«Եթե Սուքիաս Ավետիսյանը ներողություն չխնդրի, ապա մենք պարտավոր ենք լինելու դրան տալ իրավական մի ինչ-որ լուծում, որովհետեւ «Ժառանգության» կողմից որեւէ մեկը, որեւէ հարցով նախագահի մոտ չի վազել»,- երեկ հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը: Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը հայտարարել էր, որ` թեեւ ընդդիմադիր պատգամավորները պարբերաբար ընդգծում են, որ ՀՀ նախագահը լեգիտիմ չէ, սակայն հենց ինչ-որ խնդիր է ծագում, անմիջապես «վազում են նրա դուռը` համագործակցության»: «Այն, ինչ մղձավանջային երազներում տեսնում է այդ անձը (Ս. Ավետիսյանը), չի համապատասխանում իրականությանը: Ընդհանրապես ձմեռային այս քառօրյան նկատելիորեն տարբերվում է այն առումով, որ ՀՀԿ-ական կուսակցության որոշ անդամներ իրենց պահում են ոչ քաղաքավարի, իսկ սա նշանակում է, որ նրանք իրենց մեջ մեղքի այնպիսի զգացում ունեն, որ նման անճոռնի հարձակումները համարում են լավագույն պաշտպանությունը: Մենք «մայլի տղայի» մակարդակով այդ զրույցների մեջ չենք մտնելու»,- ասել է Լ. Ալավերդյանը: