Ինչպես են ընթանում հղիությունն ու գարունը միասին

06/03/2009 Սուսաննա ԱԶԱՏՅԱՆ

Առաջին հերթին հղիներին խորհուրդ է տրվում գարնանը հետեւել հստակ ռեժիմի եւ չշեղվել դրանից: Աշխատեք չզրկել ձեզ քնից: Մաքուր օդն ու զբոսանքը անփոխարինելի նշանակություն ունեն հղիների համար: Հղիներին հատկապես, մյուս կանանց եւս խորհուրդ չի տրվում դիետաներ պահել:

Հղիների մոտ առանց այդ էլ ավիտամինոզի երեւույթներ շատ են լինում, իսկ գարունն էլ ավելի է նպաստում այդ երեւույթին: Քանի որ բանջարեղենն ու միրգը, կարելի է ասել, անցյալ տարվա են, արդեն անհրաժեշտ քանակությամբ վիտամիններ չեն պարունակում, պետք է դիմել վիտամինային կոմպլեքսների օգնությանը, իհարկե՝ բժշկի խորհրդով: Այս պահին շատ կարեւոր է կանաչեղենի օգտագործումը, որովհետեւ միայն կանաչեղենն է, որ տարվա այս եղանակին հարուստ է վիտամիններով:

Սամիթը, կարելի է ասել, իսկական վիտամինների հավաքածու է: Այդ նուրբ թերթիկներն ամբողջությամբ պարունակում են վիտամին C, կարոտին, վիտամին B, նիկոտինաթթու եւ այլն: Սամիթը պարունակում է շատ օգտակար միկրոէլեմենտներ, օրինակ` կալցիումային աղեր, կալիում, երկաթ եւ ֆոսֆոր: Փորձը ցույց է տվել, որ սամիթը շատ օգտակար է հիպերտոնիկներին` արյան ճնշումն իջեցնելու համար, շատ օգտակար է աղեստամոքսային տրակտի աշխատանքին, բարենպաստ ազդեցություն է ունենում սիրտ-անոթային համակարգի աշխատանքին: Թարմ սամիթը շատ լավ պրոֆիլակտիկ միջոց է գլխացավի դեպքում: Բացի այս ամենը, սամիթը շատ լավ կարելի է օգտագործել որպես տնային կոսմետիկա: Բանն այն է, որ սամիթի թերթիկները պարունակում են նաեւ մեծ քանակությամբ ֆիտոնցիդներ` բուսական հակաբիոտիկներ, որոնք դիմակների մեջ օգտագործելիս դրականորեն ազդում են բորբոքված ակնեների ու պզուկների վրա:

Մաղադանոսը, կարելի է ասել, տարվա այս եղանակին կարող է ապահովել օրվա համար անհրաժեշտ վիտամին C-ի ու կարոտինի քանակությունը: Իհարկե, մաղադանոսի շատ օգտագործումը հղիներին այնքան էլ խորհուրդ չի տրվում, որովհետեւ այն կարող է բարձրացնել արգանդի լարվածությունը, ինչից պետք է խուսափել: Մաղադանոսի հիմքի վրա պատրաստված կոսմետիկական դիմակները շատ լավ ազդեցություն են ունենում մաշկի վրա եւ խոչընդոտ են հանդիսանում կնճիռների համար:

Կանաչ սոխը պարունակում է շատ վիտամիններ ու օգտակար միկրոէլեմենտներ` կարոտին, վիտամին C, E, B1, կալիումային աղեր եւ երկաթ: Այն շատ լավ է լեղուղիների աշխատանքին, գրիպին ու ավիտամինոզին:

Թրթնջուկը եւս մեծ քանակությամբ վիտամին C, երկաթ ու կարոտին է պարունակում: Այն շատ օգտագործում են ստամոքսի ու լյարդի խանգարումների դեպքում: Կանաչու այս տեսակը խորհուրդ չի տրվում օգտագործել միայն նրանց, ովքեր ստամոքսի կամ երիկամների հետ կապված խնդիրներ ունեն: Թրթնջուկաթթուն կարող է նպաստել այս օրգանների հետ կապված ցանկացած հիվանդության սրացմանը:

Մեր այնքան սիրած հազարը (մարոլ) եւս պարունակում է շատ օգտակար նյութեր` վիտամին C, B1, B2, K, P, E, հանքային աղեր` K, Ca, Mg, P: Այն կարգավորում է մարսողությունը, ամրացնում է արյունատար անոթներն ու կարող է պարգեւել հանգիստ քուն:

Համեմը եւս նպաստում է անոթների ամրացմանը: Համեմն էլ ունի լեղուղիները մաքրելու հատկություն: Համեմի թուրմը շատ լավ խորխաբեր միջոց կարող է հանդիսանալ:

Եղինջը կանաչու տեսակ չէ, այն վայրի խոտ է, սակայն, պետք է ասել, քիչ չեն սրա օգտակարությունները: Այն կիտրոնից 2,5 անգամ ավելի վիտամին C է պարունակում, նաեւ՝ վիտամին A, B1, B2, կարոտին, աղեր, երկաթ, մագնեզիում, ֆիտոնցիդներ եւ օրգանական թթուներ: Բացի այդ, եղինջը պարունակում է շատ անփոխարինելի ամինաթթուներ, որոնք հանքային նյութերի հետ համատեղ՝ օգնում են վերականգնել ուժերն ու նպաստում են տոնուսի բարձրացմանը:

Շատ երկրներում խատուտիկը ոչ թե մոլախոտ է համարվում, այլ այն աճեցնում են որպես բույս: Այն շատ լավ նպաստում է տոնուսի բարձրացմանն ու ախորժակի լավացմանը: Խատուտիկի օգտագործումը բարձրացնում է դիմադրողականությունը, ինչը շատ է անհրաժեշտ բոլորին, հատկապես` հղիներին:

Բոլորիս համար էլ մի քիչ ծանր է տանել մարտ ամսվա գժությունները, բայց, ինչպես ասում են, «բնության մեջ վատ եղանակ չի լինում»…