«Հայաստանի տնտեսությունում երեկ տեղի ունեցածը քրեագիտության ոլորտից է, եւ Դատախազությունը պետք է պարզի, թե այդ ինչպե՞ս եղավ, որ մեկ օր առաջ մարդիկ բորսայում 31 միլիոն դոլարից ավելի վաճառք են իրականացրել պետական պահուստներից` 307 դրամով, իսկ հաջորդ օրն առավոտյան ԿԲ-ն արդեն շոկային 372 դրամով է վաճառում դոլարը»,- երեկ հրավիրված ասուլիսում նման հայտարարություն է արել «Պոլիտէկոնոմիա» կազմակերպության նախագահ, տնտեսագետ Անդրանիկ Թեւանյանը: «Դատախազությունը պետք է պարզի, թե վերջին 5 օրվա ընթացքում ովքե՞ր են եղել դոլարի հիմնական գնորդները, կապիտալի ի՞նչ արտահոսք է եղել Հայաստանից, ովքե՞ր են այդ արտահանող սուբյեկտները: Ամենակարեւորը, ովքեր պարտավոր են ու չեն ուղարկում հրաժարական Տիգրան Սարգսյանի կառավարությանը, ուրեմն իրենք էլ են իրենց վրա վերցնում այս ամբողջ պատասխանատվությունը,- ասել է Թեւանյանը` ավելացնելով,- Սրա համար պետք է պատասխան տան կոնկրետ պաշտոնյաներ. վարչապետը, ԿԲ նախագահն ու էկոնոմիկայի նախարարը, ովքեր ներկա տնտեսական քաղաքականության մշակողներն են, պետք է հրաժարական տան, որովհետեւ նրանք ձախողել են բոլոր քաղաքականությունները: Իրենց բոլոր պրոգնոզները չեն իրականացել, եւ նրանք գիշերով, գաղտագողի մտել են բոլորիս գրպանը»: Ըստ նրա, եթե իշխանությունները անցնելու էին նման կտրուկ շոկային քաղաքականության, ապա թող շուտ դիմեին այդ քայլին եւ չվատնեին պետական պահուստները: «Եթե ջեբկիրը մեզանից 10 դոլար գողանա, անմիջապես պատասխանատվության կենթարկվի, իսկ նրանք մի քանի հարյուր դոլար են գողացել մարդկանց գրպանից»,- ասել է Թեւանյանը: Ինչ վերաբերում է առաջիկային, ապա, ըստ տնտեսագետի, ֆինանսական շուկայում առկա աժիոտաժը դեռ մեկ շաբաթ կպահպանվի, մինչեւ իրավիճակը կայունանա: