ՏԻՄ-երի նկատմամբ բնակչության անվստահությունը գնալով աճում է

06/03/2009 Հրայր ՄԱՆՈՒԿՅԱՆ

ՀՀ կառավարությունը 2008թ. դեկտեմբերին հավանություն տվեց միջհամայնքային միավորումների ձեւավորման եւ համայնքների խոշորացման հայեցակարգային մոտեցումներին: Դրանցով լուրջ փոփոխություններ են նախատեսվում մարզերում գտնվող համայնքների տեղական ինքնակառավարման համակարգում: Մասնավորապես նախատեսվում է խոշորացնել փոքր համայնքները եւ որոշակի համայնքներ ներառել ավելի մեծ միջհամայնքային միավորումների կազմում: Միջհամայնքային միավորումներում չեն ընդգրկվելու 15.000 եւ ավելի բնակչություն ունեցող հետեւյալ համայնքները` Երեւան, Աբովյան, Արմավիր, Ալավերդի, Աշտարակ, Արարատ, Արթիկ, Արտաշատ, Գավառ, Գյումրի, Գորիս, Դիլիջան, Իջեւան, Կապան, Մասիս, Հրազդան, Չարենցավան, Սիսիան, Սպիտակ, Ստեփանավան, Սեւան, Վաղարշապատ, Վանաձոր, Վարդենիս քաղաքները (ընդամենը 24 քաղաք): Միջհամայնքային միավորումներն ունենալու են բյուջե, խորհուրդ (որի կազմում ընդգրկվելու են անդամ համայնքների ղեկավարները ու մեկական ավագանու անդամ) եւ գործադիր ղեկավար (որին մրցութային կարգով ընտրելու է խորհուրդը): Ինչ վերաբերում է համայնքները խոշորացնելուն, նշենք, որ այդ հայեցակարգում առաջարկված են 7 չափորոշիչներ, որոնցից է, օրինակ, այն, որ միացվող համայնքները ընդհանուր վարչական սահման պետք է ունենան, նոր ձեւավորվող համայնքի կենտրոնից միացվող բնակավայրերի հեռավորությունը չպետք է գերազանցի 5 կմ-ն, այդ կենտրոնը պետք է ունենա առնվազն 500 բնակիչ եւ այլն: Այս փոփոխությունների շուրջ է մեր զրույցը ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի հետ:

– Ինչո՞ւ է անհրաժեշտ խոշորացնել համայնքները:

– Դուք բոլորդ մեզանից առաջ հայտարարում եք, որ տեղական ինքնակառավարման համակարգի արդյունավետությունը անհրաժեշտ է բարձրացնել: Բազմաթիվ հրապարակումներում լրագրողները, հաճախ կարծես թե չանդրադառնալով տվյալ համայնքի առանձնահատկություններին, գրում են, թե այսինչ գյուղը վերջին անգամ պաշտոնյա կամ պետական միջամտություն տեսել էր չգիտեմ երբ: Ես, իհարկե, հակված չեմ, որ պետական պաշտոնյաների ավելի շատ գյուղերում լինելով բոլոր հարցերը կլուծվեն: Մենք ունենք 926 համայնք: Ունենք համայնքներ, որտեղ ապրում են մինչեւ 300 բնակիչ, որտեղ ընդամենը 30-40 տնտեսություն կա, այն էլ` ամառը, երբ այդտեղ ավելի լավ եղանակային պայմաններում գնում են ինչ-որ ուղղորդված գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու համար, եւ ձմեռը համարյա թե բնակիչ էլ չի մնում: Այդ մարդկանցից ինչպե՞ս ընտրենք եւ՛ գյուղապետ, եւ՛ ավագանի, եւ՛ մրցակցություն ապահովենք, եւ՛ ծրագրեր քննարկենք: Մեր շատ ու շատ համայնքներին տրամադրվող դոտացիաները եւ իրենց եկամուտները (հաշվի առնելով տեղական հարկերի հավաքագրման շատ ցածր մակարդակը, ինչը խոսում է նաեւ համայնքի օբյեկտիվորեն այդ հնարավորությունը չունենալու մասին), այդ ամբողջ միջոցները ծախսվում են միայն համայնքի թերծանրաբեռնված, թերլրացված աշխատակազմի պահպանման` աշխատավարձերի համար: Միգուցե դա էլ իր պատճառաբանությունը ունի, թե, այնուամենայնիվ, այդ աշխատակազմը որոշակի իշխանական ֆունկցիաներ է կատարում, ինչ-որ տեղեկանքներ են տրամադրում, բայց ՏԻՄ խնդիրը միայն դա չէ: Տեղական ինքնակառավարումը պետք է ունենա հեռանկար, համայնքի զարգացման տեսակետ, պետք է կարողանա այդ ծրագիրը սեփական ռեսուրսների հաշվին ինչ-որ չափով իրականություն դարձնել: Ակնհայտ է, որ այդ 926 համայնքներում մենք չենք կարողանալու ունենալ պրոֆեսիոնալ հաշվապահներ, ժամանակակից տեխնոլոգիաներին տիրապետող ֆինանսիստներ, ճարտարապետներ եւ շատ ու շատ այլ մասնագետներ, այսինքն` այդ փոքր համայնքներում որակյալ ծառայություններ մատուցելը շատ դժվար կլինի:

– Իսկ դա չի՞ հանգեցնելու համեմատաբար խոշորի հետ միավորվող փոքր համայնքների մարելուն, ինչպես տեղի էր ունենում ԽՍՀՄ տարիներին:

– Այն ժամանակ գյուղերը դատարկվում էին, որովհետեւ որոշ գյուղեր հայտարարվեցին անհեռանկարային: Ֆոնդերն ուղղվում էին ավելի խոշոր գյուղերին, եւ դա չէր էլ թաքցվում: Մենք ոչ մի գյուղ չենք հայտարարում անհեռանկարային: Մենք խոսում ենք կառավարման մոդելի արդյունավետության մասին: 50-60 հոգանոց գյուղում չի ստացվում ձեւավորել ընտրված ավագանի: Բայց դա բոլորովին չի նշանակում, թե այնտեղ որպես բնակավայր՝ չի կարելի արդյունավետ տնտեսական գործունեություն ծավալել:

– Հայեցակարգում նշված է, որ համայնքները խոշորացնելու համար 7 չափորոշիչներից առնվազն 5-ը պետք է բավարարվեն, սակայն Հայաստանում կան բազմաթիվ` 300-ից քիչ բնակչություն ունեցող համայնքներ, որոնք որեւէ նոր ձեւավորվող համայնքի կազմի մեջ մտցնելու դեպքում այդ պահանջը կխախտվի, այսինքն` կարող են բավարարվել մինչեւ 4 չափորոշիչ:

– Որեւէ ֆիքսված նպատակ` հատկապես բոլոր համայնքները կա՛մ խոշորացնել, կա՛մ ընդգրկել միջհամայնքային միավորումների մեջ, ոչ միայն չկա, այլեւ ընդհանրապես չէր կարող լինել: Սկսած 1995-1996թթ.-ից խոսակցությունները համայնքների խոշորացման, միջհամայնքային միավորումների ձեւավորման մասին քիչ թե շատ եղել են: Ընդհանրապես ցանկացած կառավարման համակարգ իր զարգացման ընթացքում կարիք ունի կատարելագործման: Սա պետք է լինի մի պրոցես, որը պետք է ընթանա ամեն կոնկրետ դեպքի արդյունավետ կառավարման նպատակահարմարության տեսակետից: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, թե այն հարցը` երկու համայնք միավորե՞լ, թե՞ չմիավորել, միջհամայնքային միավորումներում ընդգրկե՞լ, թե՞ չընդգրկել, այս պրոցեսի արդյունավետությունը կարելի է որոշել` ելնելով հայեցակարգում նշված յոթ չափորոշիչներից: Բայց մենք չենք ասում, թե դրանք անպայման կիրառելի են բոլոր համայնքների համար, սա դեռ հայեցակարգ է: Մենք սկզբում պետք է ընդունենք միջհամայնքային միավորումների մասին շրջանակային օրենք, որը կասի, թե ինչ են միջհամայնքային միավորումները, ինչպես կարող են դրանք ձեւավորվել, ինչ իրավասություններ կունենան, ցանկության դեպքում ինչպես կարող են լուծարվել եւ այլն: Սրանից հետո յուրաքանչյուր համայնք խոշորացնելու համար պետք կլինի լրիվ առանձին նոր օրենք ընդունել: Առանձին դեպքերում կարող են լինել լրիվ այլ մոտեցումներ: Եթե, օրինակ, չհիմնավորվի 300 հոգանոց համայնքը որեւէ կերպ խոշորացնելը, միջհամայնքային միավորման մեջ մտցնելը, մենք պետք է մտածենք իրենց ունակությունները մեծացնելու, այդ համայնքը այդպիսին տեսնելու ուղղությամբ եւ այլն:

– Ե՞րբ են վերջնականապես ձեւավորվելու միջհամայնքային միավորումները:

– Շատ հնարավոր է, որ առաջիկա մի քանի տարիների ընթացքում ոչ մի միջհամայնքային միավոր չձեւավորվի, կամ ձեւավորվեն ընդամենը մի քանիսը: Մենք արդեն ունենք միջհամայնքային միություններ Տավուշում, Սյունիքում, Վեդիում, Ապարանում, Մխչյանում, Սպիտակում եւ այլն: Սակայն դրանք դեռ հասարակական կազմակերպություններ են, որտեղ համայնքների ղեկավարներն արձանագրում են ընդհանուր լուծելի խնդիրներ: Աշխատելու ենք հետեւյալ կերպ: Սկզբում կընտրենք որեւէ թիրախային միջհամայնքային միավորում: Հետո կաշխատենք համայնքների, ազգաբնակչության հետ: Կփորձենք մեր բոլոր գաղափարները, պատկերացումները, խրախուսման մեխանիզմները առաջարկել համայնքներին: Կստեղծենք այդ միջհամայնքային միավորումները: Կանցնի մի քանի տարի` բոլոր շահագրգիռ կողմերը` կառավարությունը, ԶԼՄ-ները, բնակիչները, կհետեւեն այդ փորձարկմանը, կտեսնենք` ինչն է արդյունավետ, որտեղ է բացթողումը: Կառավարությունը, ի գիտություն ընդունելով հայեցակարգը, հանձնարարել է մինչեւ 2009թ. ապրիլ կազմել այս գործընթացը կազմակերպելու երկարաժամկետ ծրագիր: Այդ ծրագիրը, կարծում եմ, շատ հարցերի պատասխանը կտա: Ավելի լավ է մենք 3-4 տարի անընդհատ աշխատենք այդ ուղղությամբ, հետո միայն առաջ շարժվենք, քան թե շտապելով սխալվենք: Սա, իհարկե, չի նշանակում, թե մենք այս ուղղությամբ քայլերը պետք է շատ դանդաղեցնենք, որովհետեւ ամեն հաջորդ տարին ավելի ծանր է ազդում այն համայնքների վրա, որոնք չեն կարողանում արդյունավետ ինքնակառավարում իրականացնել: Որպես կանոն՝ շատ բաներ հնանում են, պարտքեր են կուտակվում, գնալով բնակչության անվստահությունն է աճում տեղական ինքնակառավարման համակարգի նկատմամբ:

– Եթե, այնուամենայնիվ, առաջիկայում ձեւավորվեն միջհամայնքային միավորումներ, ինչպե՞ս են կարգավորվելու դրանց եւ մարզպետարանների հարաբերությունները: Նախատեսվո՞ւմ է արդյոք մարզպետարանների աշխատակիցների թվի փոփոխություն:

– Ակնհայտ է, որ ռեալ աշխատող ինքնակառավարման համակարգին ավելի հեշտ է որոշակի լիազորություններ ապակենտրոնացնել եւ փոխանցել: Օրինակ` մենք ունենք համայնքային, միջհամայնքային միջմարզային ճանապարհների ձմեռային պահպանության խնդիր: Շատ հաճախ տեղերից առաջարկություններ են լինում, որ այդ գործը ավելի լավ կանեն համայնքները կամ մարզերը, որոնք ավելի օպերատիվ են արձագանքում իրավիճակին: Սա, իհարկե, վիճարկելի չէ: Բայց մենք կարո՞ղ ենք 926 համայնքի այդ լիազորությունը պատվիրակել եւ այդ նպատակով գումարներ բաշխել: Հաստատ միջոցների փոշիացում կլինի: Շատ տարածաշրջաններում մի ճանապարհի վրա, ասենք, 7 գյուղ կա, եւ եթե նրանցից որեւէ մեկը իրեն հատկացված մասը չմաքրի կամ լավ չմաքրի, ապա ճանապարհը դատապարտված է փակ մնալու: Նմանատիպ ամբողջականությունը վերաբերում է նաեւ ջրամատակարարմանը, այլ ենթակառուցվածքներին, նույնիսկ հողերի մշակմանը: Իսկ եթե լինեն միջհամայնքային միավորումներ, պետությանը շատ ավելի հեշտ կլինի հարաբերվել այդ 40-50 միավորների հետ: Եվ այս դեպքում ակնհայտ է, որ մարզպետարանների գործառույթները էապես կնվազեն: Կնվազեն հատկապես կառավարման գործառույթներն, իսկ վերահսկողականները կավելանան: Այսօր, որովհետեւ ներքեւի օղակը (համայնքները) շատ անարդյունավետ է, մարզպետարանները այնքան են ծանրաբեռնված կառավարման գործառույթներով, որ վերահսկելու բան էլ չի մնում: Այս փոփոխություններից հետո, բնականաբար, մարզպետարանների աշխատողների թվաքանակը կփոքրանա: Մարզպետներն էլ կձերբազատվեն առօրյա, բնակչության հետ կապված խնդիրներից, կմնա տարածքի մասին հեռահար ծրագրերի նախագծումը, դրանց լոբբինգը կենտրոնական իշխանության մարմինների մեջ, տարածքային զարգացման համաչափությունն ապահովող որոշակի գործառույթների իրականացումը պետական բյուջեի կազմման ժամանակ, ինչով նրանք շատ ավելի արդյունավետ կզբաղվեն` չունենալով առօրյա տեղական նշանակության խնդիրներ: