Հայաստանում կրթությունը ինքնանպատակ է

03/07/2005 Հասմիկ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Միջին մասնագիտական կրթության ոլորտում կան բազմաթիվ խնդիրներ:
Ներկայումս արհեստագործական ուսումնարանները (պրոֆտեխուսումնարաններ)
հանրության շրջանում չունեն իրենց երբեմնի հեղինակությունը: Որեւէ արհեստի
տիրապետելու համար մարդիկ նախընտրում են առնվազն 10 ամիսների ընթացքում
ուսանել, այսպես կոչված, ուստայի մոտ՝ անտեսելով ուսումնարանում ստացած
տեսական գիտելիքները:

Կրթության եւ գիտության նախարարության նախնական եւ միջին մասնագիտական
բաժնի պետ Սամվել Պիպոյանի դիտարկմամբ՝ մեր երկրում կրթությունն
ինքնանպատակ է եւ հանրապետական միջին մասնագիտական կրթության
չափորոշիչների բացակայության պայմաններում պատրաստվում են այնպիսի
մասնագետներ, որոնք շուկային անհրաժեշտ չեն: Աշխատանքի շուկայում բացարձակ
անվերահսկելիությունը բերել է նրան, որ բուհ ավարտածներն աշխատում են
միջին կամ ավելի ցածր մասնագիտությամբ: Նրանք աշխատում են նույնիսկ որպես
բանվորներ: Օրինակ, «Երեւանշին» միավորման բանվորների 5-10%-ը բարձրագույն
կրթություն ունեն:
Արհեստագործական ընկերություններում հիմնականում աշխատում են 30-40
տարիների փորձ ունեցող արհեստավորներ՝ խառատներ, փականագործներ, զոդողներ
եւ շինարարներ: «Շինարարի մասնագիտությունը երբեւէ չի կարող իր
արդիականությունը կորցնել: Հատկապես հիմա մենք կանգնած ենք շինարարների
սերնդափոխության փաստի առջեւ: Մեր, այսպես կոչված, ուստաները բավականին
տարիքն առած են»,- ասում է Ալ. Թամանյանի անվան պետական շինարարական
քոլեջի տնօրեն Անահիտ Հովհաննիսյանը: Վերջիններս պայմանագիր ունեն
«Երեւանշին» միավորման հետ, եւ ուսանողների գործնական պարապմունքներն
անցկացվում են անմիջապես շինարարների մոտ: Այս տարի, օրինակ, 2-3 ուսանողի
առաջարկվել է աշխատել«Երեւանշին» միավորումում: Քոլեջի ուսանողները
գործնական պարապմունքներն անցկացնում են տարին 2-3 անգամ՝ մեկ շաբաթով կամ
մեկ ամսով: Արդյո՞ք այդ ժամանակահատվածը բավարարում է տիրապետելու
շինարարի աշխատանքի նրբություններին: «Գործնական աշխատանքները ուսումնական
ծրագրով քիչ են նախատեսված: Սակայն շուտով մենք անցնելու ենք եվրոպական
մոդուլային համակարգի: Ինտեգրվում ենք Եվրոխորհուրդ, որտեղ պրակտիկային
մեծ տեղ է հատկացվում»,- պարզաբանում է տիկին Հովհաննիսյանը:
Նույն միավորման նախագահ Վազգեն Պողոսյանից տեղեկացանք, որ իրենց մոտ
աշխատող վարպետ-շինարարների որոշ մասը պատրաստվում են հենց իրենց մոտ:
Նրանք 2-3 ամիսների ընթացքում պայմանագրով սովորեցնում են տիրապետել
շինարարի աշխատանքին, այնուհետեւ «Եթե տեսնում ենք՝ քթի ծակ ունի եւ կարող
է աշխատել, վերցնում ենք մեզ մոտ աշխատանքի եւ վարձատրում»,- ասում է
միավորման նախագահը: Շինարարների աշխատանքի որակի վերահսկողությունը
իրականացնում են հենց իրենք` պատվիրատուները: Վ. Պողոսյանի վկայությամբ՝
այդ առումով բողոքներ քիչ են լինում: Այստեղ մեծ տեղ է տրվում ուսուցման
միայն գործնական մասին: Այնուամենայնիվ, քոլեջում մխիթարվում են, որ
աշխատաշուկայում թարմ ուժերով շինարարների պահանջարկ կա, եւ սպասում են,
որ այս տարվա դիմորդներն ավելի շատ կլինեն:
Քոլեջում ուսանելու համար ուսանողները վճարում են 82.000 դրամ: Ի դեպ, քոլեջի այս բաժնում սովորում են նաեւ աղջիկներ:
Արհեստագործական ուսումնարաններում «շատ են մտածում» իրենց ուսանողին
հետագայում աշխատանքով ապահովելու ուղղությամբ: «Գազային ցանցերի
շինարարություն եւ շահագործում» մասնագիտության շրջանակներում Շինարարական
ուսումնարանի ղեկավարությունը պայմանագիր է կնքել «Հայռուսգազարդ»
ընկերության հետ: Այդ գծով այժմ քոլեջում պատրաստվում է 38 ուսանող: Միայն
այս բաժնում է ուսման վարձը բարձր՝ 110.000 դրամ: Հույս ունեն, որ շուտով
կստանան պետական լիցենզիա «Ջրամատակարարում եւ ջրահեռացում»
մասնագիտությամբ, որը եւս մեծ պահանջարկ ունի: «Մենք ուսումնասիրում ենք
շուկան եւ դրանից ելնելով՝ գալիս ենք այն եզրակացության, որ եղած եւ
նախատեսվելիք մասնագիտությունները կօգնեն մեր տնտեսության զարգացմանը»,-
նշում է տիկին Հովհաննիսյանը:
Այդպես է նաեւ Երեւանի Առեւտրի քոլեջում: Տնօրեն Հրաչյա Գրիգորյանը
վկայում է, որ իրենց մոտ պետական ավարտական քննությունները շրջանավարտները
հանձնում են գործարարների ներկայությամբ, ովքեր էլ ընտրում են իրենց
ձեռնարկությունների ապագա աշխատակիցներին: 2005-ին քոլեջի 40 ուսանող
արդեն աշխատանքային պայմանագիր է կնքել տարբեր արտադրական
ձեռնարկությունների հետ:
Ուսումնարանների համար առաջնային խնդիրներից Ս. Պիպոյանն առանձնացնում է
մասնավորապես դրանց ուսումնատեխնիկական բազանների իսպառ բացակայությունը,
ինչպես նաեւ՝ գրադարանային ֆոնդի չհամալրվելը: «Շատ հաճախ այդ ուսումնական
հաստատությունները աթոռ կամ համակարգիչ չունեն»,- ասում է Կրթության եւ
գիտության նախարարության ներկայացուցիչը:
Բացի այդ, ոլորտը ներկայումս չի կարգավորվում որեւէ օրենսդրությամբ:
Մասնագիտական կրթության մասին օրենքն Ազգային ժողովում անցել է միայն 2-րդ
ընթերցում, որից բխելու է շուրջ 80 ենթաօրենսդրական ակտ: «Ամբողջ
փաստաթղթային մասը գրելու, ուսումնական պլանը կազմելու, չափորոշիչները
մշակելու եւ ներդնելու համար 6 տարի ժամանակ կպահանջվի: Դրանից հետո
հավանաբար միջին մասնագիտական կրթության համակարգն աստիճանաբար ոտքի
կկանգնի»,- կարծում է պրն Պիպոյանը:
Կրթության ոլորտի մասնագետների համար ցավալի է, որ հասարակությունը լավ չի
գիտակցում միջին մասնագիտական ուսումնական հիմնարկների եւ քոլեջների
իրական դերն ու նշանակությունը մասնագիտություն ստանալու հարցում: Թերեւս
այդ պատճառով էլ ԱԺ Կրթության, գիտության եւ երիտասարդության հարցերով
մշտական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանն այդ ուսումնական
հիմնարկների ղեկավարներին խորհուրդ է տալիս հեռուստատեսությամբ գովազդել
իրենց կրթօջախները: