«Շուրջ մեկուկես տարի Տեր-Պետրոսյանը ատելություն քարոզեց ու կոչ արեց ավազակապետության դեմ պայքարել իրենց մեթոդներով, իսկ հիմա հանրահավաքում հայտարարում է, որ «ապստամբության» ու «հեղափոխության» նման հնամաշ բառերը պետք է հանել քաղաքական օրակարգից: Ավելին, դա հիմնավորում է պատմականորեն, որ երբեք էլ հեղափոխությունները դրական արդյունքի չեն հանգեցրել: Այսինքն՝ սա նշանակում է, որ եթե որեւէ մեկը դժգոհ լինի Տեր-Պետրոսյանի ներկայիս կեցվածքից եւ պայքարը շարունակելու ավելի կոշտ մեթոդների կողմնակից լինի, ապա գործ կունենա անձամբ առաջին նախագահի հետ, որը պատմական ժամանակների ողջ խստությամբ կդատապարտի անհաշտին ու ձեռքի հետ էլ կորակի տականք: Իսկ պայքարի շարունակությունը Տեր-Պետրոսյանի պատկերացմամբ՝ դա ակտիվ սպասելն է, քանի որ աշխարհում, մեր տարածաշրջանում ու նաեւ երկրում տեղի են ունենում այնպիսի պրոցեսներ, որ իշխանություններն, ուզեն թե չուզեն, կանգնելու են փակուղու առջեւ: Եվ այս պարագայում, եթե Սերժ Սարգսյանը, տեսնելով, որ չի կարողանում ձերբազատվել իր կոալիցիոն որոշ գործընկերներից կամ էլ քոչարյանական ժառանգությունից, հանկարծ որոշի հրաժարական տալ, ապա ոչ մի պարագայում նա չպետք է դա անի, քանի որ նրան օգնության ձեռքն այլեւս մեկնված է Տեր-Պետրոսյանի կողմից` արմատական ընդդիմության հետ միասին ազգային փրկության կառավարություն ձեւավորելու տարբերակով: Այսինքն` նախագահն ի դեմս Հայ Ազգային կոնգրեսի՝ կստանա հասարակական հենարան եւ կկարողանա ազատվել իր անցանկալի գործընկերներից»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՀՌԱԿ փոխատենապետ Էդվարդ Անտինյանը: Նաեւ հավելել է. «Մնում է միայն պարզել, թե Տեր-Պետրոսյանի կողմից մոնղոլ-թաթարական որակված մեր իշխանության ո՞ր դեպարտամենտին է պատրաստ մաս կազմել առաջին նախագահն իր թիմակիցներով` մոնղոլակա՞ն, թե՞ թաթարական:
Այս հարցի վերաբերյալ ավելին ասել չեմ ցանկանում, քանի որ առիթ եմ ունեցել ժամանակին ասելու, թե ինչ է լինելու այսօր, այնպես որ` թող հիմա նրանք խոսեն ավելի շատ ու բացատրություն տան մեր ժողովրդին, թե այս պայքարն ինչի համար էր, եթե վերջում պետք է Սերժ Սարգսյանից մի քանի նախարարական պորտֆել աղերսեին ու այս ողջ հասարակական ընդվզման, զոհերի ու կորուստների գինը դա համարեին»: