Համաշխարհային կինեմատոգրաֆը կամաց-կամաց մոռացության է մատնում ամերիկահայ մեծ կինոռեժիսոր Ռուբեն Մամուլյանի անունը (1897-1987): Մոռացվում են ողջ կյանքի ընթացքում այս զարմանալի վարպետին ուղեկցող լեգենդներն ու միֆերը, նրա հաղթանակներն ու պարտությունները, եւ մեր գլամուրային ու անառողջ դարում նրա անվան շուրջ խորհրդավոր լռություն է:
Իմ խնդիրը շատ համեստ է` ներկայացնել Ռուբեն Մամուլյանին՝ որպես կինոարվեստում բազմաթիվ կարեւոր բաղադրիչների հիմնադրի՝ դեռ իր գործունեության ամենասկզբում, առաջին իսկ աշխատանքում` 1929թ. նկարահանած «Ծափահարություններ» ֆիլմի մեջ («Փարամաունդ փիքչերս» կինոստուդիա): Սակայն սկսեմ մի փոքր ավելի վաղ շրջանից: «Կոդակ» ֆիրմայի տնօրեն, «Կոդակ» տեսախցիկի գյուտարար, մեծ մարդասեր ու մեկենաս Իսթմենը Ռիչմորդում երաժշտական թատրոն է բացում եւ օպերային երգիչ Վլադիմիր Ռոզինգի խնդրանքով որպես ռեժիսոր հրավիրում է Ռուբեն Մամուլյանին: Այսպես 1923թ. Մամուլյանը տեղափոխվում է ԱՄՆ` մերժելով Փարիզում աշխատելու գրավիչ առաջարկը:
Իսթմենը գործնական մարդ էր. նրա հիմնական եկամուտը կինոժապավենի վաճառքից էր գոյանում, իսկ որպեսզի դրանք լավ վաճառվեին, թատրոնը պետք է մեծ թվով հայտնի դերասանների ներգրավեր, որոնք պիտի հետաքրքրեին հանդիսատեսին: Վարչական մասը ղեկավարում էր Վլ.Ռոզինգը, ստեղծագործական մասը` Մամուլյանը` թբիլիսցի խոշոր բանկիրի եւ հայկական թատրոնի դերասանուհու որդին, որն աշակերտել էր Եվգենի Վախթանգովին: Ինձ ցնցում է աշակերտի եւ ուսուցչի ուժն ու տաղանդը, որոնց ստեղծագործությունը, նկարիչ Գեորգի Յակուլովի, դրամատուրգ Արթուր Ադամովի եւ Վիլյամ Սարոյանի հետ միասին, խորը, անգամ վճռորոշ հետք է թողել համաշխարհային թատերարվեստում, սակայն ոչ մի կերպ չի արտացոլվել ազգային թատրոնի վրա: Ազգային թատրոնն ինչպես եղել է էկլեկտիկ, աննպատակ ու սին, այնպես էլ մնացել է` գավառական, առանց որեւէ ներքին նպատակի թե՛ բովանդակության, թե՛ ձեւի իմաստով, չնայած եւ բացահայտել է մի քանի նշանավոր դերասանների: Եվ այդուհանդերձ, վերջնական արդյունքը մեկն է` անարտահայտիչ ու ձանձրալի: Սա շատ ցավալի է:
Եվ այսպես, վերադառնանք Մամուլյանին: Նա մի քանի հաջողված երաժշտական բեմադրություններ ունի` հատվածներ «Սեւիլյան սափրիչը», «Ռոմեո եւ Ջուլիետ», «Տանգեյզեր», «Բորիս Գոդունով», «Պայացները» եւն օպերաներից: 1925թ. սկզբին Մամուլյանը բեմադրում է Գունոյի «Ֆաուստ» եւ Բիզեի «Կարմեն» օպերաները: 1926թ. նա ձեռնամուխ է լինում Մորիս Մետերլինկի «Քույր Բեատրիսը» պիեսի բեմադրությանը: Այդ ընթացքում Լոնդոնում մահանում է Մամուլյանի սիրելի քույրը` Սվետլանան, եւ կորստի ցավը դառնում է բեմադրության հենքը: Մետերլինկի պիեսի` Մամուլյանի փայլուն բեմադրությունը հիմք է հանդիսանում մտածելու փառքի եւ Բրոդվեյի մասին:
«Կոդակի» տիրոջ հովանու ներքո անցկացրած երեք տարիները Մամուլյանին բավականին մեծ անուն են բերում եւ սեփական ոճը մշակելու մեծ փորձ: Դրանից հետո Մամուլյանը հռչակ է ձեռք բերում Բրոդվեյում` «Պորգիի» իր թատերական ներկայացումներով. այն պատմում էր երկրի հարավում նեգրերի կյանքի մասին: Ոչ ոքի հավատը չէր գալիս, որ Ռուսաստանից վերջերս տեղափոխված էմիգրանտը կարող է հասկանալ եւ արժանահավատ արտահայտել Ամերիկայի գաղութային հարավի կյանքը: Այս գործը բեմադրելուց հրաժարվել էին բոլոր ռեժիսորները, որոնց այն առաջարկվել էր, քանի որ նրանք չէին հասկանում, թե ինչպես կարող են աշխատել «սեւամորթ դերասանների» հետ: Իսկ Մամուլյանն ուսումնասիրել էր նրանց բարքերը ինչպես Հարլեմում, այնպես էլ Հարավային Կարոլինայում. նա իր թատերախմբի կազմում ընդգրկում է սեւամորթ դերասանների եւ բացատրում նրանց, որ ամենակարեւորը վերջիններիս բնական ներկայությունն է բեմում, պիեսի մեջ: Ներկայացման ոճի մեջ ակնհայտորեն երեւում էր Մամուլյանի ձեռագիրը` պատերին ու առաստաղի վրա շարժվող ստվերներ, չարագույժ, հոգեբանական հզոր լարվածություն, որն ավելի էր ուժեղանում «ձայների սիմֆոնիայից», ինչն այնպես սիրում էր Մամուլյանը նաեւ ավելի ուշ արված իր աշխատանքներում: 1927թ. հոկտեմբերի 10-ին տեղի է ունենում ներկայացման պրեմիերան: Ներկայացումը հսկայական հաջողություն է ունենում: «Պորգի» պիեսը Բրոդվեյի բեմում ունեցել է 367 ներկայացում` այն ժամանակների համար չլսված բան, նրա մասին խոսում էին միմիայն հիացմունքով: Առաջ անցնելով ասեմ, որ Ջորջ Գերշվինի «Պորգին եւ Բեսսը» օպերայի առաջին բեմադրությունը հենց իր` կոմպոզիտորի պնդմամբ՝ իրականացրել է Մամուլյանը` բավականին փոփոխություններ անելով երաժշտական նյութի մեջ: Եվ Գերշվինը ողջ կյանքում շնորհակալ էր նրան` իր ստեղծագործությունը խմբագրելու եւ օպերայի հաջողության համար:
Սրան հետեւում է անգլիացի դրամատուրգներ Բրաունի եւ Նիկոլսի «Թեւեր Եվրոպայի երկնքում» պիեսը: Մինչ Մամուլյանը, պիեսն առաջարկվել էր երկու այլ ռեժիսորների, որոնք հրաժարվել էին այն բեմադրելուց, քանի որ չէին կարողացել այն պատկերացնել բեմի վրա. պիեսը նրանց թվում էր անիմաստ ու ձանձրալի: Եվ իսկապես, ինչպե՞ս այն բեմադրել, եթե 12 տղամարդ երկու ժամ նստած են մի սենյակում եւ զրուցում են: Մամուլյանն, ինչպես միշտ, մեծ խանդավառությամբ է ձեռնամուխ լինում պիեսի բեմադրությանը` լուրջ փոփոխություններ անելով մի քանի տեսարաններում: Շուտով Անգլիայից ԱՄՆ է ժամանում հեղինակներից մեկը` Բոբ Նիկոլսը: Նախաճաշի ընթացքում Մամուլյանը նրան բացատրում է իր տեսակետը` ասելով, որ առաջին տեսարանը փոխարինել է լռությամբ: Նիկոլսը ցնցված է մնում: Սակայն Մամուլյանն ավելի առաջ է գնում եւ ասում, որ, քանի որ հերոսների գործողությունները սահմանափակված են, ապա դրանք պետք է նվազագույնի հասցնել, որպեսզի կարողանան ցնցել, հուզել ու ստիպել վեր թռչել, ինչպես, եթե «քայլես մոմե արձանների միջով, ու նրանցից մեկը հանկարծ քեզ աչքով անի»: Վերջին բառերը պատկանում են Մամուլյանին: Այս ամենից ցնցված՝ Նիկոլսը գալիս է բեմադրությունը նայելու: Եվ ահա Մամուլյանի խոստացած լռությունը: Ու հանկարծ Բոբ Նիկոլսը սրահից դուրս է նետվում` «Սա անհնարի՛ն է» բացականչությամբ: Մամուլյանը դուրս է գալիս դրամատուրգի հետեւից ու փորձում հանգստացնել նրան. «Մենք ամեն ինչ կուղղենք: Ամեն ինչ կվերականգնենք…»: Իսկ Նիկոլսը լսել անգամ չի ուզում: Այդպես նրանք հասնում են փոստատուն, ու Բոբը ինչ-որ բան է գրում հեռագրի թերթիկի վրա եւ տալիս Մամուլյանին, սակայն վերջինս հուզմունքից չի էլ նայում անգամ գրվածին: Իսկ Լոնդոն ուղարկված հեռագրում գրված էր. «Մամուլյանը հանճա՛ր է»:
Ահա այս ամենից հետո 1929թ. Մամուլյանը հայտնվում է «Փարամաունդ փիքչերսում»: Տեխնիկական նորույթը` հնչյունային կինոն, ստուդիաներին ստիպում էր փնտրելու թատերական ռեժիսորների, որոնք լավ գիտեին խոսքի արվեստը եւ կարող էին դերասաններին օգնել այդ գործում: Մամուլյանը հրաժարվում է դերասանների հետ պարապելուց եւ խնդրում, որ իրեն ֆիլմ նկարելու գոնե մի հնարավորություն տան: Նրան առաջարկում են «Ծափահարությունների» սցենարը: Մամուլյանը Մամուլյան չէր լինի, եթե չսկսեր փորձարարություն անել, թեեւ նա ստիպված էր հաղթահարելու ստեղծագործական խմբի եւ ստուդիայի աշխատակիցների դիմադրությունը: Այս ֆիլմում Մամուլյանը կինոյի պատմության մեջ առաջին անգամ. 1. հանում է մի տեղում ամրացված նկարահանման խցիկը եւ դնում այն անիվների վրա` զարմանալի արտահայտչականության հասնելով, 2. նկարահանումներն իրականացնում է երեք ֆոտոխցիկներով, ինչն արդեն դարձել է օպերատորական աշխատանքի դասական նմուշ, 3. ձայնագրությունն անում էր երկու միկրոֆոններով, իսկ հետո դնում ձայնը, 4. ֆիլմի որոշ տեսարաններ նկարահանում է ստուդիայից դուրս` երկաթգծի կայարանում, երկնաքերի տանիքին` խախտելով քաղաքապետարանի որոշումը, նկարահանում է մետրոյում, Բրուքլինյան կամրջի վրա… Բավականին պարզունակ սյուժեով այս ֆիլմը (ֆիլմի հերոսուհին չի ցանկանում, որ իր դուստրը մեծանա ստրիպտիզի պարուհիների, խաղամոլների եւ մաքսանենգների միջավայրում եւ նրան ուղարկում է մենաստանին կից գործող դպրոց` իր երջանկությունը զոհելով հանուն նրա) ընդունվում է որպես չափազանց դինամիկ, հոգեբանորեն ուժեղ կինոնկար: Քննադատները ֆիլմն ընդունում են որպես բացարձակ նորարարություն` համարելով այն կատարելություն եւ կինեմատոգրաֆի պատմության մեջ զարգացման նոր փուլ: ԱՄՆ-ի, ողջ աշխարհի արվեստի պատմության մեջ Ռուբեն Մամուլյանը խորը հետք է թողել, եւ ո՛չ միայն կինոյում: Օրինակ` նա ոչ միայն Գերշվինի «Պորգին եւ Բեսսը» օպերայի առաջին բեմադրիչն էր (ի դեպ, պրեմիերայից հետո կոմպոզիտորը հայտարարում է, որ օպերայի հաջողության համար առաջին հերթին պարտական է Մամուլյանին): Մեծն Գրետա Գարբոն 1933թ. խաղում է նրա «Քրիստինա թագուհին» ֆիլմում եւ համաշխարհային փառքի հասնում: Կամ հիշենք 30-ականների լավագույն մյուզիքլը` «Սիրի՛ր ինձ այսօր երեկոյան», որն արդեն դասական է դարձել: Կամ` Սթիվենսոնի «Դոկտոր Ջեքիլդն ու միստեր Հայդը» վեպի էկրանավորումը, որտեղ իր օպերատորական էֆեկտների գաղտնիքները Մամուլյանը բացահայտեց միայն 60-ականների վերջերին… Հենց Մամուլյանի` 20-30-ական թթ. ռեժիսորական ձեռքբերումները կինեմատոգրաֆին հնարավորություն տվեցին դառնալու արվեստ, ոչ թե մարդկության ձեռքին սոսկ մեխանիկական խաղալիք: Ռուբեն Մամուլյանն է կանգնած կինեմատոգրաֆի զարգացման ակունքներում, նա է նկարահանել թերեւս առաջին հնչյունային, առաջին գունավոր եւ առաջին լայնաֆորմատ ֆիլմերը: Նրա բազմակողմանի տաղանդը, նրա անհատականությունը թեեւ բարձր են գնահատվել ժամանակակիցների կողմից, սակայն՝ ոչ լիարժեքորեն:
Այսօրվա Հայաստանը, որ ձգտում է հասկանալ իր զավակներին, որոնց ստեղծագործական տաղանդը ծաղկում է ապրել համաշխարհային մշակույթի բեմերում, շատ բան կարող է անել սեփական գեղարվեստական գաղափարները տարածելու ուղղությամբ: Սակայն սա առանձին խոսակցության նյութ է:
Սանկտ Պետերբուրգ, 2009թ.