Համաշխարհային տնտեսական ճգնաժամը, արեւմտյան վերլուծաբանների կարծիքով, հատկապես հետխորհրդային ճամբարի երկրներում կարող է բերել ներքաղաքական ապակայունացման` սոցիալական հողի վրա: Սակայն ամենեւին ո՛չ Հայաստանում: Ինչպես ցույց տվեց ընդդիմության մարտի մեկի հանրահավաքը, ավելի ստույգ՝ Հայ Ազգային կոնգրեսի ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը, Հայաստանում թե՛ իշխանությունների, թե՛ ընդդիմության գործունեության տրամաբանությունը՝ ընդհանրապես, համաշխարհային տնտեսական ճգնաժամի եւ արտաքին մարտահրավերների ֆոնին՝ մասնավորապես, դառնում է անտրամաբանական: Երկու դեպքում էլ ամեն բան թողնված է ինքնահոսի: Իշխանությունների քայլերը հասկանալի չեն անգամ ոչ մասնագետներին` ի՞նչ տարբերություն` հիվանդին իր հիվանդության մասին երկո՞ւ, թե՞ երեք օր ուշ կհայտնվի: Եվ հետո, կայուն դրամի պատրանքը մի քանի օր էլ հետաձգելու տրամաբանությունը բացատրության, հիմնավորման կարոտ է: Սակայն իշխանությունների, մասնավորապես` կառավարության այս տարօրինակ եւ, մասնագետների գնահատականով, ոչ գրագետ քաղաքականությունը պիտի որ այլընտրանք ունենար: Այսինքն` այս դեպքում պիտի որ հակաճգնաժամային իր ծրագիրն ունենար ընդդիմությունը` դառնալով այն իրական հակակշիռը, որը գուցե թե մերժելով «գրոհ», «հեղափոխություն», «ապստամբություն» բառերը, սակայն իր պատկերացումները ներկայացնելով կկարողանար իր կողմը հակել դեռեւս չկողմնորոշված մարդկանց: Նույնիսկ նրանց, ովքեր ընտրել են գործող իշխանություններին, սակայն ունեն բոլոր հիմքերը` դառնորեն զղջալու արված ընտրության համար: Լեւոն Տեր-Պետրոսյանը իրատեսորեն, հետեւաբար եւ՝ սեւ գույներով ներկայացրեց այն, ինչ սպասում է ժողովրդին ֆինանսական ճգնաժամի պատճառով՝ գործազրկություն, աղքատություն եւ այլն: Սակայն մոռացավ նշել՝ ո՞րն է սպառնացող հումանիտար աղետի կանխման կամ մեղմացման ճանապարհը, ի՞նչ պետք է անի ընդդիմությունը` հանրահավաքներին տասնյակ հազարավոր դժգոհ մարդկանց Մատենադարանի մատույցներում երկու ամիսը մեկ հավաքելուց բացի: Տեր-Պետրոսյանը, սակայն, հակված էր պատասխանելու «Ի՞նչ չպետք է անի ընդդիմությունը» հարցին:
«Մի՞թե դժվար է հասկանալ, որ մի քանի ամսից իշխանություններն ի ցույց են դնելու իրենց ողջ մերկությունը: Ուժերից վեր խնդիրների եւ ներքին գզվռտոցի պատճառով նրանք իրենք իրենց քանդվելու են: Եվ որքան մենք հանգիստ մնանք, որքան խնայենք մեր նյարդերը, այնքան ավելի շուտ են քանդվելու: Հեռու չէ այն պահը, երբ իշխանությունների՝ առանց այդ էլ գոյություն չունեցող վարկանիշը հավասարվելու է զրոյի: Նրանք այլեւս ժողովրդի հետ խոսելու փաստարկներ չեն ունենալու»,- եզրակացրեց ՀՀ առաջին նախագահը:
Եթե իշխանությունները կազմաքանդվելու են ներսից, առանց որեւէ արտաքին միջամտության, այդ դեպքում դժվար կլինի դա համարել սոսկ ընդդիմության արժանիքը: Կարելի է պնդել, որ Տեր-Պետրոսյանի առաջարկած նյարդերի խնայման ռեժիմը, հանգստությունը, ասենք, վիտամիններով հարուստ սնունդը եւս կարող են իշխանություններին մղել ավելի արագ ինքնակործանման: Վատ տարբերակ չէ. նախ` ռիսկ չի պարունակում, ավելին` առողջապահական նկատառումներով անգամ ողջունելի է: Սակայն այս առանց ճիգերի քայլերին կարող է կողմ լինել միայն ընդդիմության կորիզը, այն մասը, ով իր երկրի եւ իր անձնական բարօրությունը կապում է Լեւոն Տեր-Պետրոսյանի անձի, նրա պետական մտածողության, ինտելեկտի եւ այլ արժանիքների հետ: Շարքային քաղաքացին, ով բացի ֆինանսական ճգնաժամի ահավոր հարվածից` նաեւ կրում է իր երկրում ներքին ճնշվածության, անզորության բարդույթը, չի կարող չնյարդայնանալ, հանգիստ մնալ. նա սպասում է կոնկրետ քայլերի, ծրագրերի, որոնց պատրաստ է մասնակցել նաեւ ինքը: Այսինքն` շարքային քաղաքացին իրավունք ունի հասկանալ` ինչպես կարելի է դուրս գալ այս իրավիճակից` ունենալով ապաշնորհ իշխանություն, բայց գոնե շնորհալի ընդդիմություն: Այս հարցի պատասխանը, հնարավոր է, տրվի արդեն մայիսի մեկի կամ, ենթադրաբար, հուլիսի մեկի հանրահավաքներին:
Իսկ մարտի մեկին ՀՀ առաջին նախագահը չբացառեց, որ վարչախումբը կարող է հայտնվել «այնպիսի ճարահատյալ վիճակում», որ ստիպված լինի հրաժարական տալ` ողջ կազմով: Հետաքրքիրը շարունակությունն էր. «Չեմ բացառում, որ մեզ առաջարկեն ազգային միասնության կամ, ավելի ճիշտ, ազգային փրկության կառավարություն կազմել»: Եթե նման առաջարկ արվի, ապա նրա ընդունել-չընդունելու հարցի պատասխանը Լեւոն Տեր-Պետրոսյանը թողեց ժողովրդին: Սակայն դատելով իշխանության հետ ազգային փրկության կառավարություն կազմելու հնարավորության մասին միտքը բարձրաձայնելուց` ամենեւին չի բացառվում, որ այդ առաջարկն ընդդիմությունն ընդունի` պետականության շահը կամ այլ նպատակահարմարություններ հաշվի առնելով: Իսկ կա՞ անհրաժեշտություն պարզել` ժողովուրդը, այսինքն` ընդդիմության համակիրները, դա ցանկանո՞ւմ են, թե՞ ոչ: Ենթադրում ենք` դա գուցե հետաքրքիր կլինի իմանալ, սակայն ոչ պարտադիր. «Պետք է մեկընդմիշտ գիտակցել հետեւյալը՝ յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է որոշում իր օրակարգն ու մարտավարությունը: Ինչպես արդեն ասվեց, նա չի կարող հաշվի չնստել տարերային տրամադրությունների հետ, բայց պարտավոր չէ դառնալու նաեւ նրանց պատանդը»:
Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին Հայաստան կատարած իր վերջին այցելության ընթացքում խիստ կարեւորել էր իշխանություն-ընդդիմություն երկխոսության` արդեն տարիների մաշվածություն ունեցող խնդրի անհրաժեշտությունը: Եվ այն, կարծես, սարերի հետեւում չէ: Նախ` հանրապետության առաջին նախագահը խիստ հասկանալի հայտարարեց, որ նրանք, ովքեր այս հանրահավաքի հետ կապում են վճռական գործողությունների հույսեր` նկատի ունենալով «շուրջօրյա հանրահավաքներ, չդադարող երթեր ու պիկետներ, գրոհ նախագահական նստավայրի ուղղությամբ, մի խոսքով՝ անհապաղ իշխանափոխություն կամ հեղափոխություն», ապա նրանք վստահաբար ծանոթ չեն Հայ Ազգային կոնգրեսի բառապաշարին, ուր իսպառ բացակայում են վերոնշյալ հասկացությունները: Պետք է հասկանալ, որ դրանք սկսել են բացակայել վերջերս, քանի որ տակավին մեկ տարի առաջ գոնե «շուրջօրյա նստացույցը» Կոնգրեսի բառապաշարում ամենակիրառելի բառակապակցությունն էր եւ, ընդ որում, խիստ տրամաբանական՝ ընդդիմությունն այդպիսով իր անհամաձայնությունն էր հայտնում իշխանություններին՝ նրանց պահելով զգոն վիճակում: Սակայն ակնհայտ է, որ հետայսու ընդդիմությունը որդեգրելու է դանդաղ շտապելու եւ իշխանափոխության համար հանգիստ, երկարատեւ եւ նյարդային ցնցումներ չպահանջող գործողությունների քաղաքականություն, այսինքն՝ սպասելու է, որ իշխանությունն ինքը շուտով, շատ շուտով կազմաքանդվի: Սակայն հետաքրքիր է, թե ընդդիմության հատկապես ո՞ր մասն է պատրաստ նման սպասումների եւ ո՞ր մասն է ցանկանում իշխանափոխություն` ամեն գնով, օր առաջ, հատկապես, որ իր նախորդ ելույթում Լեւոն Տեր-Պետրոսյանն ասել էր, թե Սերժ Սարգսյանը պատրաստ է սեփական լեգիտիմության, սեփական պաշտոնի համար առուծախի առարկա դարձնել Ղարաբաղը:
Ի՞նչ են սպասում ընդդիմությունից նրա կողմնակիցները կամ նրանք, ովքեր դժգոհ են իշխանություններից: Գրոհ, ապստամբություն կամ հեղափոխություն սպասելը ընդդիմության առաջնորդը բացառեց. «Ապստամբության կամ հեղափոխության հնամաշ գաղափարները պետք է վերջնականապես դուրս մղվեն մեր քաղաքական օրակարգից»: Այդ դեպքում ի՞նչ ճանապարհով է ընդդիմությունը պատկերացնում իշխանությունը ստանձնելու տարբերակը: Ըստ Տեր-Պետրոսյանի` «Որոշ ժամանակ անց վճռական գործողությունների անցնելու եւ իշխանափոխության համար ստեղծվելու է բոլորովին մի նոր, շատ ավելի նպաստավոր վիճակ: Պահի հասունացումը կախված է ոչ միայն օբյեկտիվ գործոններից, այն է` երկրում կուտակված խնդիրների լուծման հարցում իշխանությունների դրսեւորած ապիկարությունից, այլեւ, առաջին հերթին, հասարակության հասունացումից: Մինչեւ Շարժմանը չմիանան նորանոր շերտեր, գ, մինչեւ իշխանությունն անընդունելի չդառնա ողջ հասարակության համար, պահը հասունացած համարել չի կարելի, իսկ ժամանակից շուտ կատարված գործողությունները կարող են միայն խանգարել ընդհանուր գործին եւ վիժեցնել ժողովրդի վերջնական հաղթանակը»:
Կմիանա՞ն Շարժմանը «նորանոր շերտեր», թե՞ այսօր արդեն Շարժումն իր ողջ կազմով է, կամ գուցե նրանից կանջատվե՞ն արմատականները, ում բառապաշարում «շուրջօրյա նստացույց» կամ «հեղափոխություն» մտքերն այնքան էլ հնամաշ չեն, կգա՞ ժամանակ, երբ իշխանություններն անընդունելի դառնան ողջ ժողովրդի համար, երբ իշխանություններին սպասարկող մասը (ի դեպ, բոլոր ժամանակներում) բավական ներկայացուցչական եւ բազմամարդ է, դժվար է ասել: Ամեն դեպքում, իշխանությունները ընդդիմությունից անհանգստանալու որեւէ լուրջ հիմքեր առայժմ չունեն: Ավելին, ինչպես երեկ արդեն հայտնեց իշխանական կուսակցության` ՀՀԿ-ի փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը, իշխանություններն, ի պատասխան ընդդիմության առաջնորդի խաղաղասիրական ելույթի, կարող են եւ համաներում կիրառել` որպես իշխանություն-ընդդիմության երկխոսության սկիզբ: Մնում է սպասել, որ իշխանությունները դրսեւորեն քաղաքական կամք, ավելի ստույգ` մեծ ցանկություն, եւ սկսեն կազմաքանդվել ներսից: