Բանասիրության մեջ, ելնելով «Մատյան ողբերգության» երկի առանձին գլուխների դավանաբանական բնույթից, այն կարծիքն է արտահայտվել, որ, ինչպես մի քանի ամբողջական գլուխներ (ՀԵ, ՂԲ, ՂԳ), այնպես էլ մի քանի գլուխների (ԻՔ, ԼԳ, ԼԴ) առանձին մասեր չեն պատկանում Նարեկացու գրչին եւ կամ սկզբնապես չեն եղել «Մատյանում»: Թարգմանիչների համար (Մ. Խերանյան, Վ. Գեւորգյան) սա դրանք դուրս թողնելու հիմք է եղել, եւ այդ պատճառով դրանցից թարգմանվել են միայն առանձին հատվածներ:
Ինչպես նշում են «Մատյանի» քննական բնագրի հետազոտողներ եւ հրատարակության պատրաստողներ Պ. Խաչատրյանը եւ Ա. Ղազինյանը, ձեռագրերը հիմք չեն տալիս կասկածելու, թե դրանց հեղինակը Նարեկացին չէ, թե դրանք կարող են թարգմանություն լինել, թե դրանք սկզբնապես չեն եղել «Մատյանում», այլ գրիչների ընդմիջարկումներն են: Թարգմանություն համարելու վարկածն առաջացել է ՂԲ գլխի «աղաչանս եդեալ ընդ կերպարանս թարգմանութիւնն» եւ ՂԳ գլխի «աղաւթք թարգմանաւրեն» արտահայտություններից, ուր «թարգմանութիւն» բառը նշանակում է՝ մեկնություն, բացատրություն (Տես. Հ. Նալյան, «Գիրք մեկնութեան» էջ 878, եւ Գ. Ավետիքյան «Նարեկլուծ» էջ 481, ծնթ. է) :
Որ ԼԳ գլուխը սկզբնապես եղել է «Մատյանում», կասկածից վեր է: Որ նրա մասերը մտել են այդ գլխի մեջ` նույնպես:
ԲԱՆ ԼԳ
Հատված Զ
(ծածկաբար)
Ի խորոց սրտի խոսք ընդ Աստծո
Ամենակարող բարերար մարդասեր Աստված բոլորի, հորինող երեւացողների եւ աներեւույթների, փրկող եւ հաստատող, խնամող եւ խաղաղարար, Հոր հզոր Հոգի, հայցում ենք բազկատարած մաղթանքների գոչմամբ հեծության` հանդիման կեցած քեզ` ահավորիդ:
Մոտենում ենք մեծ դողությամբ` սաստիկ երկյուղով` մատուցանելու նախ բանական այս պատարագը` քո անզնին զորությանը, իբր աթոռակցի, փառակցի եւ արարչակցի` հայրենի անկողոպտելի պատվիդ, եւ քննողի ծածկության խորոց խորհրդի ամենակատար կամքի Հորդ՝ Էմանուելի` քեզ առաքողի, փրկչի եւ կենդանատուի եւ արարչի ամենայնի: Քո միջոցով ծանուցվեց մեզ եռյակ անձնավորությունը միասնական Աստվածությանդ, որոնցից մեկը եւ դու ես ճանաչվում` անհաս: Քեզանով եւ Քո միջոցով նահապետական տոհմի շառավիղներն առաջին տեսանողներ անվանակոչվեցին, անցածներն ու գալիքները, եղածներն ու չգոյացածները, անստվերաբար բարբառով Բանի վերապատմեցին:
Հոգի Աստծո քեզ քարոզող Մովսեսի, որ ջրերի վրա քո գնալու պահին` անպարագիր զորություն, թեւապարփակ պաշտպանողության տածողական ահեղ շրջարկությամբ, գթասիրյալ նորածին արարչության վրա` ավազանի խորհուրդը ճանաչեցրիր:
Որպես կերպարան օրինակության` վերջին վարագույրիդ լույծ մածվածը կառուցելուց առաջ, տիրական կարողությամբ անէից հորինեցիր բոլոր գոյակների եւ էակների բովանդակ բնությունը: Քեզանից եղածները Քեզնով են ստեղծվում հարության նորոգությամբ, այն պահին, որ օրն է վերջին այս կենցաղի, եւ օրն առաջին կենդանյաց երկրի: Քեզ հնազանդվեց միությամբ կամքի, որպես Հորը յուր, ազգակիցը Քո եւ Հորն էակից անդրանիկ Որդին` մեր կերպարանքով: Քեզ ավետարանեց ճշմարիտ Աստված` հավասար եւ համագո Հորն իր հզոր: Առ ի քեզ հայհոյությունն անքավելի քարոզեց, եւ քո դեմ հեստողների չարաբանական բերանը կարկեց, եւ իրեն շնորհեց արդարն ու անարատը, զտիչն ամենայնի, որ մեր մեղքերի համար մատնվեց, եւ հարյավ` մեզ արդարացնելու համար:
Փառք նրան քո միջոցով, եւ բարեբանություն ամենակալ Հոր հետ հավիտյանս հավիտենից: Ամեն:
ԲԱՆ ԼԳ
Հատված Է
Դարձյալ պիտի կրկնեմ նույն մաղթանքը, մինչեւ որ ներհայեցողական լույսի վստահությամբ` հրաշապես հայտնվի, վերստին ավետարանելով ինձ նոր խաղաղություն
Ի խորոց սրտի խոսք ընդ Աստծո
Աղաչում եւ աղերսում ենք արտասվալից հառաչանքով ամենայն անձից փառավորյալ արարչությունդ` անեղծ եւ անստեղծ, անժամանակ հոգուդ գթածի, որ անմռունչ հեծություններով բարեխոսում ես մեզ համար քո ողորմած Հորը, որ սրբերին ես պահպանում եւ մեղավորներին ես մաքրում եւ կենդանի տաճարներ ես դարձնում կեցուցիչ կամքին բարձրյալդ Հոր: Արդ, ազատիր մեզ ամենայն անմաքուր գործերից, որոնք հաճո չեն քո բնակությանը, եւ թող չմարեն մեր մեջ լույսիդ շնորհների ճաճանչները մեր մտքի տեսության աղետից, վասնզի գիտենք, որ աղոթքի եւ խնկելի եւ ընտիր կյանքերի միջոցով ես միանում դու մեզ:
Եվ քանզի երրորդությունիցդ մեկը պատարագվում է եւ մյուսն ընդունում է` հաշտվելով մեզ հետ հաշտարար արյամբ յուր անդրանիկի, իսկ դու ընդունիր մեր պաղատանքները, եւ մեզ ամենապատրաստ եւ պատվական օթեւաններ հարդարիր, վայելելու համար ճաշակումը երկնավոր Գառիդ, առանց պատժի դատապարտության` ընդունել այս անմահացուցիչ մանանան նոր կենաց փրկության:
Եվ թող այս հրով հալչի գայթակղությունը մեր, որպես մարգարեին ունելիներով մատուցած կենդանախարույկ կայծակով, զի ամենայնի մեջ քո գթությունը քարոզվի, որպես Աստծո Որդիով` Հոր քաղցրությունը, որ անառակ որդուն մերձեցրեց հայրենի ժառանգությանը եւ պոռնիկներին առաջացրեց երկնից արքայության մեջ` արդարների երանությանը:
Հատված Ը
Այո, այո, եւ ես մեկն եմ նրանցից, ինձ եւս ընդունիր նրանց հետ` իբրեւ մեծ մարդասիրության կարոտյալի, շնորհիվ քո փրկված եւ արյամբ Քրիստոսի մաքրված:
Զի այս ամենայնի մեջ ճանաչվի քո աստվածությունը` Հոր հետ փառավորվելով համապատվաբար` մեկ կամքով եւ գովության իշխանությամբ:
(եղանակով)
Զի քոնն է գթությունը եւ կարողությունը, մարդասիրությունը, զորությունը եւ փառք հավիտյանս հավիտենից: Ամեն:
Հովհաննես Իմաստասեր
Հովհաննես Իմաստասերը 11-12-րդ դարերի միջնադարյան հայ մատենագրության աչքի ընկնող դեմքերից մեկն է: Նրա մասին, որպես հանճարեղ գիտնականի, գովեստով են խոսում նրա գրական վաստակներին ծանոթ գրեթե բոլոր պատմիչները` Սամուել Անեցին (Հովհաննեսի աշակերտը), Վարդան Արեւելցին, Կիրակոս Գանձակեցին, Մխիթար Այրիվանեցին եւ այլք: Այսպես, օրինակ, Կիրակոս Գանձակեցին, ով ապրել է Հովհաննեսից մոտ կես դար հետո եւ հասու է եղել նրա գրական-գիտական ժառանգությանը, հետեւյալ ձեւով է բնութագրում նրան. «գմեծիմաստն գիտութեամբ քան զհոլովս եւ հանճարեղն յամենայնի` մտահարուստն Յոհաննես»:
Հովհաննես Իմաստասերի թերեւս ամենուշագրավ ու եզակի երկն է «Իբրեւ ժամանց ասված իմաստուն խոսքերը թռչունին, որ աղոթարանի շուրջը ճռվողում էր քաղցրաձայն, եւ որ կոչվում է սարյակ» բանաստեղծափիլիսոփայական երկը, որը, ցավոք սրտի, մինչեւ այսօր խորունկ իմացաբանական վերլուծության չի ենթարկվել, իսկ նախկինում եղած բոլոր քննությունները (Ղ. Ալիշանից մինչեւ Մ. Աբեղյան) հիացիկ նկարագրողական տարազումներից այն կողմ չեն անցել:
Հովհաննես Սարկավագ Իմաստասերը երկնել է ներբողներ, մեկնություններ, ճառեր, տաղեր, շարականներ, աղոթքներ, տոմարական աշխատություններ, խրատներ («Բան խրատու առ ուսումնասէրս»), տիեզերագրական եւ այլ բնագիտական աշխատություններ, փիլիսոփայական, բարոյագիտական, ինչպես նաեւ խազագրությանը վերաբերող երկեր, սակայն, եթե նույնիսկ գրած լիներ միմիայն այս` «Սարյակը» կարճ վերնագրով հայտնի գործը, ապա հաստատապես կմնար գրականության հիշողության մեջ:
Այս կարճառոտ նախաբանը կուզենայի ավարտել Եղիշե Չարենցի «Հուզումների լեզուն» բանաստեղծության մասնակի մեջբերմամբ, որտեղ առկա է «Սարյակի» անուղղակի վերապրումը.
Հովհաննես Սարկավագ
Իմաստասերի եւ Վարդապետի
Իբրեւ ժամանց ասված իմաստուն խոսքերը թռչունին, որ աղոթարանի շուրջը նրա ճռվողում էր քաղցրաձայն, եւ որ կոչվում է սարյակ
Արթուն եւ զվարթուն թռչուն, հսկող եւ բարբառող,
Անտառասեր միայնակյաց եւ ձեռնընտել համբուրասեր,
Կանչող եւ կարկաչող, ճռվող ձայնով աստվածասեր,
Արդ, եկ ինձ մոտ ի գովություն, զի Արարչի փառքը աճի,
Մեծը փոքրի մեջ հռչակվի եւ քաջ արվեստը ճանաչվի:
Ազգով թռչուն մեզ թեւավոր, ջրից բխած ընդ համազգիդ,
Բայց տեսակով դու տարանջատ` խեղճերի եւ փոքրերի հետ,
Նմաններիդ մեջ` համրաշարժ, գեղեցկությամբ` անվայելուչ,
Ըստ հասակի՝ հույժ անարգիկ, օդայիններից` վերջադասյալ.
Այլոց հետ դու ես կոչված աղքատ եւ անպաշար,
Անհոգ եւ անարատ, ինչպես ուսանեցինք Քրիստոսից,
Սակայն ինքդ անձնապես քաջավարժ ես ամեն բանով,
Խոհեմ եւ ողջախոհ, իրավացի եւ քաջասիրտ.
Իսկ արվեստով դու երաժիշտ` ամենահնար, անվարդապետ,
Ինքնաբավ, ինքնուսում, վայրաբնակ եւ անքաղաք,
Անմերձ եւ մերձավոր, ուրախարար լսասիրաց,
Քաղցրաձայն դաշնակավոր` ինչպես արվեստն եմ ենթադրում.
Սաստկախոս եւ մեղմաձայն, խանդաղատող եւ ողբերգակ,
Հրամայող եւ աղերսող, խրատականը ներադրող,
Սպառնացող եւ հեզախոս, գգվող, կանչող եւ հեռացող,
Կականող եւ ձայնարկու, հույժ խնդացող եւ զվարճացյալ:
Արդ` գիշերը քեզ տիվ, եւ խավարը որպես լույս,
Տքնասեր եւ մշտաղոթ, ըստ հրեշտակաց օրինակի,
Հոժարախորժ աշխատություն եւ վաստակներովդ հանգչած,
Սակավագույն կարիքներով` առանց կերի բավարարված.
Նվագներով կերակրված` որպես տիրող այդ զորության,
Երգերով միայն տարված` գերերկրային շնչերի հետ:
Անգիր օրենք մենակյացների եւ կշտամբիչ ծուլացողների,
Ոչ թե մեկ, այլ բյուր բաներով, որ նախերգի մեջ թվեցինք:
Ով պարող դու անձանձիր եւ կաքավող հոգնանվագ,
Աննշան երեւելի եւ անհամբավ փառավորյալ.
Մեջդ խորհուրդը սքանչելի նրանց` որ Տերն ընտրեց երկրից:
Բայց չստացար դու զորություն, որ դյուրավ խոսում են լեզվով,
Չմտար դու վերնատունը հրավիրյալների հետ ավետիսի.
Արդ, ուսկի՞ց քեզ խոսքը` այլալեզու եւ ընտանի.
Եկ, ուսուցանիր ինձ, զի իմանամ, կիսակատար իմաստակիս,
Մի պատճառիր անբանություն` հոդաձայնդ վերծանող.
Անհոգ ձայնով վարդապետիր եւ ընդունիր ինձ աշակերտ.
Զի փոխարեն իմաստությունն ուսանելուս, քեզ հատուցեմ`
Մեզ հղված այս ներբողյանը թողնելով անապական,
Ժամանակի համար գալիք` անջնջելի, քաջահարմար,
Հորդորական եւ վայելուչ` որից օգտվեն իմաստնացյալք:
Թռչունը պատասխանում է
Ահա լսեցի եւ հասկացա` ինչ խորհեցիր եւ խոսեցիր.
Այժմ հրամայում ես եւ մեզ պատմել` մտածումներիդ համաձայն,
Եղանակով մի այնպիսի, որ ըստ կարգի հարկ է ասեմ,
Անխոտոր եւ անսայթաք` զանց անելով թեեւ շատ բան:
Չմեղանչեցի, չմահացա, չկորցրեցի ինչ ստացա,
Ավանդը պահեցի եւ տուգանքներ չկրեցի.
Չշինեցի ես աշտարակ` զի հոգնակի դարձնեմ մեղքերս,
Կամ ստանամ նմանապես պատուհասը բանականներիդ`
Մեկ շրթունքի եւ բարբառի բազմապիսի բաժանումով,
Չար կամքերի միությունը այնու մեկ կողմ շպրտելով,
Զի եւ բազմաց միությունն է նմանապես պարսավելի,
Փոխադարձել ոչ բնական` ըստ մեղքերի բազմացման:
Արդ` բնականի մեջ կեցա, որի պարգեւը հայտնությունն է`
Որը հիմքից ժամանակաց ընծայված է փոքր հոտին.
Ընձեռնվեց նրանց շատ բան, զի բազումքը կոչվեն ի մի,
Այն, ինչ մեկով կորցրին` հակառակովը շահեցին.
Ինչպես եւ այլ փրկչականները` որով մահից զերծ մնացիք,
Նորոգեցին մեզ կրկին` ընդդիմությամբ սխալների:
Վարդապետը արդարացնում է թռչնի դիմադարձությունը եւ ամբաստանության ոճն է որդեգրում
Այս է, ասաց, պատճառը բազմանվագ եղանակների,
Թռչունը քաղցրախոս, երբ որ հարցում արինք նրան.
Թե միությունը բազմաց, թե տարբերությունը մեկի,
Թե հեռանալը բնականից` վեհագույնից խոտորելով.
նմանապես են պատուհասները, ինչպես գիտենք ի բնե,
Ուսանեցի ես դեգերմամբ` բազում տարիներից ի վեր,
Զի տքնեցի օրն ամենայն եւ գիշերը բովանդակ,
Ցանկությամբ իմաստության եւ հանճարի հանդեպ սիրով:
Այս ասաց եւ հաստատեց, որպես կնիք իր խոսքերի.
Հանդիմանեց մեզ իրավամբ, եւ ինքն օդով սլացավ,
Ի բարձրություն ոստի նստեց` իր հայրենին բարբառելով,
Աղաղակով ինձ ձանձրացրեց, եւ չօգտվեցի ես խոկումից.
Տրտմեցի եւ զվարճացա` երկուսի մեջ պաշարված,
Անունով նրան կանչեցի եւ խոսեցի դատաստանով,
Հարցրեցի եւ քննեցի եւ պարտվեցի ես մրցման մեջ,
Խոսեցի առ անմեղը, որ ճարտարում էր ինձ խոսքով,
Գաղտնաներհակ ձայնով ջանում էր ինձ հաղթել մարտում,
Ասացի` ինչու ես ինձ նեղում` խորհեցողիս իմաստության,
Ուշքս ու միտքս ես խախտում ճռվողյունով քո անդադար.
Խոկումներս այլայլելով, դեգերումներս ես անում անշահ,
Լցնում ես ականջս խռովությամբ, միտքս ցրում ունայնությամբ:
Որի համար սիրտս է արտաբերվում, չմնալով մեջս էապես,
Եվ սանձարձակ դուրս է հոսում ծերպերից` բնավ անարգել:
Առ քո գյուտն եմ ես փութում եւ գտածս եմ մոռանում,
Եվ շահավետ խոսքից զրկվում` ձեռք բերելով անշահելին:
Անապատում եմ այս գալիս նստում, զի օգտվեմ հանդարտությամբ,
Որպեսզի հարց տամ եւ իմանամ եւ չլինեմ ես վայրատանջ,
Աշխատեմ անշահորեն ունայնատուր իմաստությամբ,
Բազմադիմի վնասների միտմամբ, որ հանդիպում է մարդկանց մեջ,
Դու նեղում ես ինձ անձանձիր, իբր գտած ինձնից վնաս,
Բողոքում ես աղաղակով` զրկյալների սովորությամբ,
Դատավորի դեմ ատյանով ամբաստանում ես ինձ խստորեն.
Կամ կարծում ես ինձ թշնամի` օտարապես մոտդ եկած:
Տրտնջում եմ առ սիրելիս, ասում այն, ինչ զգում եմ այստեղ.
Տանջվում եմ նաեւ այն բանով, որ մուրհակով եմ ամբաստանում,
Երկար ժամեր տարված գրով` քեզնից տրտունջն այս գրելու,
Անձն ու մարմինն ապրեցնող կարեւորները մոռանալով,
Անտեսելով նույնպես ներկան` որով պետք է զգոնանալ,
Անվանի եւ մեծերի պես, նաեւ վերին իսկ զորությանց.
Արդ, ինքս ինձ չճանաչեցի` ասածներովդ տարված,
Բայց առավել եմ ամբաստանում, զի նենգությունը ճանաչվի,
Ինչպես ասում են նրանք, որ ատյանում են բազմած,
Զի ասվածները զորանան, կարողանան բերել ներում:
Մորթե վերարկուի մասին, որի վրա թանաքը թափվեց
Եվ այժմյան իսկ պատահարը պիտ չլռեմ արտաբերել.
Փոխազգեստը նախահոր, որ հանցանքից հետո տրվեց,
Ապացույց մեռելության եւ գուշակիչ ունակության,
Նույնօրինակ իմ վերարկուն դարձրեցիր դու անպիտան,
Զի մինչ խոսքովդ էի տարված` ներկվեց սաստիկ այս մելանով:
Բայց ասա ինձ իրազեկ` դիտումնավոր հարցմանը իմ,
Թեեւ պետք չէ չարաբանել դատվող մեկի դատավորին.
Թե ազգակից ես սոխակին, ասպուճակին կամ ճպուռին,
Նրանք եւս երաժիշտ են, բայց ձգտում են ամայության,
Դաշնալուր նվագներով զարդարում են վայրերը բաց.
Քչերը կարողացան լսել նրանց երգատրությունը քաղցրաձայն,
Գովվեցին եւ սիրվեցին քաղցրանվագը լսողներից:
Ամփիոնը Թեբացի եւ Արիոն Միթեմնացին,
Օրփեոս Թրակիացին` երաժիշտներ են մեծագովք.
Բայց անշքանում են նրանց կողքին, որ բնականով են պաճուճված,
Քանզի գործիքներն այս արվեստի իրենք չունեն բնությունից:
Դու եւս մեկն ես նրանցից, որոնց մասին ես պատմեցի,
Համարվեստ եւ անվանի, ինչպես արդյունքն է վկայում,
Բայց մի բանով ես թերի, որ չկամեցար ապրել նրանց հետ,
Չմնացիր այնտեղ դու, որտեղ խմբված են նրանք:
Արդ գալիս այստեղ, նստում ես մոտս, արվեստով համակից որպես,
Բազմալար նվագարանով եղանակում ես եւ պարում,
Շատերը քեզանով է որ ճանաչեցին հոմերական չափը տաղերի,
Ոտանավոր կամ ցուցական` նայած քերթության տեսակին,
Կամ էլ դրանից շատ ավելին, որպես թվում է ինձ` խորհողիս,
Զի ուսումն ու վարժանքն անկարող են բնությանն հասնել:
Թռչունն ամբաստանաբար պատասխանում է վարդապետին
Դարձավ, պատասխանեց բոլոր ասած իմ խոսքերին,
Արագագույն քան լսածը` հակաճառեց հանգերգությամբ.
Հայտնեց ինձ հստակորեն, կորովակի արտադրությամբ
Իմաստները խորհուրդների մեջ ընդ միմյանց բնակության.
Արդարախոս չես, ասաց` ամբաստանողդ մեզ խոսքով.
Տարապարտ տրտնջացիր, որտեղ ես հանցանք չունեմ.
Ունկ դիր դու էլ խոսքերիս, արդարախոս դատվածիս.
Իմ ու ձերն է այս աշխարհը, ու դուք եւս պանդուխտներ եք,
Ընտանի եւ սեփական բնակարանն է քանի այն
Արարչից մեզ տրված` վայր ուսման եւ աճեցման,
Մեր կարիքի համար հարմար` ըստ ունեցած մեր կազմության:
Դուք ձերինից տուժեցիք` մեղանչելով Արարչի դեմ,
Աստվածությունը ցանկալով` ինչ ունեիք կորցրեցիք.
Երկինք ելանելով` սողոսկեցիք դժոխքն ի վար,
Ճոխությունը հետամտած` աղքատացաք, տնանկացաք,
Առ գերական համբառնալով` կործանվեցիք ստորին վայրեր,
Առ մեծ փառքեր դիմելով` աստ, մեզ մոտ նահանջեցիք.
Արարչի խոսքը մոռացաք, բանսարկուին հավատացիք,
Անօրեններ` օրենքով եւ անեծքով դատապարտված,
Անմեղությամբ անդ չապրելով` չարիքների եղաք պահակ,
Արդարությունը կորցրած` հոգնապատիկ մեղքեր գտաք.
ձեր ախտերի եղաք ծառա` հավանելով մարդասպանին.
Ծառաներս ձեր դեմ ելանք, ինչպես եւ դուք` Տիրոջ դեմ:
Փոխարենը ձեզ փուշ, տատասկ, զի փափկություն, սեր չունեցաք:
Մահվան վճիռը ձեզ տուգանք` զի չախորժեցիք կյանքն անեղծ,
Թշնամություն առ սիրեցյալը` սիրած Հոր դեմ ըմբոստներիդ.
Նորից հող պիտի դառնաք` ապականիչներդ պատկերի,
Ձեր կերակուրը նույն վայրից, ինչոր երկրակերներինս.
Անասնական պարենիկ` վայելուչը լքողներիդ,
Կենակցություն ձեզ մեզ հետ` չընտրողներիդ առ Աստված,
Ծառաների հետ գժտություն` գժտությունը պատվողներիդ:
Բայց անմեղներս էլ տուժեցինք ձեր ժպրհության պատճառով,
Ի փառս ձեր գոյացած, ձեզ համար էլ եղծանեցինք,
Ոչ միայն մահվամբ, այլեւ սաստիկ ձաղկանքներով.
Դուք` գիտակից Տիրոջ կամքին, մենք գիտությանն անվերահաս,
Դուք` օժտված ազատ կամքով, մենք բնության հետեւորդներ,
Դուք` մտացի եւ բանական, անբանությամբ մենք պարուրված:
Արդ, մեր եւ ձեր առհասարակ դուք եք պատճառը կորստյան,
Որով` մեր վնասների համար էլ պիտի հաշիվ տաք Արարչին:
Այլ աղետներ դեռ վշտագին կպատեն մեզ երկրի վրա,
Խորշակներ եւ ձմեռներ, կարիքների կարոտություն,
Ցավեր եւ հիվանդություն, եւ տարաժամ մահվան արկած`
Մեղքի պատճառով ահագնացած` ըմբոստներին ի պատուհաս.
Մենք առավել ենք տառապում` չունենալով տուն ու քաղաք,
Լիալեցուն ոչ էլ ամբար` ի գոհացում կարիքների,
Ոչ դեղեր, ոչ բժիշկներ` ի չքացում մեր ցավերի,
Ոչ իսկ փափուկ սակավ սնունդ` իբր հանգիստ եւ սփոփանք.
Եվ ամենայնի վրա, սնանում ենք հատիկ-հատիկ,
Դեռ իրար ենք ծախում` ինչպես գիտենք եւ տեսնում ենք:
Արդ, եթե այսքան մեղքերով, որ վերը թվեցինք,
Զրկվեցիք դուք կյանքից եւ ընտանի բնակավայրից,
Ինչո՞ւ եք մեզ մեղադրում, որ ոչ մեկին չզրկեցինք տեղից,
Սահմանազանց չեղանք երբեք ավանդածից Արարչի:
Զրկանքը մեր ձեզանից է, եւ դուք եք մեզ ամբաստանում.
Իրավամբ դատեցեք, ըստ հրամանի Ստեղծողի:
Եզրակացություն երկուսի ասվածների եւ վարդապետի պարտության խոստովանանքը
Ճշմարիտ այս խոսեց, ըստ դեպքերի բերման
Բացատրված խոսքերն ամեն իմաստաբար բարբառելով:
Որով հաղթած իմաստուններիս եւ կարծեցյալ բանաստեղծներիս
Լռությամբ հանդիմանեց` անկարոտ երկար խոսքերի:
Գրաբարից աշխարհաբարի վերածեց Վարդան ՖԵՐԵՇԵԹՅԱՆԸ