Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի վերջին մոնիտորինգի ժամանակ տեղի ունեցած միջադեպից հետո ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը հանդիպել է ռազմական փորձագետների հետ եւ զեկույց է պատրաստում: Այդ մասին նա լրագրողներին հայտնել է անցած շաբաթավերջին Ստեփանակերտում, ուր ժամանել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: ԵԱՀԿ առաքելության կողմից իրականացվող հերթական մոնիտորինգը փետրվարի 26-ին խափանվել էր` կրակոցների պատճառով: ԼՂ-ի ՊՆ հաղորդագրության համաձայն` Ֆիզուլիի շրջանի Հորադիզ բնակավայրի մոտակայքում նախատեսված մոնիտորինգի հենց սկզբից ադրբեջանական կողմից կրակոցներ էին արձակվել ԼՂ-ի պաշտպանության բանակի դիրքերից դիտարկում իրականացնող ԵԱՀԿ առաքելության, Ղարաբաղի ԱԳ եւ Պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչների ուղղությամբ: Դրանից հետո ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը կարգադրել էր դադարեցնել մոնիտորինգը: Ադրբեջանի ՊՆ-ն, իր հերթին, պնդում է, թե կրակոցները հնչել էին հայկական կողմից: ԼՂ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո պատասխանելով լրագրողների հարցերին` Անջեյ Կասպրչիկը նշել է, որ միջադեպը բավական լուրջ էր, մինչդեռ նման բան ընդհանրապես չպետք է լինի, քանի որ դրանից տուժում են երկու կողմերի զինծառայողները, հատկապես հաշվի առնելով, որ զինադադար է: «Լուրջ է նաեւ այն առումով, որ միջադեպը եղել է հենց իմ դիտարկման ժամանակ, երբ երկու կողմերը երաշխավորում են, որ ոչ մի կրակոց չի լինելու: Այդ հարցը կքննարկվի բարձրաստիճան զինվորականների հետ եւ կպարզվի տեղի ունեցածը»,- ըստ «Ազատություն» ռ/կ-ի, ասել է Կասպրչիկը: Նա դժվարացել է պատասխանել հարցին, թե ով է միջադեպի համար մեղավոր, քանի որ, ըստ նրա, խրամատներում դժվար է կողմնորոշվել, թե ով է իրականում կրակել եւ որտեղից: «Եթե որեւէ մեկի ձեռքից չենք բռնել, եթե չի եղել քննություն, որ կողմերից մեկը իր վրա վերցներ պատասխանատվությունը տեղի ունեցածի համար, ապացույցներ ստանալը գործնականում անհնար է»,- հայտարարել է նա: Ըստ Կասպրչիկի, միջադեպի չկրկնվելու երաշխիք չկա, սակայն պետք է անել հնարավորը այդպիսիք բացառելու համար: Անդրադառնալով դիպուկահարների` սահմանից հետ քաշելու հարցին, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչն ասել է, որ հարցը դեռեւս քննարկման փուլում է, եւ հույս է հայտնել, որ բոլորի կողմից էլ կլինեն դրական արձագանքներ: Հաջորդ մոնիտորինգը կանցկացվի մարտի առաջին կեսին: