Ո՞վ է պատասխան տալու

03/03/2009 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Այն, ինչ այսօր տեղի է ունենում արտարժույթի շուկայում, հայելու նման արտացոլում է երկրի քաղաքական ու տնտեսական զարգացումների ողջ պատկերը, որը կարելի է բնութագրել մեկ բառով՝ աբսուրդի թատրոն։

Կենտրոնական բանկը ամեն օր հաղորդագրություն է տարածում՝ տեղեկացնելով, որ Ֆոնդային բորսայում կատարվել է այսքան միլիոն դոլարի գործարք՝ 305 դրամով (վերջին օրերին` որպես կանոն, 20-30 մլն դոլարի սահմաններում), մասնավոր բանկերն էլ համապատասխան վահանակների վրա գրում են. «ԱՄՆ դոլար։ Առք՝ 305 դրամ, վաճառք՝ 307 դրամ»։ Ու այս ամենի ֆոնին՝ այսօր 310 դրամով անգամ դոլար գնելը մեծ ջանքեր է պահանջում, դոլար չկա։ Լուրեր են պտտվում նույնիսկ ավելի թանկ փոխարժեքի` 320-330 դրամի մասին: Վերստին փողոցներում հայտնվել են «դալալները»։ Անգամ որոշ բանկեր «տակից» դոլար են վաճառում՝ 320 դրամով։ 306-307 դրամով վաճառելու դեպքեր էլ կան, սակայն վաճառում են սահմանափակ քանակությամբ, 100-200 դոլար։ Թվում է, թե մասնավոր բանկերը սրանով փորձում են խաբել Կենտրոնական բանկին ու կառավարությանը, քանի որ ԿԲ-ն սահմանում է 305 դրամ փոխարժեք ու ներքին կարգով հրահանգում դոլարը չթանկացնել։ Սակայն իրականում ոչ թե բանկերն են խաբում պետությանը, այլ պետությունն ու ֆինանսական համակարգը, ձեռք ձեռքի բռնած, խաբում են ազգաբնակչությանը։ Ինչպես ասում էր «Ոսկե ցլիկի» հերոսը. «Նաջարյանը չի մերժի, բայց կտա՞»։ Այսօր նույն բանը կատարվում է փոխարժեքի շուկայում. չեն մերժում, բայց չեն էլ տալիս։ Ու երբ մարդիկ տեսնում են, որ պետության ասածը իրականությանը չի համապատասխանում՝ 305 դրամով դոլար այսօր հանրապետությունում չկա, սկսում են հավատալ արդեն ոչ թե պետությանն, այլ շշուկներին։ Շշուկներն էլ ասում են, որ դոլարի գինը հասնելու է մինչեւ 400-420 դրամի։ Ու բոլորը սկսում են ազատվել դրամից՝ է՛լ ավելի մեծացնելով դոլարի նկատմամբ պահանջարկն ու բարձրացնելով դրա գինը սեւ շուկայում։ Ու խուճապն ավելի է խորանում։ Սակայն այս ամենը սկսել է ոչ թե այսօր, այլ տարիներ առաջ։

Երեկ

Ավելի ճիշտ, սկսվել է 2003 թվականից, երբ դոլարը սկսեց արժեզրկվել (կամ, ինչպես մեր իշխանություններն են սիրում ասել՝ դրամը սկսեց արժեւորվել)։ Տարիներ շարունակ դրանից կորցնում էին թե՛ շարքային քաղաքացիները, ովքեր դոլարային եկամուտներ էին ստանում կամ դոլարային խնայողություններ ունեին, թե՛ արտադրող-արտահանողները, որոնց արտադրանքը դոլարային արժեքով թանկանում էր ու դառնում ոչ մրցունակ։ Երբ վերջիններս բողոքում էին, իշխանությունն իր բարձունքից` ի դեմս հիմնականում այն ժամանակվա ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանի, խորհուրդ էր տալիս նոր տեխնոլոգիաներ կիրառել, որակը բարձրացնել ու դառնալ մրցունակ։ Իսկ երբ հասարակ քաղաքացիներն էին բողոքում՝ նրանց սաստում էին՝ ասելով՝ ձեզ ո՞վ էր ասում դոլար պահել։ «Ձեր եկամուտները ձեւավորեք հայկական դրամով, ծախսերը ձեւավորեք հայկական դրամով եւ խնայողությունները պահեք հայկական դրամով,- 2006-ին ասում էր դեռ Տ. Սարգսյանն` ավելացնելով,- Այն քաղաքացիները, որոնք մեր հորդորներին հավատացել են այս երեք տարիների ընթացքում, նրանք առնվազն 30 տոկոսով շահել են, իսկ այն քաղաքացիները, որոնք հավատացել են մեր ընդդիմախոսներին, նրանք առնվազն 30 տոկոս տուժել են, հիմա հարց է առաջանում, ո՞վ է պատասխան տալու ստեղծված վիճակի համար»։ Կարելի է ասել, որ թե՛ դրամի արժեւորումը, թե՛ կառավարության հորդորներն իրենց գործն արեցին, եւ մարդիկ սկսեցին դրամին քիչ թե շատ վստահել։ Առեւտուրն էլ սկսեց հիմնականում դրամով կատարվել, եկամուտներն ու խնայողություններն էլ հիմնականում վերածվեցին դրամի։ Դոլարիզացիայի մակարդակն իրոք նվազեց, եւ երբ թվում էր՝ ամեն ինչ նորմալ է՝ սկսվեց խուճապը։

Այսօր

Մեր թերթի թղթակիցներից մեկին երեկ ընդամեն 300 դոլար է պետք եղել։ Նա գնել է 1 դոլարը 307 դրամով, գումարի կեսը գնել է մի բանկից, մյուս կեսը՝ մեկ ուրիշ բանկից։ Ընդ որում, գնել է բավական երկար ժամանակ հերթ կանգնելուց հետո։ Ասում է, որ «չեյնջերի» առջեւ հերթեր էին կուտակված, եւ մարդիկ միաժամանակ մի քանի «չեյնջի» առջեւ էին հերթ պահում, որպեսզի կարողանան դոլար գնել։ Բանկերից մեկում ընդհանրապես հրաժարվել են դոլար վաճառել՝ պատճառաբանելով, որ նա իրենց հաճախորդը չէ։ «Սեւ շուկայում» առաջարկել են դոլար գնել 320 դրամով, ինչից նա հրաժարվել է։ Ինչպես նա է պատմում, բոլորը զարմանքով էին նայում այն մարդկանց, ովքեր գալիս էին դոլար վաճառելու (նման մարդիկ մեկ-երկուսն են եղել)։ Մի խոսքով՝ խուճապը սկսվել է։ Ինչպես իշխանություններն են սիրում ասել, «բացասական սպասումները» գլուխ են բարձրացրել. անգամ այն մարդիկ, ում դոլար այս օրերին ընդհանրապես պետք չէ, ցանկանում են այն ձեռք բերել։ Որովհետեւ սպասում են, որ դոլարն ավելի է թանկանալու։ Մի պահ թվում է՝ որ բարձրացա՞վ ինչ. եթե մարդը դրամով եկամուտ է ստանում, դրամով է ծախսում, ինչո՞ւ է անհանգստանում։

Վաղը

Բանն այն է, որ անկախ դոլարիզացիայի ծավալների կրճատումից՝ դոլարային մտածելակերպը դեռ խիստ արմատավորված է մեր հասարակության մեջ։ Մանավանդ թանկարժեք ապրանքների հետ կապված։ Օրինակ, եթե մեքենան վաճառվում է 6 միլիոն դրամով, պոտենցիալ գնորդն այդ գինը մտքում մեխանիկորեն վեր է ածում դոլարի։ Նույն կերպ վարվում է նաեւ վաճառողը։ Ի՞նչ կլինի, եթե դոլարն արժեւորվի։ Կարճ ասած՝ համատարած թանկացում։ Ներքին շուկայում սպառվող ապրանքների մեծ մասը ներմուծվում է, եւ պարզ է, որ դոլարի թանկացման դեպքում ներմուծվող ապրանքները կթանկանան։ Մոնոպոլիստ-ներմուծողներին ստիպել դրամով գները չփոփոխել՝ հնարավոր չէ։ Ներքին արտադրության ապրանքների գները նույնպես կբարձրանան։ Օրինակ, եթե ներմուծողի վրա ծխախոտը «նստում» է 1.5 դոլար (այսօրվա փոխարժեքով՝ մոտ 450 դրամ), ապա դոլարի արժեւորման պարագայում նույն 1.5 դոլարը կարժենա 600-700 դրամ։ Այդ պարագայում, կարող եք չկասկածել, հայկական ծխախոտներն էլ կթանկանան. արտադրողները կգտնեն հիմնավորումներ (օրինակ՝ ներմուծվող հումքի, վառելիքի կամ սարքավորումների գները), որքան էլ Տնտեսական պաշտպանության հանձնաժողովը ձեւականորեն տուգանի 1-2 սուբյեկտի։ Նույն բանը տեղի կունենա բոլոր ապրանքների պարագայում։ Արտահանումն էլ դոլարի արժեւորումից չի շահի։ Այն պարզ պատճառով, որ տարիներ շարունակ դրամի արժեզրկման պայմաններում արտադրությունը՝ որպես այդպիսին, գրեթե վերացել է։ Եվ բացի այդ, եթե ազգային արժույթի արժեզրկումը նպաստում է արտահանմանը, ապա՝ ոչ նման՝ շոկային կերպով։ Եթե դրամն արժեզրկվեր դանդաղ, երկար ժամանակահատվածի ընթացքում՝ սահուն կերպով եւ առանց խուճապ առաջացնելու, դա նորմալ կլիներ։ Սակայն խուճապն ու անորոշությունը բիզնեսի ամենաոխերիմ թշնամիներն են։

Եթե տարիներ շարունակ արդարացի կերպով քննադատվել է դոլարի արժեզրկումը, ապա այս դեպքում դժվար է քննադատել կամ գովերգել որեւէ հակառակ պրոցես։ Այժմ վիճակն այլ է. իշխանության ներսում շատ լավ հասկանում են, որ փոխարժեքային խուճապի արդյունքում տնտեսությունը կարող է պայթել։ Այդ իսկ պատճառով, պետությունը պետք է փորձի, անկախ ամեն ինչից, թույլ չտալ դրամի սրընթաց արժեւորում, թեեւ կարծես դրա համար այլեւս ռեսուրսներ չկան` արտաքին պահուստները վերջացել են, ռուսական վարկն էլ կարծես թե ձգձգվում է։ Իսկ խուճապն ահագնանում է, քանի որ մարդիկ դոլարային դեֆիցիտի պայմաններում սկսում են մտածել, որ իրենց ձեռքում եղած դրամը ընդամենը թղթի կտոր է, ոչնչով չապահովված թղթի կտոր։ Մարդիկ դրամը ձեռքին իրենց անպաշտպան են զգում, խաբված ու անվստահ։ Ու այնպիսի տպավորություն է, որ պետությունը նպատակադրված «քցում» է սեփական քաղաքացիներին. երբ մարդկանց ձեռքում հիմնականում դոլար էր, դոլարն արժեզրկվեց՝ հարվածելով մարդկանց գրպանին։ Իսկ հիմա, երբ քիչ թե շատ սկսեցին դրամ պահել ու դրամ ստանալ, արժեզրկվում է դրամը։

Ու այս առիթով կցանկանայինք հարց ուղղել իշխանություններին՝ ի վերջո, ինչո՞վ ձեւավորենք մեր եկամուտներն ու խնայողությունները։ Կարո՞ղ եք արդյոք նույն վստահությամբ ասել՝ դրամով։ Եվ ո՞վ է պատասխան տալու, եթե 2 տարի առաջ ձեր հորդորներին հետեւած մարդիկ փաստի առաջ կանգնեն։ Այսինքն` գումարներ կորցնեն` արտահայտված թեկուզ ՀՀ դրամով:

Հ.Գ.
Ըստ ԿԲ-ի տարածած հաղորդագրության, երեկ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում իրականացվել է 31 մլն 29 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք՝ 305.00 դրամ՝ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: