«Չեմ բացառում, որ մեզ առաջարկեն ազգային փրկության կառավարություն կազմել»

03/03/2009 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Մարտի 1-ին տեղի ունեցավ ընդդիմության` երկար սպասված հանրահավաքը: Կիրակի օրը լրացավ 2008-ի նախագահական ընտրությունների արյունոտ հետեւանքների տարելիցը: Այս տարվա գարնան առաջին օրը հազարավոր մարդիկ էին հավաքվել Մատենադարանի հարակից տարածքում` սգալու մարտի 1-ի զոհերի հիշատակը:

Ավելի քան չորսուկես ամիս ընդմիջումից հետո կայացած հանրահավաքը շատերի համար նույնիսկ սպասվածից ավելի բազմամարդ էր. կիրակի օրը Մատենադարանի շրջակայքում շատ ավելի մարդ էր հավաքվել, քան անցած տարվա աշնանը կայացած հանրահավաքներին: Սովորության համաձայն, Երեւանի քաղաքապետարանը չէր արտոնել նույնիսկ այդ օրվա հանրահավաքը: Ոստիկանությունն էլ, իր սովորության համաձայն, օգտագործում էր բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի մարզերից մարդիկ չկարողանան Երեւան հասնել: Նախ` իշխանությունները հոգ էին տարել, որ մարզերից մայրաքաղաք եկող տրանսպորտային միջոցներն այդ օրը չաշխատեն: Հատկապես մոտակա շրջաններից կիրակի օրը ոչ մի երթուղային տաքսի չհասավ մայրաքաղաք: Իսկ անձնական մեքենաներին էլ ավտոտեսուչները կանգնեցնում եւ թույլ չէին տալիս Երեւան հասնել: Աբովյանի պետավտոտեսուչները ճանապարհին նույնիսկ պատանդ էին վերցրել հաշմանդամ ազատամարտիկ Արշալույս Բոզինյանին եւ ասել, թե մինչեւ Երեւանում հանրահավաքը չավարտվի, նրան բաց չեն թողնելու: Եվ նրան բաց էին թողել միայն ժամը 17:00-ին, ու հանրահավաքից հետո նա կարողացել էր հասնել երթին: Իսկ Երեւանը վաղ առավոտից գտնվում էր Ոստիկանության հսկողության ներքո: Կենտրոնի գրեթե բոլոր այգիները, կենտրոնական փողոցներ տանող հատվածները լիքն էին հարյուրավոր ոստիկաններով: Օպերայի շրջակայքում կայանել էին ոստիկաններով լցված տասնյակ մեծ ավտոբուսներ ու մեքենաներ, որոնց համարանիշերից պարզ էր դառնում, որ նրանք մայրաքաղաք են եկել շրջաններից: Նույն վիճակն էր նաեւ Մյասնիկյանի արձանի հարակից տարածքում ու Հանրապետության հրապարակում: Իսկ Մատենադարանի մոտ արդեն Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաները մարդկանց թույլ չէին տալիս բարձրանալ հարթակ: Ոստիկանները շղթայել ու Մաշտոցի պողոտայի եւ Կորյուն փողոցի մայթերին հավաքված մարդկանց թույլ չէին տալիս միանալ Մատենադարանի հարթակում հավաքվածներին: ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի եւ փոխոստիկանապետ Սաշիկ Աֆյանի բանակցությունների արդյունքում ու, թերեւս, նաեւ հանրահավաքի շտապող հազարավոր մարդկանց հոսքին չդիմանալով` ոստիկաններն, ի վերջո, «զիջեցին»: Եվ ընդդիմության հրավիրած հանրահավաքը, թեեւ մոտ 40 րոպե ուշացումով` սակայն կայացավ:

Կիրակի օրվա հանրահավաքում ելույթ ունեցավ միայն ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Մինչ այդ Հայ Ազգային կոնգրեսի համակարգող Լ.Զուրաբյանը թվարկեց 2008թ. մարտի 1-ի տասը զոհերի անուններն ու հավաքվածներին կոչ արեց բռունցքները վեր պարզած՝ 1 րոպե լռությամբ հարգել նրանց հիշատակը: Լ.Տեր-Պետրոսյանն իր ծավալուն ելույթում նախ անդրադարձավ Արեւմուտքում Հայաստանի նկատմամբ ձեւավորված վատ կարծիքներին, հետո խոսեց ՀԱԿ պայքարի ռազմավարության մասին: Ասաց, որ շատերն իրենցից վճռական գործողություններ են սպասում, բայց Կոնգրեսի բառապաշարից իսպառ բացակայելու են գրոհ, ապստամբություն, հեղափոխություն հասկացողությունները: Առաջին նախագահն անդրադարձավ մեր երկրում տիրող ներքաղաքական ու տնտեսական ծանր վիճակին, ինչը, նրա կարծիքով, ավելի է բարդանում իշխանությունների սխալ քաղաքականության եւ ոչ համարժեք քայլերի պատճառով: «Հայաստանը կանգնելու է ոչ թե տնտեսական կայունացման, այլ պարզապես հումանիտար աղետի կամ գոյատեւման խնդրի առջեւ, որի լուծումը գերբնական ճիգեր է պահանջելու թե՛ իշխանությունից, թե՛ հասարակությունից։ Թող տպավորություն չստեղծվի, թե ես թանձրացնում եմ գույները։ Ընդհակառակը, վախենում եմ, որ իրականությունն ավելի դառը լինի, քան իմ ներկայացրածը։ Շատերի համար՝ այն ամենն, ինչ ասվեց, արդեն իսկ իրականություն էգ Չեմ բացառում, որ առաջիկայում վարչախումբը կարող է հայտնվել մի այնպիսի ճարահատյալ վիճակում, որ հարկադրված լինի իր ողջ կազմով հրաժարական տալ։ Չեմ բացառում նաեւ, որ մեզ առաջարկեն ազգային համաձայնության կամ, ավելի ճիշտ, ազգային փրկության կառավարություն կազմել։ Եթե նման առաջարկ արվի, ապա նրա ընդունել-չընդունելու հարցը, բնականաբար, ոչ թե Կոնգրեսը, այլ ժողովուրդը պետք է որոշի»,- հայտարարեց Լ.Տեր-Պետրոսյանը` ավելացնելով, թե ՀԱԿ-ը, անգամ օբյեկտիվ պատճառներով, մարելու կամ թուլանալու տարբերակ չունի։

Ելույթը եզրափակելով` առաջին նախագահը հայտարարեց, որ հաջորդ հանրահավաքը կկայանա մայիսի 1-ին: Իսկ մինչ այդ, մարտի 5-ին Եռաբլուրում ՀԱԿ-ը նշելու է Սպարապետ Վազգեն Սարգսյանի 50-ամյակը, ապրիլի 17-ին` Կարեն Դեմիրճյանի 77-ամյակը (վայրը դեռեւս հայտնի չէ): Նաեւ ապրիլի 24-ին, ինչպես անցած տարի, ընդդիմության առաջնորդները ժողովրդի հետ բարձրանալու են Ծիծեռնակաբերդ: Իսկ կիրակի օրը Մատենադարանի հարթակում էին նաեւ ՀԱԿ-ին մաս կազմած կուսակցությունների ղեկավարները` ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, «Հանրապետության» ղեկավար Արամ Զ.Սարգսյանը, ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը եւ այլք: Այնտեղ էր նաեւ «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, ով լրագրողների հետ զրույցում ասաց, թե մտադիր չէ միանալ ՀԱԿ-ին: Հատկանշական է, որ հանրահավաքի ժամանակ նրա հետ շփվում էին հիմնականում իր հետ եկած համախոհներն ու լրագրողները: Շատերի ուշադրությունից չվրիպեց, որ հարթակում չէին նաեւ «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչները: Կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը, ավելի ուշ մեկնաբանելով այդ փաստն, ասաց, որ հարթակում չլինելը չի նշանակում՝ հանրահավաքին չմասնակցել: «Բացի Րաֆֆի Հովհաննիսյանից ու Ստեփան Սաֆարյանից, ովքեր Հայաստանում չեն, «Ժառանգության» մյուս պատգամավորները մասնակցում էին հանրահավաքին: Մատենադարանի մոտ մենք մեր տեղն ունենք, որտեղ էլ բոլոր հանրահավաքներին հավաքվում ենք»,- ասաց Ա. Մարտիրոսյանը:

Իսկ հանրահավաքից հետո մասնակիցները երթով անցան Մաշտոցի պողոտայով, ի հիշատակ մարտի 1-ի զոհերի՝ ծաղկեպսակ ու ծաղիկներ դրեցին Մյասնիկյանի արձանի մոտ եւ Նալբանդյան փողոցով հասան Հյուսիսային պողոտա:

Ի դեպ, այդ օրը իրավիճակն անձամբ հսկում էր նաեւ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը` շրջելով Մաշտոցի պողոտայում: