Պատասխանների եւ հարցերի առաջին հանրահավաքը

03/03/2009

Կիրակի օրը` մարտի 1-ին, շուրջ չորս ամսվա դադարից հետո Մատենադարանին հարող տարածքում տեղի է ունեցել Հայ Ազգային կոնգրեսի կազմակերպած հանրահավաքը: Չնայած այն «արտոնված» չէր Երեւանի քաղաքապետարանի կողմից, եւ չնայած մայրաքաղաքը կիրակի օրն էլ լիքն էր անթիվ ոստիկաններով, սակայն հանրահավաքը կայացել է առանց որեւէ միջադեպի: Իսկ հանրահավաքի մասնակիցների թվի մասին պատկերացում կազմելու համար բավական էր հետեւել հանրահավաքին հաջորդած երթին. երբ փողոցի աջակողմյան հատվածով ընթացող երթի առաջին շարքը հասել էր արդեն Սախարովի անվան հրապարակ, երթի վերջին շարքի մասնակիցները դեռեւս գտնվել են Գրիգոր Լուսավորչի պողոտայում` Ձկան խանութի մոտ: Իսկ հանրահավաքում ելույթ է ունեցել միայն ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը` ըստ էության ներկայացնելով ընդդիմության պայքարի որոշակիորեն նոր մարտավարությունը: