Երեկ արդեն Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում կայացել է «7-ի գործով» դատավարությունը, որը վարել է մինչեւ մարտի 1-ը Երեւանի քրեական դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը` Մացոն:
Նա երեկ ներկայացել է որպես Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր եւ հայտարարել է, որ «7-ի» գործը շարունակելու է նախագահել: Հիշեցնենք, որ «7-ի գործով» նախորդ նիստում Մարտիրոսյանը ինքն իրեն որոշել էր, որ նաեւ Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում այս գործով դատավորը լինելու է ինքը: Ըստ «Ա1+»-ի, երեկ, երբ Մարտիրոսյանը դատարանի դահլիճում ներկաներին ծանոթացրել է Քր. դատ. օր.-ի փոփոխություններին, որոնց համաձայն` այսուհետ դատավարությունը կարող է շարունակվել նաեւ ամբաստանյալների բացակայության պայմաններում, քաղբանտարկյալ Ալեքսանդր Արզումանյանը թվարկել է Քր. դատ. օր.-ում կատարված փոփոխություններից հետո օրենսգրքում առաջացած հակասությունները: Նույն Քր. դատ. օր.-ի 23 հոդվածի համաձայն՝ կողմերի մասնակցությունը դատավարությանը պարտադիր է, իսկ փոփոխությունների համաձայն` ոչ: «Դուք թքած ունեք օրենսգրքի վրա: Մենք ձեզ առաջարկում ենք` Դուք ֆիքսեք օրենքի բոլոր հակասությունները եւ դիմեք ԱԺ եւ դրանից հետո նոր որոշում կայացրեք: Մեղադրող կողմի հորդորով ԱԺ-ն փոփոխությունն է կատարել, սակայն ես տասնյակ հակասություններ կարող եմ ցույց տալ: ԱԺ-ում կիսագրագետ պատգամավորները մտել են իրավագիտության բոստանը եւ Ձեզ` դատարանին կրակն են գցել»,- ասել է Ա. Արզումանյանը: Նույն կոչով դատավորին է դիմել նաեւ Մյասնիկ Մալխասյանը` ասելով. «Դուք երեւի ժամանակ չունեք փոփոխություններն ուսումնասիրելու, բայց մենք շատ մանրամասն ուսումնասիրել ենք: Օգտվեք ձեզ ընձեռված հնավորությունից, Դուք հիմա այլ դատարանի նախագահ եք եւ ինքնաբացարկ հայտարարեք»: Իսկ երեկ Ա. Արզումանյանի փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը Մարտիրոսյանի ինքնաբացարկի նոր միջնորդություն ներկայացրեց` հաշվի առնելով այն փաստը, որ նա «7-ի գործի» վերաբերյալ փետրվարի 27-ին որոշում էր կայացրել մարտի 1-ին ուժի մեջ մտնող որոշման համաձայն: Արզումանյանի փաստաբանի միջնորդությանը միացել են նաեւ մյուս քաղբանտարկյալների պաշտպանները, ինչպես նաեւ դատարանում ներկա մարտի 1-ի 10 զոհվածներից մի քանիսի հարազատները: Միջնորդությանը դեմ արտահայտվեց միայն մեղադրող Կորյուն Փիլոյանը` ասելով, որ մեղադրվողները այս միջնորդությամբ մեկ նպատակ են հետապնդում` հետաձգել դատավարությունը եւ այն սկսել 0-ից: «Ինձ որպես ՀՀ քաղաքացի՝ վիրավորում է Փիլոյանի հայտարարությունը: Ի՞նչ է` 0-ից անցե՞լ ենք: Մենք թույլ չենք տա, որ նա այստեղ նման պրոպագանդայով զբաղվի: Նա առաջին հերթին դատավորին է վիրավորում եւ այն անեկդոտը հիշեցնում. «Պապ, սովա՞ծ եմ, թե՞ քունս է տանում»: Նա Ձեզ է ասում, որ սոված եք: Ես Ձեր փոխարեն եմ վիրավորվում»,- դատավորին ասել է Ա. Արզումանյանը: Փիլոյանի ելույթից հետո դատավորին է դիմել նաեւ քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանը` հայտարարելով. «Ես օրենսգրքի նոր փոփոխություններին ծանոթ չեմ, իսկ Դուք պաշտպան ունենալու իրավունք ունե՞ք: Փիլոյանը ոնց որ ոչ թե մեղադրող լինի, այլ Ձեր պաշտպանը»: Իսկ առանց ամբաստանյալի դատը շարունակելու վերաբերյալ Քր. դատ օր.-ի փոփոխությունը երեկ առաջինը կիրառվել է «7-ի գործով» քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի նկատմամբ: 2 ժամ ընդմիջումից հետո դատավոր Մարտիրոսյանը վերադարձել է նիստերի դահլիճ եւ Շանթ Հարությունյանին 4 օրով հեռացրել դահլիճից` «դատական նիստը խանգարելու եւ դատավորին վիրավորելու համար»: Մինչ այդ Հարությունյանը հայտարարել էր, որ եթե իր ընտանիքի, իր երեխայի, քրոջ եւ կնոջ հետ որեւէ բան պատահի, ապա ՌԴ հատուկ ծառայությունների ձեռքի գործն է: Հարությունյանին դատարանից հեռացնելու պահին Ալեքսանդր Արզումանյանը դատավորին կոչ է արել դադարեցնել ապօրինությունը եւ կիրառել ոչ թե Քր. դատ օր.-ի փոփոխությունը, այլ հոդված 23-ը` որ դատավարությանը պարտադիր է համարվում բոլոր կողմերի մասնակցությունը: Մնացականյանը «վիրավորվել» է նաեւ Արզումանյանի որոշումից եւ նրա նկատմամբ նույնպես դատարանից 4 օրով հեռացնելու որոշում է կայացրել: «Ի՞նչն եմ խոչընդոտում, Ձեր ապօրինություննե՞րը: Ուզում ես առանց մեզ դատ անել, արա: Մեզ համար մեկ է, թե ով մեզ կդատի` Մնացակա՞նը, թե՞ Պողոսը»,- դատարանից դուրս գալու ընթացքում հայտարարել է Ա. Արզումանյանը: Ի դեպ, երեկ Ա. Արզումանյանը Մարտիրոսյանից պահանջել է «7-ի գործով» կայացրած նրա բոլոր որոշումները միջազգային տարբեր կառույցներին ուղարկելու համար: Արզումանյանն ասել է, որ դիմել է տարբեր կառույցների` Մնացական Մարտիրոսյանի, ինչպես նաեւ՝ ապօրինություններ կատարած մյուս դատավորների մուտքը քաղաքակիրթ երկրներ արգելելու համար` որպես մարդու իրավունքների ոտնահարողներ: Իսկ Ա. Արզումանյանին դատարանի դահլիճից հեռացնելուց հետո բոլոր քաղբանտարկյալները հայտարարել են, որ չեն պատրաստվում մասնակցել դատավարությանը: «Մենք Ձեզ չենք ճանաչում: Մենք չենք հասկանում, որ դատարանի դատավորն եք, ինչ գործ ունեք այս գործի հետ»,- հայտարարել է Մյասնիկ Մալխասյանը: Ուշադրություն չդարձնելով քաղբանտարկյալների հայտարարություններին՝ դատավոր Մարտիրոսյանը հայտարարել է քաղբանտարկյալներին նիստերի դահլիճից հեռացնելու եւ «7-ի գործով» դատավարությունը մինչեւ մարտի 9-ը հետաձգելու մասին: