Դիմորդների թիվը չի ավելանա

03/07/2005 Հասմիկ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Ինչպես նախորդ տարի, այս տարի նույնպես ակնկալվում է, որ հայաստանյան
բուհերի դիմորդների թիվը կլինի մոտ 18.000: ՀՀ կառավարության որոշմամբ՝
մեր բուհերում պետպատվերով ուսանելու հնարավորություն կունենա 4117
ուսանող, իսկ վճարովի համակարգում՝ 5658:
Հունիսի 15-ից սկսված ընդունելության փաստաթղթերի ընդունման գործընթացը
կշարունակվի մինչեւ հուլիսի 15-ը: Կրթության եւ գիտության նախարարության
մասնագիտական կրթության բաժնի պետ Սասուն Մելիքյանը տեղեկացրեց, որ մինչ
այժմ դիմել է շուրջ 200 ուսանող: «Հուլիսի 1-ից դիմորդների թիվը կավելանա,
քանի որ դպրոցներում ատեստատներն արդեն բաժանվել են»,- ասում է նա: Բուհի
ընտրության հարցում դիմորդների ավանդական նախապատվությունների
փոփոխություն այս տարի եւս չի սպասվում: Պայքարը սովորաբար մեծ է Երեւանի
Պետական համալսարանի Օտար լեզուներ, Տնտեսագիտություն, Կիրառական
մաթեմատիկա, Իրավագիտություն, Միջազգային հարաբերություններ բաժիններ
ընդունվելու համար:
Բուհերում այս տարի նախատեսված է 130 պահուստային տեղ՝ առաջին, երկրորդ
խմբի եւ մանկուց հաշմանդամ դիմորդների, զոհված ազատամարտիկների երեխաների
համար: Նրանք դրական միավորներ ստանալու դեպքում ընդունվում են բուհ եւ
սովորում անվճար: «Այդ տեղերը հիմնականում լրացվում են»,- ընդգծում է պրն
Մելիքյանը:
Առանց ընդունելության քննության բուհ են ընդունվում միջազգային օլիմպիական
մրցույթներում հաղթած դիմորդները, ինչպես նաեւ՝ աշխարհի առաջնություններին
մասնակցած սպորտսմենները:
Սփյուռքահայ դիմորդների համար Հայաստանի բուհերում նախատեսված է 70 տեղ:
Վերջիններս, ըստ Ս. Մելիքյանի, հիմնականում ընտրում են մանկավարժական,
հայագիտական մասնագիտություններ:
Ուսման վարձերի չափերը հիմնականում պահպանվել են, գների աճ է եղել միայն
մի քանի բուհերում: Մասնավորապես, Տնտեսագիտական ինստիտուտում՝ 30-50.000
դրամի չափով:
Ընդունելության քննությունների անցկացման կարգում կատարված էական
փոփոխություններից առանձնացվում է դիմորդի ստացած գնահատականի տասնորդական
միավորների պահպանումը: Այսինքն, դիմորդի ստացած 18,2 միավորն այդպես էլ
պահպանվում է: Դիմորդն ունի բողոքարկման 2 հնարավորություն՝ առաջինի
դեպքում՝ 24 ժամվա ընթացքում նա կարող է դիմել բուհի պատասխանատու
քարտուղարին, որի չգոհացնող պատասխանի դեպքում՝ բողոքարկել Հանրապետական
ընդունող հանձնաժողովի անկախ փորձագետներին:
Շուտով Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում ստեղծվելու է Հանրապետական
ընդունող հանձնաժողով, եւ դիմորդներն իրենց խնդիրներով ու հարցերով կարող
են դիմել նրան:
Օտարերկրյա ուսանողների համար ընդունելության գործընթացը սկսվելու է
օգոստոսի 20-ից եւ, ինչպես տեղեկացրեց Միջազգային համագործակցության եւ
սփյուռքի վարչության պետի տեղակալ Սերգեյ Սարգսյանը, դիմողների ընդհանուր
քանակը պարզ կլինի միայն նոյեմբերի 15-ին: Երեւանյան եւ՛ պետական, եւ՛
մասնավոր բուհերը նախընտրելի են Հնդկաստանի, Իրանի, Սիրիայի, Ռուսաստանի,
Վրաստանի քաղաքացիների համար: