Դա է փորձում անել Մալյանի անվան թատրոնը, որի դիմանկարը փորձեցինք նկարել թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Մալյանի օգնությամբ:
Մալյանի թատրոնն այն եզակի հայկական թատրոններից է, որն իր ուրույն ու շատ կենսունակ ոճն ունի: Հենրիկ Մալյանը հիմնադրեց իր թատրոն-ստուդիան այն ժամանակ, երբ ֆիլմերի արտադրությունը սկսեց արգելակվել, իսկ թատրոնն անմիջական կերպով կարողացավ լրացնել դերասանների ու ռեժիսորների ինքնադրսեւորման պահանջը: 1980-ականներին թատրոնը ստեղծեց իր գլուխգործոցները` կենդանի, հումորով, դինամիկ միզանսցեններով ու լավ տեքստերով լեցուն ներկայացումները (Քոչարի «Կարոտը», Օտյանի «Ընկեր Փանջունին», Թումանյանի «Հեքիաթները», Բոկաչչոյի «Դեկամերոնը»)։
Դրվագային, կինոկադրեր հիշեցնող ու դերասանի պլաստիկան օգտագործող ռեժիսուրան շատ լավ միահյուսեց թատրոնի ուրախ նախասկզբի, հայկական ավանդույթների ու ժամանակակից ասելիքի հետ: Այս թատրոնը միշտ ասելու բան է ունեցել, եւ միշտ կարողացել է ասել դա: Մալյանը համոզված է եղել, որ ամենակարեւորի մասին կարելի է միայն պարզ խոսել: Եվ հենց այդ թատերային պարզությունն էլ ակամայից հակադրվեց մեր բեմերում ավելի ու ավելի ամուր հաստատվող վերամբարձ ու շինծու պաթոսին: Մալյանի թատրոնը թարմ, գեղեցիկ ու ճկուն էր: Եվ ամենակարեւորը` այն շատ գրագետ էր: Մալյանի թատրոնի ոճը կարելի էր «ժպտացող գրոտեսկ» անվանել, այն շատ բարի ու թեթեւ էր՝ որպես խաղ, ու շատ բարդ էր՝ որպես աշխատանք: Դերասանն այս թատրոնում միշտ լիդեր է եղել, իսկ ռեժիսորը` նրա հմայքն ընդգծող կոնստրուկտոր, ով պարզապես խոսքն ու շարժումը ճիշտ տեղերում է տեղադրել:
1990-ականներին թատրոնը երկարատեւ լռություն ապրեց, ամեն ինչ փլուզվում էր` շենքից սկսած, հնարավորություններով վերջացրած: Եվ միայն վերջին մի քանի տարիների ընթացքում թատրոնում կրկին կյանք ու նոր բեմադրություններ հայտնվեցին: Թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Մալյանը կարծես շատ երկար էր նախապատրաստվում թատրոնին նոր շունչ տալուն։ Թատրոնի նոր դիմագծերն ու ռիթմը չէր կարելի մի կերպ ստեղծել, «Մալյան» ազգանունը բացառում էր նման շտապողականությունը։ Թատրոնն այսօր, իհարկե, տարօրինակ ստատուս ունի, որպես թատերախումբ այն ֆինանսավորվում է Մշակույթի նախարարության կողմից, քանի որ ստեղծվելու օրվանից այն կցված է եղել «Հայֆիլմին» (այժմ՝ Ազգային կինոկենտրոնին), իսկ որպես շինություն` հանդիսանում է «Կինոյի տան» մի մասը՝ զբաղեցնելով 120 հանդիսատեսի համար նախատեսված փոքր դահլիճը: Սակայն որպես կենդանի օրգանիզմ՝ Մալյանի թատրոնը հիմա, թերեւս, ամենաառողջ թատրոնն է։ Այնտեղ լավ բեմադրություններ են ստեղծվում։ Թատրոնի վերջին երկու պրեմիերաները` Աղասի Այվազյանի «Ցեղի ֆիզիոլոգիան» ու Վիլյամ Սարոյանի «Պատմություններ գնացքում» ներկայացումները փաստեցին, որ Նարինե Մալյանի ռեժիսուրան ժամանակակից մեր թատրոնի ամենալավ ձեռքբերումներից է:
Ն.Մալյանը վստահ է, որ թատրոնը գեղարվեստական ղեկավարի մենաշնորհը լինել չի կարող եւ միայն տուժում է, երբ մեկ մարդ է այնտեղ անընդմեջ բեմադրում։ «Մենք բաց ենք երիտասարդ ռեժիսորների համար»,- ասում է նա։ Թատրոնում Վահան Խաչատրյանը բեմադրել է Գոգոլի «Ամուսնությունը», վերականգնվել է նաեւ՝ ոչ թե սոսկ երկարակյաց, այլ՝ ուղղակի անմահ Թումանյանի «Հեքիաթները»։ Այն Հենրիկ Մալյանի առաջին շողշողացող ներկայացումն էր։ Ի դեպ՝ այդ ներկայացումը վերջերս մեծ հաջողությամբ ցուցադրվել է Փարիզում ու Մարսելում, բացօթյա ներկայացման ֆորմատով։ «Շատ եմ ափսոսում, որ նախկին բեմադրությունները չկան։ Դրանք պարզապես վերականգնել չի լինի, անպայման պետք է փոփոխություններ անել ու այսօրվա ռիթմին համապատասխանեցնել։ Եվ հետո էլ վերականգնելու համար նախեւառաջ ինքներս պիտի վերականգնվենք»,- ասում է Ն.Մալյանը։
Այժմ թատրոնը խաղացանկում 4 ներկայացում ու «լողացող» խաղացանկային գրաֆիկ ունի: Ձմռանը թատրոնը չի աշխատում` ցուրտ է: Իսկ «Կինոտան» շենքը, որի մեջ եւ տեղակայված է Մալյանի թատրոնը, գտնվում է գլոբալ վերանորոգման մեջ, որի ավարտի մասին ենթադրություն անել դեռ չի կարելի:
Թատրոնի ներկայացումների ու դերասանների մասին
Ն.Մալյանը խոստովանում է, որ շատ դժվար ու դանդաղ է աշխատում։ Նա չի ջանում օրիգինալ բեմական քայլերի դիմել, նրա համար կարեւորը պատմությունը «կենդանացնելն» է։ «Ցեղի ֆիզիոլոգիա» բեմադրությունից հիշողության մեջ են մնում մի քանի շտրիխներով ուրվագծված միամիտ ու իմաստուն հերոսներն ու պատմությունները, որոնք ուղղակի հիշեցնում են պարզ մի ճշմարտություն՝ յուրաքանչյուր մարդ անփոխարինելի է։ Նույնիսկ, եթե ընդամենը խունացած լուսանկարների վրա են պահպանվել։
«Ցեղի ֆիզիոլոգիան» ցուցադրվեց Փարիզում, Մարսելում եւ Մոսկվայում ու շատ բարձր գնահատվեց ռուս քննադատների կողմից, իսկ Նարինե Մալյանի ձեռագիրը համեմատվեց Ֆոմենկոյի թատրոնի ոճի հետ։ Երբ ռեժիսորը չի ջանում օրիգինալ երեւալ, երբ կարողանում է լիովին ձուլվել իր դերասանների կարողությունների մեջ, շեշտադրել ու ընդգծել դրանք, ապա թատրոնը կայանում է։ Իսկ ռեժիսորն էլ կարող է հանգիստ խղճով վայելել իր ստեղծածը։ Ն.Մալյանի ներկայացումները մանրակրկիտ, ավարտուն ու «խորամանկ» հյուսված բեմականացումներ են, որոնք միաժամանակ եւ՛ թատրոն, եւ՛ կինո են։ Նա դադարների մեծ վարպետ է։ Ընդ որում՝ նրա ստեղծած դադարները զուտ դասական թատերային հնարքներ չեն։ Նա կարծես կանգ է առնում այն պահին, երբ հատվածը դեռ ավարտված չէ։ Թվում է, որ դեռ կարելի է ձգել դրվագը, հույզեր կորզել ու վերջակետ դնել։ Սակայն ամեն ինչ արագ ու միտումնավոր «կտրվում» է, վրա է հասնում մեկ այլ պատմություն ու մեկ այլ ենթատեքստ, եւ ինչպես ասում են՝ մնացյալը թողնվում է հանդիսատեսի երեւակայությանը։ Դա շատ բարդ ու աշխատատար մոտեցում է, էմոցիաների չափաբաժինը այս թատրոնում շատ լավ է հաշվարկված ու բնավ էլ չեն շահարկվում ո՛չ ծիծաղը, ո՛չ էլ ողբերգականությունը։ «Եթե ասելու բանը «ծամեմ» ու հանդիսատեսի բերանը դնեմ, կնշանակի, որ ես հանդիսատեսին չեմ հարգում։ Ես հանդիսատեսի փոխարեն մտածելու իրավունք չունեմ»,- ասում է բեմադրիչը։
Ն.Մալյանի բեմադրությունները բազմաշերտ ու շատ թատերային են։ «Ներկայացման ֆորման ինձ հուշում են դերասանները, երաժշտությունը ու, իհարկե, տեքստը, որի վրա շատ երկար եմ մտորում»,- ասում է նա։ Ն.Մալյանը կարծես այս կողմից է մոտենում թեմային, հետո՝ մյուս կողմից, իսկ արդյունքում մոտեցումների միջանցք է ստեղծվում, որտեղով անցնելը շատ հետաքրքիր ուղեւորություն է։ «Պատմություններ գնացքում» բեմադրության մեջ, որի հիմք են հանդիսացել Սարոյանի 5 պատմվածքները, թատրոնի տարբեր ժանրային լուծումներ են օգտագործվել՝ պար, որն իր դրամատուրգիան ու ստիլիստիկան ունի, երաժշտություն, որը գործողության խթան է դառնում, ստվերների թատրոնի, մնջախաղի, պարոդիայի ու գրոտեսկի հատվածները։ Եվ այդ ամենի խառնուրդն այնքան հրապուրիչ, թեթեւ ու ներքին տրամաբանությամբ է մատուցվում, որ զարմանքով ես արձանագրում. պարզվում է՝ հայկական թատրոնը մեծ ներուժ ունի։ Որ բեմական կեղծ պաթոսին սովոր հայ դերասանները կարող են բեմում այդքան պլաստիկ, օրգանական ու ունիվերսալ լինել։ Այդ ներկայացման մեջ դերասաններն այնպիսի ազարտով ու հաճույքով են խաղում, որ նկատելի է դառնում նրանց՝ լավ բեմադրությունների մասնակիցը դառնալու «ծարավը»։
Ծեծված ճշմարտություն է. դերասանի օրգանական գոյության համար բեմ է անհրաժեշտ։ Դերասանի աշխատանքային «գործիքները» (ձայնն ու մարմինը), հաճախ հենց չօգտագործվելուց կամ էլ սխալ օգտագործվելուց են «ժանգոտում», իսկ ճիշտ բեմադրիչին ու նյութին հանդիպելիս՝ սկսում են «փայլատակել»։ Մալյանի թատրոնի տարիների անգործությունը հանգեցրեց նրան, որ մալյանական թատրոնի տիպիկ (փոքր-ինչ միամիտ, ջերմ, պլաստիկայով օժտված, երգել ու պարել իմացող) դերասանական տիպաժը երիտասարդացվելու պահանջ ունեցավ։ Եվ ռեժիսորը ստիպված եղավ «Պատմություններ…»-ի մեջ տարբեր թատրոնների դերասանների ներգրավել։ «Մենք ոչ միայն մասնագիտական կամ նույնիսկ ֆիզիկական չափանիշներով ենք դերասան ընտրել, այլ, կարելի է ասել, որ փորձել ենք ֆիզիոլոգիական ընտրություն անել: Մեր նոր ներկայացումների համար ֆակտուրայի դերասան էր պետք»,- ասում է Ն.Մալյանը։ Երկու ներկայացումների մեջ հայտնվեց Սամվել Թոփալյանը, երիտասարդ մի դերասան, որը շատ «մաքուր» ու ճկուն ներքին ունի եւ կարծես հենց այս թատրոնի ավանդույթները շարունակող է։ Ի դեպ, Ն.Մալյանը նկատում է, որ երիտասարդների հետ այժմ լավագույնս աշխատում է բեմադրիչ Արմեն Մազմանյանը, ում ղեկավարած դերասանական կուրսից շնորհալի երեխաներ են դուրս գալիս։ «Դերասանը չի կարող ռեժիսորի ձեռքում ընդամենը պլաստիլին լինել։ Ճիշտն ասած, հնազանդ դերասանի հետ աշխատելն այդքան էլ արդյունավետ չէ։ Դերասանը ընդամենը «կատարող» լինել չի կարող, նա ներկայացման լիարժեք համահեղինակն է։ Հիմա ես շատ պրիմիտիվ բաներ եմ ասում, բայց դա իրոք այդպես է»,- ասում է Ն.Մալյանը։
Դերասանների մասին խոսելիս անպայման ծագում է ստուդիայի հարցը, քանի որ Մալյանի թատրոնը հենց այն թատրոնն էր, որը համատեղում էր բեմադրումն ու ուսուցանումը։ Ավաղ, ստուդիայի վերակենդանացումը դեռ ընդամենը երազանք է։ Թատրոնի գեղարվեստական ղեկավարը նշում է, որ պրոբլեմը ոչ թե գումարի ու մասնագետների պակասի, այլ՝ տարածք չլինելու մեջ է։ Իսկ Նարինե Մալյանը շատ գաղափարներ ունի, որոնք միայն իրեն հատուկ ինտելիգենտ նրբանկատությամբ՝ փորձում է դանդաղորեն ու անշեղորեն իրականացնել, որքան, իհարկե, հանգամանքները թույլ են տալիս։ Համենայնդեպս, հիմա նրա ղեկավարած թատրոնը բնավ էլ գովազդվելու կարիք չունի (ասենք այսպես՝ «Ձեր սիրելի դերասանները արդեն 67-րդ անգամ են ներկայացում խաղում»), այն արդեն իր տեղն ունի՝ որպես հստակ դիմագծեր ունեցող թատրոն։ Ն.Մալյանն ասում է. «Գովազդը չի կարող ազատ լինել պարտադրանքի հնչերանգներից։ Եվ երբ ասում են՝ ձեր սիրելի դերասանն է խաղում, լսողը կարող է ակամայից հարց տալ՝ իսկ որտեղի՞ց իմացաք, որ նա իմ սիրելի դերասանն է։ Ես հասկանում եմ, որ արածի մասին պետք է տեղեկատվություն տալ, բայց այսօրվա մեր գովազդների ֆորման ավելի շուտ հակագովազդ է, որը նյարդայնացնում է մարդկանց։ Իհարկե, հիմա կյանքի ռիթմը փոխվել է, պետք է ավելի համառ լինել, բայց ես այդպիսին չեմ։ Կարծում են, եթե քո արած գործով կարողանում ես հանդիսատեսին դրական լիցքերով տուն ուղեկցել՝ ուրեմն հասել ես նպատակին»։
Հանդիսատեսի ու «պեղումների» մասին
«Հանդիսատեսը փոխվե՞լ է» հարցին Ն.Մալյանը պատասխանում է. «Հանդիսատեսին փոխել են։ Եթե, օրինակ, մենք ամեն օր ասենք մեր երեխային, որ նա վատն է, ապաշնորհ է, երեխան իր ողջ ուժերը լարերով ու ներքին ռեսուրսները օգտագործելով էլ՝ չի հավատա, որ կարող է լավը լինել։ Շատ է խոսվում, որ էժանագին ու թեթեւ մարսվող նյութեր ենք առաջարկում մեր հանդիսատեսին։ Բայց դրանում հենց մենք՝ թատրոններն ենք մեղավոր, հենց մենք ընտրեցինք հեշտ ճանապարհը։ Երբ ասում են, որ հանդիսատեսին պետք է դաստիարակել, ընդամենը պաթետիկ խոսքեր են ասում։ Հանդիսատեսին պետք է առաջարկել։ Երբ հանդիսատեսին նույն ոճի ու նույն դերասաններով ներկայացումներ ենք առաջարկում, հանդիսատեսը այլեւս չի կարողանում այլ ոճ ըմբռնել։ Մինչդեռ թատրոնները պետք է շատ ու տարբեր լինեն»։
«Պատմություններ գնացքում» ներկայացման մեջ, օրինակ, մի հատված կա, երբ դերասանները հանդիսատեսին մեջքով նստած՝ Բիթլիսի հիշողություններն են պատմում։ Ն.Մալյանն ասում է. «Դա շատ կարեւոր հատված է ներկայացման մեջ, քանի որ կարծես դրանից հետո է ամերիկացիներով լի գնացքը «վարակվում» հայկական մոլուցքով ու նույնիսկ հայերեն երգ է երգում։ Ես հատուկ եմ այդ հատվածն այնպես արել, որ հանդիսատեսի ուշադրությունը տեքստին սեւեռվի։ Եվ պարզվում է, որ այդ 5 րոպեների ընթացքում մեր հանդիսատեսը տառապում է, նա պատրաստ չէ լսել ու սկսում է լարվել»։
Նարինե Մալյանը ինքն է մշակում իր ներկայացումների գրական հիմքը։ Ու խոստովանում է. «Ժամանակակից դրամատուրգիայի հետ աշխատել չեմ կարողանում, ինձ ուղղակի «սպանում» են չափազանց կոնկրետ դիալոգները։ Ինձ համար թատրոնը միշտ եղել է մի վայր, որտեղ տեսնում են այն, ինչը սովորական կյանքում չեմ տեսնում, բայց տեսնելիս՝ հենց կյանքն եմ հիշում։ Գերադասում եմ դասականների մեջ պեղել այսօրվա կյանքը»։ «Պեղել» բառը շատ ուշագրավ մտորումների հանգեցրեց։ Պարզեցինք, որ ոչ միայն տեքստերը, այլեւ՝ մարդկային իրական փոխհարաբերությունները պեղումների կարիք ունեն։ Ն.Մալյանը ծիծաղով, բայց իրականում՝ մեծ մտահոգությամբ ասաց. «Երեւի մենք բոլորս ինքներս մեր մեջ պիտի լուրջ հնագիտական «պեղումներ» անցկացնենք, քանի որ այնքան հաստ ու ավելորդ շերտերով ենք պատվել, որ վաղուց մոռացել ենք՝ ինչո՞ւ ենք ապրում։ Համոզված եմ, որ արվեստում հայտնված մարդու միակ մոտեցումը մշակ լինելն է։ Պետք է գլուխդ կախ քո գործը, քո «պեղումները» անես»։ Մենք էլ ավելացնում ենք՝ պետք է նաեւ իրոք մասնագիտությանը տիրապետել եւ առանց ինքնախաբեության աշխատել։ Այս թատրոնում այդպես են աշխատում։