«Դա միայն աշխատանք չէ, ոչ էլ՝ մասնագիտություն: Դա կիրք է: Վերջիվերջո
ես ահռելի պատասխանատվություն եմ իմ ուսերին վերցնում, եւ մարդկանց
կյանքում փոփոխություններ անում», – ասում է ամերիկահայ բժիշկ,
նեյրոխիրուրգ, The Skull Base Institute-ի (Գանգաբանության ինստիտուտի)
տնօրեն Հրայր Շահինյանը: Այդ կենտրոնը մեծ հեղինակություն ունի: Իսկ մինչ
Cedars Sinai Medical Centre-ում նման կենտրոն ստեղծելը, Հ.Շահինյանը
երկար տարիներ սովորել է Լիբանանում, Շվեյցարիայում եւ ԱՄՆ-ում: Նա
աշխատել է Նյու Յորքի, Չիկագոյի, Ցյուրիխի եւ Լոս Անջելեսի պլաստիկ
վերականգնողական եւ գանգա-դիմային վիրաբուժության կենտրոններում: «Ես
հասկացա, որ մեկ մասնագիտությունն ինձ թույլ չի տալիս հասնել նրան, ինչին
ես ցանկանում եմ»,- ասել է բժիշկ Հ. Շահինյանը, ով իր կրթությունը
մրցավազքի հետ է համեմատում, ուր ամեն մարզիկ ջանում է միշտ «մարզական»
լավ վիճակում լինել:
The Skull Base Institute-ում կիրառում են բոլորովին նոր վիրահատության
գործիքներ եւ մոտեցումներ: Հ. Շահինյանի հեղաշրջումային նոր տեսակի,
նվազագույն վտանգ ներկայացնող գանգի էնդոսկոպիկ հետազոտումը թույլ է տալիս
առավելագույն ստույգ ախտորոշում անել: Եռորակ նյարդը սովորական
մանրադիտակի օգնությամբ չի երեւում, իսկ էնդոսկոպիկ հետազոտումը ճշգրիտ
ախտորոշում է ապահովում: Գանգում փոքր էնդոսկոպ տեղադրելով, հնարավոր է
դառնում ստանալ հիպովիզի ուռուցքի, ուղեղի ադենոմայի կամ գանգա-ուղեղային
այլ վնասվածքների ամբողջական պատկերը: Ականջի ետնամասից, քթանցքից գանգում
տեղադրված էնդոսկոպն ուղեղի լայն պանորամա է ցույց տալիս, ինչի օգնությամբ
հնարավոր է դառնում բարդագույն նեյրոխիրուրգիկ միջամտությունն առավել
կրճատել, քանի որ հստակ երեւում է ուռուցքի էպիկենտրոնը: Այդ եղանակով
արված վիրահատությունից հետո կարեր եւ սպիներ չեն մնում:
Այն հիվանդները, որոնց մոտ հորմոնալ խախտումների պատճառով ոսկորների գերաճ
է նկատվում, շատ են մտահոգվում իրենց արտաքին տեսքով: Ցավոք, նույնիսկ
ուռուցքի հեռացումից եւ հորմոնալ բալանսի հասնելուց հետո ոսկորների գերաճը
չի վերանում, եւ առանց վիրահատության նախկին տեսքին վերադարձնել չի
ստացվում: Ծնոտի, ճակատի, այտոսկրի վերականգնողական վիրահատությունների
շնորհիվ մարդիկ կարող են նորմալ կյանքով ապրել: Այս տարվա ձմռանը բժիշկ Հ.
Շահինյանն իր կողմից մշակված մեթոդով բարդագույն վիրահատություն անցկացրեց
եւ ուղղակի փրկեց 9-ամյա Դեյվիդ Դիգման-Քրովերի կյանքը: Պարզելով, որ
ակտիվ քաղցկեղային պրոցես չկա, նա դադարեցրեց քիմիոթերապիան եւ ուղեղի
դժվար հասանելի հատվածից հեռացրեց ուռուցքը: Դեյվիդի պատմությունը մեծ
արձագանք ունեցավ ԱՄՆ-ում:
«Ինձ վրա մեծ ազդեցություն է ունեցել իմ հայրը, որը միշտ ինձ ոգեւորել է
եւ սովորեցրել պայքարել մինչեւ հաղթանակի հասնելը: Երբ ես շատ փոքր էի, նա
ինձ ասում էր՝ լավ սովորիր եւ աշխատիր յուրաքանչյուր գործ լավ անել»,-
ասում է բժիշկ Հ. Շահինյանը: Նա ծնվել է Բեյրութում, սակայն մանկությունն
անցկացրել է Փարիզում: Իր հայրը՝ Գառնիկ Շահինյանն ինժեներ էր եւ տարբեր
երկրներում շինարարական նախագծեր է իրականացրել: Ընտանիքը շատ է
ճամփորդել, եղել է Միջին Ասիայում, Աֆրիկայում: Այժմ Հ. Շահինյանի
ծնողները՝ Գառնիկն ու Մարոն եւ երկու քույրերը՝ Լարան եւ Հուրին ապրում են
Ֆրանսիայում:
Պատրաստեց Ն. ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ