Գունավոր հեղափոխությունների մասին

03/07/2005 Ռաֆայել ԳԼՅՈՒՔՍՄԱՆ, Corriere Della Sera, Իտալիա

Մենք գնացինք Ուկրաինա, որպեսզի գտնենք Բելգրադից Թիֆլիսով մինչեւ Կիեւ
Մինսկի սպասումով ձգվող նոր Ինտերնացիոնալը, որն ազատության հողմ է
տարածում Ռուսական կայսրության սահմաններում։ Գնացինք, որ տեսնենք
հակատոտալիտար բոլշեւիկներին, ում գործողությունները Պուտինը զզվանքով
«պերմանենտ հեղափոխություններ» է անվանում։ Մենք գրպանում ունեինք
ազատական եւ ամերիկամետ նեոբոլշեւիկներին հասկանալու համար խիստ արժեքավոր
մի գիրք՝ Կուրցիո Մալապարտեի «Պետական հեղաշրջման տեխնիկան»։ Նրա մեկ այլ
գիրքը՝ «Կապուտը» մեզ գուցե ուղարկեր Ռուանդա, իսկ «Տեխնիկան» բերեց
Ուկրաինա։ (Կուրցիո Մալապարտեն (1898-1957) իտալացի լրագրող, արձակագիր եւ
դրամատուրգ է։ Եղել է իտալական ֆաշիզմի «կենցաղագիրը», այնուհետեւ՝
զինվորական թղթակից Արեւելյան ճակատում, այդ թվում նաեւ՝ Ռուսաստանում):
Համոզված ֆաշիստը կյանքի վերջում սկսել է հարել մաոիզմին։ Հատկապես հայտնի
է նրա «Կապուտ» վեպը, որը գրել է 1944-ին Ֆինլանդիայում։ «Անհրաժեշտ են
արհեստավարժ զորքեր, ապստամբության մարտավարություն, իսկ զանգվածները կգան
դրա հետեւից»,- գրում է նա։ Մալապարտեի կարծիքով՝ մարտավարությունը
համընդհանուր է, այն կարելի է արտահանել, մինչդեռ ռազմավարությունն
առանձնահատկություններ ունի՝ կապված երկրի պատմական ու սոցիալական
պայմանների հետ։ Մարտավարությունը վերացական է եւ դուրս որոշակի
համատեքստից, բայց միաժամանակ՝ նյութական կազմակերպվածքն է եւ
հեղափոխության սիրտը։ Այսպես մենք ճամփա ընկանք որոնելու Բալկաններից
մինչեւ Կովկաս ձգվող խաղաղ ապստամբությունների համընդհանուր
մարտավարությունը։
Մինչեւ «Նարնջագույն» հեղափոխությունը Վիկտոր Յուշչենկոն գաղտնի հանդիպում
էր վրացական «Վարդերի հեղափոխության» հերոս Սահակաշվիլու հետ։ Իսկ մինչեւ
Շեւարդնաձեին գցելը Սահակաշվիլին ինքն էր գնում Բելգրադ՝ հանդիպելու
սերբական հեղափոխության ղեկավարներին։ Այդ ապստամբությունների
առաջնորդները մինչեւ վերջ աջակցում են միմյանց։ Սակայն դա չէ
ամենակարեւորը։ Քաղաքական գործիչները նշանակություն ունեն, բայց ամենից
կարեւորը մարտավարությունն է, իսկ մարտավարությունը որոշողը Յուշչենկոն
չէ։ Մեզ ծանոթ էր այդ հեղափոխությունների գործառնական հիմնադրույթը
(քաղաքացիական անհնազանդություն՝ բառի ամենաարմատական իմաստով)։ Պետք էր
ճանաչել «արհեստավարժներին» եւ վերլուծել ապստամբության մեխանիկան՝ սառը
դատողությամբ, ինչպես Մալապարտեն։
Մարկո Մարկովիչն առանց դժվարության իրեն «արհեստավարժ հեղափոխական» է
անվանում։ Սերբական «Օտպոր» շարժման երիտասարդ խորվաթ ներկայացուցիչը մի
քանի ամիս մինչեւ 2004-ի նոյեմբերի 22-ը, երբ «Նարնջագույն»
հեղափոխությունը գրավեց Մայդանը, Կիեւում էր։ Վարձատրվելով ամերիկյան
հիմնադրամներից, Մարկովիչը դարձավ Միլոշեւիչի պաշտոնանկության գլխավոր
դեմքերից մեկը, ինչից հետո մասնագիտացավ ապստամբության մեթոդների
արտահանման գործում։ Նա կոռումպացված բռնատիրությունների օրոք ապրած
սերնդից է։ Նրա հայացքն ուղղված է Արեւմուտք։ Նա ատում է Ստալինի եւ
Տիտոյի ժառանգորդներին եւ նրանց պանսլավոնական գաղափարախոսությունը։ Նույն
սերնդից են նաեւ վրացական «Կմարայի» եւ ուկրաինական «Պորայի»
ներկայացուցիչները։ Ուսանողական բոլոր այս շարժումները նման են թե
մարտավարությամբ, եւ թե կառուցվածքով։ Նրանց համար քաղաքացիական
անհնազանդությունը ռազմական արվեստ է։
Նրանց հաջողությունն այն է, որ հասկացել են ներքին թուլությունները որոշ
հետկոմունիստական ռեժիմների, որոնց միավորում են վախի մթնոլորտն ու
շահամոլությունը, ինչո՞ւ չէ, նաեւ գաղափարախոսությունը։ Այդ
իշխանությունները հենվում են հասարակությունների հիասթափության վրա։ Երբ
ժողովուրդը արթանանում է ու լցվում փողոցները, վախը փոխում է ճամբարն ու
տեղի է ունենում ուժերի պրոգրեսիվ վերադասավորում։ Երկու ամսվա ընթացքում
Կիեւում անընդհատ հայտնի էր դառնում, որ այս կամ այն իշխանական կառույցը
կամ իշխանության ներկայացուցիչը միանում է հեղափոխությանը՝ նկատի
ունենալով, որ ամեն բռնակալ աշխատում է խուսափել ուրիշների համար պատասխան
տալուց։ Սկզբում՝ մի գեներալ, հետո՝ ամբողջ գլխավոր շտաբը, օլիգարխները,
ոստիկանները, որոշ վաշտեր, հետո, ի վերջո, ամբողջ ոստիկանությունը։
Վերնախավի լուռ կարգախոսն է. «Չդառնալ նավից փախչողներից վերջինը»։
Հիասթափված զանգվածներին արթնացնելու եւ նրանց փողոցներ դուրս բերելու
համար նախեւառաջ պետք է զբաղվել իմիջով։ Հեղափոխության առաջապահները նաեւ
սենսացիոն տեղեկատվության աղբյուրներ են։ Ամեն ինչ սկսվում է ունեւորների
խավը ծիծաղելի դարձնելուց եւ անհարգալի վերաբերմունք սերմանելուց։ Պետք է
բռնազավթել հավաքական տարածքը եւ երեւակայությունը, նույնիսկ, եթե սկզբում
փոքրամասնություն ես։ Ինչպես հավաստիացնում է Մալապարտեն՝ զանգվածները
գալիս են, պետք է միայն լինել խելահեղ, լինել ծայրահեղական՝ մնալով
խորհրդանիշների սահմաններում։
Ֆիզիկական բռնությունը պետք է թողնել ռեժիմին՝ որպես նրա թուլության նշան։
Բռնաճնշումներին պետք է այնպես պատրաստվել, որ դրանք դառնան
անարդյունավետ։ Այսինքն՝ շարժումները պաշտոնապես չեն ունենում ղեկավարներ,
այլ միայն ինքնակառավարվող բջիջների համակարգողներ։ Ընդհատակյա
գործունեությունը, սակայն, մինչեւ հեղափոխությունն անհրաժեշտ է
առաջնորդներին։ Ուկրաինական «Պորա» շարժման համակարգող Վլադիսլավ Կասկիվն
ամեն երեկո փոխում էր բնակության վայրը։ «Իմ գործը ծխախոտ ծխելով
տպավորություն ստեղծելն էր, թե ես կազմակերպում եմ մի կառույց, որն արդեն
ինքն իրեն կազմակերպվել է»։
Եթե ճիշտն ասենք, ամեն ինչ սկսվել է 2004-ի ամռանը նախապատրաստական
ճամբարներում։ Հատկապես այստեղ են առաջին ակտիվիստները հանդիպել սերբերի
ու վրացիների, ամերիկյան հիմնադրամների ներկայացուցիչների հետ։ Խոսել են
ժողովրդավարությունից, ընտրություններից, ո՛վ գիտի, գուցե նաեւ՝
ապստամբության մարտավարությունից։ Ճամբարները ձեւավորել են առաջապահների
320 հոգանոց խումբ։ Նրանցից յուրաքանչյուրը պետք է ներգրավեր 20 մարտիկ,
որպեսզի ակտիվիստների թիվը հասներ 15.000-ի։ Հետո, երբ իշխանությունները
կհայտարարեն ընտրությունների կեղծված արդյունքները, նրանք կդառնան
ապստամբության առաջնորդներ եւ իրենց հետեւից կամավորներին կտանեն դեպի
նախապես որոշված ռազմավարական կետեր։ Մայրաքաղաքը շրջափակված է, պետական
մեխանիզմը հանգչում է, ժողովուրդը փողոցներում է, տեսախցիկները գալիս են
աշխարհի բոլոր կողմերից։ Պետք է միայն խուսափել սադրանքներից եւ սխալ
քայլերից՝ հակառակորդին թողնելով միայն ֆիզիկական բռնության միջոցը։
Ֆիզիկական բռնությունը դառնում է ռեժիմի թուլության ցուցիչը։
Ամերիկյան հիմնադրամների հետ կապը բազմաթիվ բամբասանքների առիթ է տալիս։
Ռուսամետ ռեժիմի կողմնակիցները շարունակում են բացահայտել Վաշինգտոնից
ֆինանսավորվող պետական հեղաշրջումը։ «Ամերիկյան հիմնադրամների նյութական
օգնությունը եղել է նվազագույն»,- մեզ համոզում են շարժման
շտաբ-բնակարանում։ «Ամերիկացիները վախենում են այս ռեժիմների, հատկապես՝
Ռուսաստանի աչքին թշնամի երեւալուց։ Նրանք ավելի շուտ պատրաստ են մեզ
արգելակելու»,- ասում է 23-ամյա Տարասը։ Գուցե սա ճիշտ է, բայց ոչ մի
«հրապարակ» չի կարող գոյատեւել, եթե ամերիկացիները չհայտարարեն, որ ուժի
կիրառումն իրենց համար անընդունելի է։ «Մեզ համար Միացյալ Նահանգները,
կարծես, մի մեծ հովանոց լինի, որի տակ մենք գործում ենք յուրովի»,- ասում
է Տարասը։ Տեսնելով հինգերորդ ինտերնացիոնալ գտնելու մեր փորձը, Վլադիսլավ
Կասկիվը ժպտում է. «Պարզ է, որ ինչ-որ կապեր կարելի է գտնել, բայց մեր
ապստամբության գաղտնիքն ու իմաստը կազմակերպությունները չեն, որոնք
պատրաստում են այն»։
«Ոչ մի կազմակերպություն չի կարող ստիպել միլիոնավոր մարդկանց
վերահսկողության տակ վերցնել փողոցները։ Առանց այդ միլիոնների մենք
կհայտնվեինք ռեժիմի բանտերում, եւ աշխարհը մեզ կմոռանար մեկ շաբաթից։
Դժվար է ձերբակալել Կիեւի օդում խաղացող քամին»։ Հիմա ավելի քան 500
ուկրաինացիներ գրվել են գաղտնի ցուցակներում, որպեսզի ժողովրդավարական
պոռթկման դեպքում գնան Բելառուս։ Անդրեյը բացատրում է. «Եթե դու ապրել ես
այդ փորձառությունը, դժվար է հանգիստ կյանքի վերադառնալը։ Մենք
հեղափոխության թմրամոլներն ենք եւ տարածում ենք այդ հիվանդությունը նախկին
կայսրության ողջ տարածքում»։

Պատրաստեց Տիգրան ՊԱՍԿԵՎԻՉՅԱՆԸ