Գործազրկության թրեյնինգներ Կապանում

03/03/2009 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Նոյեմբերյան գործադուլներից հետո Կապանում հարաբերական հանգստություն հաստատվեց: Եռամսյա հարկադիր պարապուրդի մեջ գտնվողները սպասում էին փետրվարի 19-ին, երբ հայտնի կդառնար իրենց կարգավիճակը: Սակայն փետրվարի 19-ը ոչ մի նորություն չբերեց. մարդիկ մնացին նույն կարգավիճակում, իսկ «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ-ի ղեկավարությունն այդպես էլ ասուլիս չհրավիրեց, ինչպես խոստացել էր ավելի վաղ: Չնայած արդեն մարտ ամիսն է, դեռեւս ընկերությունը որեւէ որոշում չի կայացրել: Ընկերության հասարակության եւ համայնքի հետ կապերի մասնագետ Ռուբինա Տեր-Մարտիրոսյանն ասում է, որ Կանադայում հավաքվել է մայր գործարանի` «Դանդի Պրեշիուսի» ղեկավարների խորհուրդը, որտեղ արդեն իրավիճակից դուրս գալու մի քանի տարբերակներ են ներկայացվել, բայց վերջնական որոշում դեռեւս չի կայացվել։ «Հավանականություն կա, որ գործարանը շարունակելու է աշխատել, բայց կոնկրետ չենք կարող ասել ժամկետ: Դա իսկապես ոչ մեկը չգիտի»,- ասում է Ռուբինա Տեր-Մարտիրոսյանը: Իսկ հարցին` թե հիմա ի՞նչ աշխատանքներ են տարվում գործարանում, նա պատասխանեց. «Ստորգետնյա աշխատողների համար թրեյնինգներ ենք կազմակերպում, բարելավում ենք հանքերը, էլեկտրական համակարգը, կատարում ենք հողային չափումներ: Ամեն դեպքում արվում է ամեն բան, որ եթե որոշեն աշխատանքներն սկսել, ժամանակ չկորցնենք»: Իսկ մինչ «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Ռոբերտ Ֆալլետտան կվերադառնա Մոսկվայից ու իրավիճակի մասին վերջնական տեղեկատվություն կտա, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը վստահեցնում է, որ ժողովուրդը տխրելու առիթ չի ունենա. «Հավատացնում եմ բոլոր ագարակցիներին ու կապանցիներին, որ կոմբինատներն աշխատելու են, թեկուզ առանց գերշահույթների, բայց պետք է աշխատեն անգամ փոքր շահույթների դեպքում: 1350 աշխատողից 900-ը հաստատ է աշխատելու»: Թե ի՞նչ կորոշեն գործարանի ղեկավարները, այդ մասին կոմբինատի ֆիլտրացիայի բաժնի աշխատակից Սոս Խաչատրյանը չգիտի, փոխարենն, արդեն երկու օր է, իրեն կանչել են աշխատանքի։ «Յոթ տարի է՝ աշխատում եմ կոմբինատում: Դեկտեմբերին ստացա հարկադիր պարապուրդի մասին ծանուցագիրը: Երկու ամիս է՝ վճարվում եմ ըստ նախատեսվածի` աշխատավարձի երկու երրորդի չափով, իսկ երկու օր առաջ կանչեցին աշխատանքի»,- ասում է աշխատակիցը: Հիշեցնենք, որ անցած տարվա նոյեմբերին Սյունիքի մարզ այցելած կառավարական պատվիրակության հետ բանակցությունների արդյունքում «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ-ի ղեկավարությունը պարտավորվեց, որ մինչեւ փետրվարի 19-ը գործարանում կրճատումներ չեն իրականացվելու: Իհարկե, ֆորմալ առումով դեռեւս կրճատումներ տեղի չեն ունեցել, սակայն գործարանի աշխատակիցների 40 %-ը կամ շուրջ 730 աշխատակից արդեն երեք ամիս գտնվում է հարկադիր պարապուրդում` ստանալով աշխատավարձի ընդամենը 2/3-ը: