ՀՀ Ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը երեկվա ասուլիսում հայտարարել է, որ Երեւանի Կենտրոնի թաղապետ Գագիկ Բեգլարյանի թիկնապահների կողմից թիվ 114 դպրոցի աշակերտին ծեծի ենթարկելու վերաբերյալ շրջանառվող լուրերը չեն համապատասխանում իրականությանը: «Գ. Բեգլարյանի տղան այդ օրը դպրոցում աշակերտներից մեկի հետ խոսակցություն է ծավալել, սակայն վիճաբանության չի բռնվել, ծեծկռտուքի մեջ չի ներքաշվել: Գ.Բեգլարյանն էլ իր թիկնազորին դպրոց չի ուղարկել»,- ասաց Ա. Սարգսյանը` պատճառաբանելով, թե «այդ օրը շտապ օգնության մեքենա է եկել դպրոց, քանի որ տնօրենի առողջական վիճակն էր վատացել»: Ըստ Ա.Սարգսյանի` ՀՀ նախագահի հանձնարարականով մեկ օրվա ընթացքում ինքը 5 անգամ ստուգել է տարածված տեղեկատվությունը: «Մարդիկ են ուղարկվել դպրոց, ովքեր առանձնազրույց են ունեցել եւ՛ տնօրենի, եւ՛ աշակերտների հետ ու պարզել, որ նման միջադեպ տեղի չի ունեցել»,- ասաց նա: