Մարդիկ, ովքեր անտարբեր չեն ուրիշի ցավի նկատմամբ

03/03/2009 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Մեր թերթում տպագրված սոցիալապես անապահով ընտանիքների մասին հրապարակումներն, ինչպես միշտ, մեծ արձագանք են ստանում հասարակության տարբեր շերտերի կողմից: Մեր հրապարակումների հերոսներին նյութական մեծ աջակցություն են ցուցաբերում ինչպես առանձին անհատներ, կազմակերպություններ, կրթական հաստատությունների սաներ, այնպես էլ տնտեսվարող սուբյեկտներ, որոնցից շատերը պարզապես չեն էլ ցանկանում իրենց անունները հրապարակել:

Մենք, այնուամենայնիվ, մշտապես պատմում ենք սոցիալապես ծայրահեղ վատ պայմաններում, անօգնական մարդկանց ձեռք մեկնած քաղաքացիների եւ կազմակերպությունների մասին, քանի որ նրանք իսկապես արժանի են դրան: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ներկայացնող ՀՀ Առողջապահության (ԱՆ) նախարար Հարություն Քուշկյանը հետեւողականորեն արձագանքում է մեր այն հրապարակումներին, որոնցում արծարծվող խնդիրներն առնչվում են մարդկանց առողջությանը: ՀՀ ԱՆ աշխատակազմի ղեկավար Գագիկ Սայադյանն անմիջապես արձագանքեց մեր թերթում տպագրված «Ով աչք ունի` կտեսնի» հրապարակմանը: Հոդվածում պատմել էինք երեք երիտասարդ տղաների մասին, ովքեր վիրահատական միջամտության եւ ստացիոնար բուժման կարիք ունեին: Եվ նրանք տեղափոխվեցին «Էրեբունի» բժշկական կենտրոն եւ անվճար բուժօգնություն ստացան: Հիշեցնենք, որ տղաներից Անդրանիկը գլխուղեղի, ինչպես նաեւ՝ նյարդային համակարգի հետ կապված խնդիրներ ուներ, Գեւորգը ճողվածքի պատճառով վիրահատման ենթակա էր, ինչի հետեւանքով անաշխատունակ էր դարձել, իսկ Արմենի տեսողությունն աչքերի անսպասելի շլությունից հետո կտրուկ վատացել էր: ԱՆ նախարարությունն, ինչպես միշտ, անմիջապես արձագանքեց նաեւ «Մարմնով` հիվանդ, հոգով` վիրավոր» եւ «Ես ու որդիս ծանր հիվանդներ ենք, բայց շուտով մեզ փողոց են շպրտելու» հոդվածներին: ԱՆ աշխատակազմի ղեկավար Գ. Սայադյանը բժշկական խումբ ուղարկեց հինգ երեխաների մայր Սրբուհի Խալաթյանի տուն: Հետազոտման արդյունքում բժիշկները պարզել էին, որ լսողության խնդիր ունեցող Արայիկին նույնպես անհրաժեշտ է վիրահատել, քանի որ տղան կանգնած է լսողությունը ընդմիշտ կորցնելու վտանգի առջեւ: Գ. Սայադյանն անմիջապես կապվեց «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոնի տնօրենի հետ եւ հանձնարարեց նախապատրաստվել Սրբուհի Խալաթյանին եւ Արայիկին վիրահատելու համար: Տիկին Սրբուհին օրեր առաջ տեղեկացրեց, որ հարբուխով հիվանդ է եւ ապաքինվելուց անմիջապես հետո որդու հետ կտեղափոխվի հիվանդանոց: «Անչափ շնորհակալ եմ պրն Քուշկյանից եւ պրն Սայադյանից: Ինձ կանչեցին նախարարություն, մանրամասն հարցուփորձ արեցին, եւ իմ ներկայությամբ Գ. Սայադյանը զանգահարեց հիվանդանոցի տնօրենին, հանձնարարեց, որ ինչպես հարկն է մեզ ընդունեն: Իրենք հիմա պատրաստված մեզ սպասում են, պարզապես ես հիվանդ եմ, չի կարելի էս վիճակում նարկոզ ստանալ»,- մեզ հետ զրույցում ասաց տիկին Սրբուհին, ով ապշել էր բժիշկների այդ ուշադրությունից եւ հոգատար վերաբերմունքից:

«168 Ժամի»` «Ես ու որդիս ծանր հիվանդներ ենք, բայց մեզ շուտով փողոց են շպրտելու» հրապարակման հերոսուհի, 27 տարեկան Էլմիրա Հակոբյանը երկու օր առաջ «Էրեբունի» բուժկենտրոնում վիրահատվել է: Հիշեցնենք, որ վերջինիս մոտ թունավոր զոբ էր առաջացել, ինչի հետեւանքով երիտասարդ կինն արդեն արյուն էր փսխում, սակայն թանկ վիրահատության պատճառով նա չէր դիմում բժշկական միջամտության: Գ. Սայադյանը նաեւ ընդունել էր Էլմիրային եւ «Էրեբունի» բուժկենտրոնի տնօրենի հետ կապվելով` անմիջապես հանձնարարել էր վիրահատել: Անապահով ընտանիքների մասին հրապարակումներին, ինչպես միշտ, արձագանքել է նաեւ «Օրրան» կենտրոնի հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը: «Օրրանի» սոցիալական աշխատողները երեկ ստուգայց են կատարել «168 Ժամի»` «Ահազանգեք, որ ամեն ինչի համար կաշառք են պահանջում», «Համբալություն կանեմ, բայց մարմնավաճառությամբ չեմ զբաղվի» հրապարակումների հերոսների տներ: Բացի այն, որ այս ընտանիքներին արկղերով հագուստ եւ սնունդ են տրամադրել, «Օրրանի» աշխատակիցները նաեւ տվյալներ են ճշտել այս ընտանիքներին հետագայում իրենց մշտական շահառուները դարձնելու համար: Ի դեպ, «168 Ժամում» տպագրված որոշ ընտանիքների, արդեն մեկ տարի է, Ա. Հովհաննիսյանը ամսական 100 դոլարին համարժեք օգնություն է տրամադրում: Մեր թերթի` «Մարդիկ աշխատանք են փնտրում» հրապարակմանն իսկույն արձագանքեց Շիրակի մարզի Թալին քաղաքից Հակոբ անունով մի գործարար: Վերջինս Թալինում բենզալցակայանի եւ ռեստորանային համալիրի սեփականատեր է եւ հրապարակման հերոսուհի Էլմիրա Շահնազարյանին աշխատանք է առաջարկել: Բացի այն, որ մեր հրապարակումից հետո տիկին Էլմիրան ռեստորանում լավ պայմաններով աշխատանք ունեցավ, ավելին` Հակոբը նաեւ նրան կացարան է տրամադրել ամեն օր Երեւանից Թալին չհասնելու համար: Ի դեպ, գործարարը մեզ նաեւ առաջարկել է աշխատանքի խնդիր ունեցող մեր հերոսների համար այսուհետ իրեն դիմել:

«168 Ժամի»` «Ինչպե՞ս ապրել» հրապարակման մեջ ներկայացված Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղում բնակվող 10 երեխաներ ունեցող բազմանդամ ընտանիքին բավական մեծ աջակցություն են ցուցաբերել Երեւանի պետական համալսարանի Ռոմանո-գերմանական ֆակուլտետի ուսանողները: Օրեր առաջ մեզ զանգահարեցին ուսանողները եւ այս ընտանիքի տվյալները ճշտելով` ասացին, որ ցանկանում են օգնություն ցուցաբերել: Երեկ 10 երեխաների մայր Նելլիից տեղեկացանք, որ համալսարանի ուսանողները գնալով Ողջաբերդ` արկղերով հագուստ եւ սնունդ են փոխանցել երեխաներին: Վերջիններս Նելլիից ճշտել են, թե ինչի՞ կարիք ունեն, եւ խոստացել են մի քանի օրից կրկին գնալ նրանց տուն` ավելի մեծ օգնություն տրամադրելու նպատակով: Հետաքրքիրն այն է, որ ուսանողներից մեկը նույնիսկ մեզ պատմեց, որ պատրաստ են գումար հավաքել եւ Նելլիենց բնակարանն իրենց ուժերով վերանորոգել: Մեր թերթի սոցիալական ոլորտի մասին հրապարակումները օրեր առաջ խնդրեցին իրենց տրամադրել մայրաքաղաքի դպրոցներից մեկի աշակերտները: Դպրոցի տնօրենի եւ աշակերտների նախաձեռնությամբ ակցիա է կազմակերպվում, որի շրջանակներում աշակերտները եւ մանկավարժները սոցիալապես անապահով ընտանիքներին ցանկանում են օգնություն ցուցաբերել: Մեզ փոխանցեցին, որ վերջիններս մեծ քանակությամբ հագուստ եւ խաղալիքներ են նախապատրաստել, որպեսզի նման ընտանիքներին այցելելու ժամանակ փոխանցեն նրանց: Այս հետաքրքիր ակցիային մենք անպայման կմասնակցենք եւ կլուսաբանենք: