Երեկ տարածաշրջանային այցի շրջանակներում Երեւանում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին: Ըստ պաշտոնական հաղորդագրության, համանախագահները Ս. Սարգսյանին տեղեկացրել են Բաքվում եւ Ստեփանակերտում կայացած բանակցությունների արդյունքների մասին: Հանդիպումների վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Երեւանում լրագրողների հետ հանդիպելու են այսօր առավոտյան: ՀՀ նախագահի մամլո ծառայության տարածած հաղորդագրության մեջ, սակայն, հատուկ նշվում է, որ ավելի վաղ, կիրակի օրը, Ս.Սարգսյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանին: Վերջինիս հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շաբաթ օրը հանդիպել են Ստեփանակերտում: Հիշեցնենք, որ Բաքու կատարած այցելությունից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան հայտարարել էր, որ իրենց երեւանյան բանակցություններից է կախված Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպումը: Դրանից է կախված նաեւ` այսօր համանախագահները Երեւանից կրկին կմեկնե՞ն Բաքու, ինչպես հայտարարվել էր ավելի վաղ: Նշենք, որ ըստ մեր տեղեկությունների, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կիրակի օրը կայացած ընդդիմության հանրահավաքի ժամանակ արդեն գտնվել են Երեւանում: Հենց այդ հանգամանքով է բացատրվում համանախագահների` այս անգամ սովորականից երկար ժամանակով Երեւանում գտնվելու փաստը: Հիշեցնենք, որ նրանք Երեւան էին ժամանել անցած ուրբաթ օրը: