվա հաց հայթայթելու: Աշխատանք չկա, հարազատներն էլ ի վիճակի չեն այլեւս Ռուսաստանից օգնություն ուղարկելու: Մեր հարցումներին ի պատասխան՝ շուկայի հսկիչը միայն եզրակացրեց. «Ըսենց որ գնա` սովից կմեռնենք, սաղ ալավերդցիներն էլ կմեռնեն», ապա թե` «Աղջիկ ջան, իսկ Երեւանո՞ւմ ինչ կա»:

Ալավերդի-Երեւան