Պլաստիկ վիրաբուժությունը միայն «պզուկների» հեռացումը չէ

06/03/2009 Սուսաննա ԱԶԱՏՅԱՆ

Մեր հասարակությանը պլաստիկ վիրաբուժության մասին ճիշտ պատկերացում տալու համար զրուցեցինք «Պլաստիկ, վերականգնողական եւ էսթետիկ վիրաբուժության հայկական ասոցիացիայի» անդամ, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի պլաստիկ եւ վերականգնողական վիրաբուժության բաժանմունքի վարիչ Գարեգին Բաբլոյանի հետ:

– Ասոցիացիայի կարեւորագույն խնդիրներից մեկն է՝ հնարավոր միջոցներով նպաստել պլաստիկ, վերականգնողական եւ էսթետիկ վիրաբույժների գիտելիքների կատարելագործմանն ու որակավորման բարձրացմանը: Նաեւ նպաստել նոր տեխնոլոգիաների եւ բժշկագիտության նվաճումների ներդրմանը` պարբերաբար կազմակերպելով կոնֆերանսներ ու գիտաժողովներ: Արտասահմանում բժիշկները տարվա մեջ մի քանի անգամ մասնակցում են կոնֆերանսների ու գիտաժողովների, որը բժշկի համար մեծ առավելություն է` գիտելիքի առումով: Բայց եկեք հաշվենք՝ այսօր մեր բժիշկներից քանի՞սը կարող են գնալ ու մասնակցել արտասահմանյան կոնգրեսների ու կոնֆերանսների: Խոսքը մեծ ֆինանսների մասին է: Պակաս կարեւոր չէ նաեւ կապերի ընդլայնումը տարբեր բժշկական կազմակերպությունների հետ, որոնց գործունեությունը այս կամ այն կերպով առնչվում է պլաստիկ, ռեկոնստրուկտիվ եւ էսթետիկ բժշկությանը:

Ասոցիացիան պետք է կարողանա վերահսկել կրթություն ստացող բժիշկների քանակն ու որակը: Խորհրդային ժամանակներում կար մեկ բժշկական ինստիտուտ, որը տալիս էր տարեկան մոտ 250 շրջանավարտ եւ որոնք նշանակվում էին աշխատանքի ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ Խորհրդային Միությունում: Այսօր բժշկական ինստիտուտը տալիս է շրջանավարտների նույն քանակն, ու ավելացրած՝ կողքի մի քանի, այսպես ասած, «տնական» ինստիտուտների շրջանավարտները, որոնք գործ ունեն մեր հասարակության անդամների հետ: Բանն այն է, որ այսօր աշխարհում բժշկական կրթություն ստացողների քանակը խիստ սահմանափակ է: Իսկ Հայաստանում ով կարող է վճարել, նա էլ բժիշկ է դառնում: Բայց իրականում բժշկությունը եւ հենց պլաստիկ վիրաբուժությունը բավականին բարդ գործ է: Մարդկանց մոտ թյուր կարծիք է ձեւավորվել, թե պլաստիկ վիրաբուժությունը «պզուկների» հեռացումն է: Իհարկե, դա հասկանալի է, որ պսեւդոսերիալների հետեւանք է` կոսմետիկական վիրաբույժների անցկացրած ագրեսիվ գովազդն է, որոնք գովազդում են իրենց կատարած աշխատանքները: Դուք դա կարող եք տեսնել հեռուստատեսության տարբեր ալիքներով` ինչպես են նրանք վիրահատում ու ինչ փայլուն ու անհավանական արդյունքների հասնում, եւ այլն: Մինչդեռ նման գովազդը արտասահմանյան ցանկացած երկրում արգելված է: Պետք է ոչ թե բժշկի գովազդ անել, այլ բժշկական հաստատության` տեղյակ պահելով տվյալ քաղաքի կամ բնակավայրի բնակիչներին, որ անհրաժեշտության դեպքում` կարելի է դիմել, այլ ոչ թե գնալ մեկի մոտ, ում մասին գովազդում խոսվում է` որպես «աշխարհի ամենալավ բժշկի»: Դուք երբեւէ լսե՞լ եք, որ ամերիկացի հայտնի վիրաբույժ Մայքլ Դեբեկին, որ կարդիովիրաբուժության հիմնադիրներից մեկն է եղել, զբաղվի ինքնագովազդով: Նման խնդիրներին եւս մեր ասոցիացիան կփորձի անդրադառնալ: Ցավոք սրտի, մեզ մոտ երբեք այնքան կարեւոր ոսկյա միջինը չի լինում: Մեր ապագա բժիշկների մեջ ես տեսնում եմ շատ բանիմաց ու խելացի երեխաներ, որ, կարելի է ասել, տաղանդավոր են, բայց մոտ 40 տոկոսն էլ, պետք է ասեմ, զրոյական մակարդակ ունեն, այսինքն՝ միջին մակարդակ չկա: Խելացի ուսանողներն էլ, որպես կանոն, ի սկզբանե իրենց պատրաստում են դրսում` արտասահմանում, կրթություն ու աշխատանք ստանալու համար: Եվ ես նրանց դրա համար չեմ էլ մեղադրում, որովհետեւ, եթե ձեզ առաջարկել են «Բարսելոնայում» խաղալու պայմանագիր, հետո դուք երբեք հայկական թիմ չեք վերադառնա, որովհետեւ Բարսելոնան Բարսելոնա է:

Նաեւ մեր բժիշկները մոռանում են մեր ազգային մտածելակերպը, այն, որ յուրաքանչյուր Սիսիանի սարերից իջածը գտնում է, որ ինքն ավելին գիտի բժշկից: Հենց այս պատճառով էլ շատերն են թողնում-հեռանում, որովհետեւ երբեմն նույնիսկ խնդիրը ոչ թե վարձատրությունն է, այլ պարզապես մարդն ուզում է ինքնարտահայտվել: Երիտասարդ մասնագետը պետք է աշխատի այնտեղ, որտեղ ինքը կարող է իրեն գտնել: Եվ ես դեմ չեմ, որ մեր լավագույն ուսանողները գնում են արտասահմանում ուսումը շարունակելու:

Իհարկե, այսօր Առողջապահության նախարարությունն ու Բժշկական ինստիտուտը փորձում են ինչ-որ փոփոխություններ կատարել ընդհանուր համակարգում: Հուսանք, որ լավ կլինի:

– Հիվանդներն ի՞նչ խնդիրներով են ավելի շատ Ձեզ դիմում:

– Պետք է ասեմ, որ մենք ազգովի կենտրոնացած ենք մեր քթի վրա` հատկապես կանայք ու աղջիկները: Շատ դեպքերում վիրահատելու կարիք չի էլ լինում, եւ հետո նման մարդիկ միշտ հրաշք արդյունք են ակնկալում, բայց իդեալական արդյունք երբեք չի լինում: Մոռանում ենք մի բան, որ նախ՝ դա մեր ազգային առանձնահատկությունն է, եւ հետո էլ շատ-շատերին այն ավելի լավ է սազում, քան նոր` ձեւափոխված քիթը: Խիստ անհրաժեշտ դեպքերը բացառած, մնացած բոլոր դեպքերում, իսկ դրանք մոտավորապես վիրահատվողների 80 տոկոսն են կազմում, հոգեբանորեն չբավարարված մարդիկ են: Երբեմն նման վիրահատություններից հետո մարդիկ կորցնում են իրենց դեմքի իսկական արտահայտությունը: Ի՞նչ է, կարծում եք՝ Բարբարա Սթրեյզենդը անհրաժեշտ գումարը չունե՞ր, թե՞ հնարավորություն` քիթը վիրահատելու համար: Բայց նա դրանից հետո կկորցներ իր յուրահատուկ հմայքը ու կլիներ սովորական` բոլորի նման: Շատ են դիմում գիրության հետ կապված խնդիրներով: Բայց այնքան էլ այդպես չէ, որ բոլորին կարելի է ու պետք է վիրահատել: Եթե այդպես լիներ՝ ուրեմն Միացյալ Նահանգների բոլոր կանայք կլինեին նիհար ու գեղեցիկ կազմվածքով: Մեզ մոտ կատարվում են այնպիսի բարդ վիրահատություններ, ինչպիսիք են` կոպերի ու ականջների պլաստիկան, ականջախեցու վերականգնումը, փոքրացնող կամ մեծացնող մամոպլաստիկան: Կատարվում է նաեւ քթի, դեմքի, կրծքագեղձի վերականգնում, որոնք 10 ժամանոց վիրահատություններ են ու բաղկացած են մի քանի էտապներից:

– Իսկ կարելի՞ է արդյոք չարորակ ուռուցքի հետեւանքով հեռացված կուրծքը փոխարինել ինպլանտով:

– Ընդհանրապես կուրծքը կարելի է վերականգնել երկու ձեւով՝ ինպլանտի կամ սեփական հյուսվածքների միջոցով: Նույն զարգացած երկրներում այս վիրահատությունը կատարվում է միաժամանակ այս կամ այն եղանակով, այսինքն՝ հեռացվում է կուրծքը եւ, միեւնույն պահին, իհարկե՝ հիվանդի համաձայնությամբ ու նրա վիճակից ելնելով` վերականգնվում է կուրծքը: Բայց մեզ մոտ դա չի ընդունվում, եւ մենք, արդեն 15 տարի է, չենք կարողանում փոխհամաձայնության գալ Ուռուցքաբանության ինստիտուտի հետ: Կամ հազվադեպ ու զգույշ են մեզ մոտ հիվանդներին ուղարկում, պատճառաբանելով` որ չարորակ բջիջները կարող են կրկնվել: Բայց նման բան չի կարող լինել: Եթե մենք որովայնի հյուսվածքից կուրծք ենք ստեղծում, ո՞րն է դրա տարբերությունը: Ատիպիկ բջիջներ մնալու դեպքում, անկախ ամեն ինչից, միեւնույն է, հիվանդությունը նորից կարող է կրկնվել, բայց եթե չարորակ բջիջներն առանց ուշացնելու ու մաքուր հեռացվել են, ուրեմն նոր ստեղծած կուրծքը հիվանդության հետագա զարգացման համար պատճառ չի կարող հանդիսանալ: Իսկ հոգեբանական առումով չեք կարող պատկերացնել, թե այն ինչքան դրական ազդեցություն է ունենում մարդու վրա: Այնպես որ, այսօր Հայաստանում կան մի քանի լավ մասնագետներ, որոնք կարող են կատարել նման վիրահատություն, պարզապես փոխհամաձայնության եզրեր չենք գտնում: Եվ ընդհանրապես, մեր մասնագիտության անունն էլ հենց նշանակում է՝ վերականգնել, հնարավորինս ծածկել ֆիզիկական արատները: Ի դեպ, պլաստիկ վիրաբուժության հիմնադիրը եղել է ամերիկահայ Վազգեն Ղազանչյանը:

Շատ կանայք էլ կան, որ պարզապես ցանկություն ունեն ազատվելու մեծ կրծքից, քանի որ, բացի արտաքին տեսքից, այն երբեմն անհարմար զգացողություն է առաջացնում: Բայց նույնիսկ հնարավորության դեպքում կինը երբեք այդ քայլին չի դիմում, որովհետեւ ամուսինը չի թողնում: Դե, սա էլ արդեն աշխարհայացքի խնդիր է: