Գործերը լավ չեն

01/03/2009

Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ ՌԴ-ում Հայաստանի դեսպանատանը հանդիպել է Ռուսաստանում գործունեություն ծավալող ավելի քան 100 հայազգի գործարարների հետ: Ընդամենը մեկ ամիս առաջ լավատեսական տրամադրություններ հաղորդող Տ. Սարգսյանը հայազգի գործարարներին ասել է, որ ճգնաժամի արդյունքում կրճատվել են Հայաստանից արտահանման ծավալները, արտաքին տրանսֆերտները, սոցիալական վիճակը վատանում է, գործազրկությունն աճում է, եւ այլն: «Այսօր շատ է դժվարացել ապագայի հետ կապված սեփական դիրքորոշման կառուցումը»,- հայտարարել է նա: Ավելի ուշ Տ. Սարգսյանը հանդիպել է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ հանդիպման վերաբերյալ հաղորդվում է միայն, որ քննարկվել են նաեւ ՌԴ-ի կողմից տրամադրվելիք 500 մլն դոլարի վարկին առնչվող հարցեր: Հիշեցնենք, որ ըստ որոշ լուրերի, որոշակի խնդիրներ են առաջացել այդ վարկի պայմանագրի շուրջ, որը դեռեւս միայն նախաստորագրվել է: Տ. Սարգսյանի այցը կապվում է առաջին հերթին այդ խնդիրների հետ: