Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ երեկ առավոտյան «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում վաճառվել է շուրջ 40 միլիոն դոլար, որի վաճառքի գործարքները ժամը 11։30-ի սահմաններում չեղյալ են հայտարարվել։ Մեր տեղեկություններով, դոլարը վաճառվել էր դեռեւս «ֆիքսված»` 1 դոլարի դիմաց 305 դրամ փոխարժեքով: Ֆոնդային բորսայում արդեն կատարված գործարքը չեղյալ հայտարարելու պրակտիկա աշխարհում գոյություն չունի ու, ինչպես եւ կարելի էր սպասել, երեկ պաշտոնապես այս տեղեկությունը հերքել են: ԿԲ Ֆինանսական վարչության պետ Արթուր Նախշիկյանը մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ տեխնիկական անսարքության պատճառով ժամը 11։30-ի սահմաններում բորսայում առեւտուրը կասեցվել է եւ վերականգնվել է ժամը 13։00-ին մոտ` անսարքությունը վերացնելուց հետո։ «Պատճառը զուտ տեխնիկական է։ Նման դեպքեր նախկինում էլ եղել են, երբ անսարքության պատճառով ընդմիջում է հայտարարվել։ Դա նորմալ պրոցեդուրա է»,- ասել է Ա. Նախշիկյանը` հերքելով նաեւ գործարքի ծավալի` 40 մլն դոլարի մասին տեղեկությունը: Իսկ ԿԲ-ի երեկվա հաղորդագրության համաձայն, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում իրականացվել է 22,555,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք՝ 305.00 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Իսկ արտարժույթի հետ կապված աժիոտաժը երեկ շարունակվում էր, մասնավորապես մեծ թվով ֆիզիկական անձինք փորձում էին բանկերում իրենց դրամային հաշիվները վերածել դոլարային հաշիվների: Տարադրամի փոխանակման կետերում կրկին դոլար չէին վաճառում, իսկ սեւ շուկայում մեկ դոլարի գինը, ինչպես եւ նախորդ օրը, կազմում էր 320 դրամ: