«Այն, որ 2009թ. ծանր ու բարդ է լինելու, դրանում որեւէ մեկը չի կասկածում»,- երեկ հրավիրված ասուլիսում հայտարարեց ԱԺ Ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը` հավելելով սակայն, որ համաձայն չէ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` մարտի 1-ի հանրահավաքում հնչեցրած կանխատեսումների հետ: «Նրա կանխատեսումներով ոչ թե ծանր ու բարդ տարի է լինելու, այլ չարագուշակ: Այդպիսի բաներ չի լինելու: Լ. Տեր-Պետրոսյանի կանխատեսումները սովորաբար չեն իրականանում, եւ այս դեպքում եւս կարծում եմ, որ չեն իրականանա»,- ասաց Գ. Մինասյանը: Նրա հետ բանավեճին մասնակցող «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Վարդան Խաչատրյանն էլ հայտարարեց, որ թերահավատորեն է վերաբերվում կառավարության ներկայացուցիչների այն պնդումներին, թե ճգնաժամի առաջին փուլը հաջողությամբ հաղթահարել ենք: «Հիմա մենք մտնում ենք սուր ճգնաժամի փուլ, ու եթե հիմա դեռ այդ դժվարությունները մեղմելի են, ապա այն պահից, երբ արտարժույթի ֆիքսված փոխարժեքից անցում կկատարվի ճկուն փոխարժեքի քաղաքականության, շատ հնարավոր է, որ մեղմելի ճգնաժամը փոխարինվի անկասելի ճգնաժամի փուլով»,- հայտարարեց նա: Գ. Մինասյանը փորձում էր նաեւ համոզել, որ ներմուծվող ապրանքներից գանձվող մաքսատուրքերի բարձրացումը նպաստելու է տեղական արտադրության զարգացմանը, թեեւ լրագրողները նրան հիշեցրին, որ Հայաստանում, օրինակ, ֆոտոխցիկ ու ավտոմեքենա չի արտադրվում, եւ հետեւաբար՝ նմանատիպ ապրանքների գները կարող են բարձրանալ: «Ճգնաժամի պայմաններում, երբ գնողունակ պահանջարկը նվազում է, ներմուծողը պետք է ավելի խելամիտ վարվի ու չբարձրացնի ապրանքների գները, քանի որ այդ դեպքում կարող է ավելի մեծ վնասներ կրել: Սոցիալական վիճակն այնպիսին չէ, որ նա կարողանա իր ապրանքը ավելի բարձր գնով վաճառել: Բացի այդ, ներքին արտադրողը հնարավորություն է ստանում արտադրել նմանատիպ կամ փոխարինող ապրանք»,- ընդգծեց նա: